Ավարտվող տարին լի էր բազմաթիվ իրադարձություններով, որոնք ուղեկցվեցին փաստերի աղավաղմամբ, տարատեսակ կեղծիքներով ու մանիպուլյացիաներով։
«Փաստերի ստուգման հարթակն» իր ընթերցողին է ներկայացնում տարվա առավել ուշագրավ բացահայտումները։
Ձմեռային փաստեր
Տարվա սկզբին պարզեցինք, որ լրատվամիջոցներում շվեյցարական Berner Zeitung թերթի «Հայաստանը քաղում է հեղափոխության պտուղները» վերնագրով հոդվածը, որտեղ դրական անդրադարձ էր արվում ՀՀ կառավարության գործունեությանը, ամենևին էլ պատվիրված չէր։ Նույն ժամանակահատվածում տարածվում էին նաև լուրեր, թե իբր Ռուսաստանի նորանշանակ վարչապետ Միխայիլ Միշուստինը հայ է, ինչը, սակայն, այդպես չէր։
Հունվարի վերջին վարչապետը հանրությանը ներկայացրել էր Հայաստանի մասին փաստերի երրորդ հարյուրյակը, որը ստուգելու արդյունքում պարզեցինք, որ ներկայացված փաստերի զգալի մասը ճիշտ էր։ Փաստերից մի քանիսն էլ, սակայն, դժվար էր անվանել փաստ կամ առհասարակ՝ ստուգել, ինչպես, օրինակ, պնդումը, թե Լոս Անջելեսի Գրանդ Փարքում 2019 թ. սեպտեմբերի 23-ին ՀՀ վարչապետի հրավիրած հանրահավաքին մասնակցել է մոտ 20,000 մարդ։
«Իմ ձայնը» նախագիծը հրապարակել էր WikiLeaks կայքում տեղադրված ԱՄՆ դիվանագիտական գաղտնազերծված հեռագրերի թարգմանությունը Մարտի 1-ի մասին։ Fip.am-ի ուսումնասիրությունը ցույց տվեց, որ «Իմ ձայնը» նախագիծը թարգմանության ընթացքում թույլ էր տվել մի շարք կարևոր սխալներ և չէր ներկայացրել հեռագրերում առկա էական տեղեկությունները, առանց որոնց խեղվում էր հեռագրերի բովանդակությունը։
Ի դեպ՝ Մարտի 1-ի մասին։ Մենք պարզեցինք, որ ի հակառակ ՀՀԿ երիտթևի ղեկավար Հայկ Մամիջանյանի հայտարարության՝ նախորդ իշխանությունների օրոք Մարտի 1-ի զոհերից 3-4-ի սպանությունը չէր բացահայտվել։
Մեր ուսումնասիրությունները ցույց էին տվել նաև, որ վարչապետի պնդումը, թե կառավարությունը մեծացրել է տեղական հանրաքվեների ինստիտուտների դերը, մանիպուլյատիվ է, քանի որ այդպիսի հանրաքվեներ տեղի են ունեցել նաև անցյալում։
Պարզեցինք նաև, որ նախկին իշխանությունների օրոք կնքված վարկային համաձայնագրերի շնորհիվ էին նոր իշխանությունները ձեռք բերել սպառազինության մի շարք տեսակներ, որոնք, սակայն, փորձում էր վերագրել միմիայն իրենց։
Մենք պարզել էինք նաև, որ Հայաստան եկող-գնացողների մասին վարչապետի, ԱԱԾ-ի ու ԱՎԿ-ի ներկայացրած ցուցանիշները էականորեն տարբերվում են միմյանցից։ Վարչապետը, ի դեպ, այս թեմայով իր գրառումը ջնջելուց հետո խոստացել էր հետագայում հրապարակել ճշտված տվյալները, բայց, չգիտես ինչու, այդպես էլ չհրապարակեց։ Ուշագրավ է, որ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի պնդումներն էլ, թե Հայաստան մեկնածների ու ժամանածների դրական սալդոն հնդիկների «հաշվին» է, սուտ դուրս եկան։
Նույն այս ընթացքում Ալեն Սիմոնյանն էլ պնդում էր, թե 2018 թ. ապրիլին ոստիկանությունը քաղաքացիների դեմ կիրառել էր նույն նռնակները, որոնցից Մարտի 1-ին մարդիկ էին զոհվել, ինչը, սակայն, այդպես չէր։
Մենք ուսումնասիրեցինք նաև Երևանի քաղաքապետարանի գնումների պատմությունն ու պարզեցինք, որ մեկ անձով կատարված գնումների ավանդույթը, ցավոք, շարունակվում է։
Կորոնավիրուս
Մարտ ամսին Հայաստան ներթափանցած կորոնավիրուսն իր հետ բերեց նաև դրա դեմ պայքարի սխալ մեթոդների, կեղծ լուրերի, մանիպուլյացիաների և դավադրությունների տեսությունների մի հսկայական փունջ։ Մենք պարզեցինք, որ տաք ջուրը, սխտորն ու սալը, կծու ուտելիքը, կոճապղպեղը, ծխելը և այլ «ժողովրդական բուժման մեթոդները» կորոնավիրուսի կանխման կամ բուժման համար արդյունավետ չեն։ Իտալիայի նախագահի խոսքերն էլ այն մասին, թե Իտալիան կզոհաբերվի հանուն քաղաքացիների, աղավաղված էին, խեղաթյուրված էր նաև Ֆրանսիայի նախագահի հայտարարությունը։
Կորոնավիրուսի թեմայով ապատեղեկատվություն տարածելուց զերծ չմնաց նաև վարչապետը, որը հայտարարեց, թե առողջանալուց հետո անձը 1 տարով իմունիտետ կունենա։ Այս պնդումը, սակայն, զուրկ էր գիտական հիմնավորումից։
Վարչապետը նաև հայտնել էր, որ Հայաստանում գործում է բժշկական դիմակ արտադրող ընկերություն, ինչին ի պատասխան ընդդիմադիրները շտապել էին հայտարարել, թե նման արտադրություն գոյություն չունի։ Սակայն մենք մեր աչքով տեսանք, որ գործարանը կա և ավելին՝ գործում է արդեն 5 տարի։
Մենք համեմատեցինք նաև կորոնավիրուսի բացասական սոցիալական հետևանքները հաղթահարելու համար Հայաստանի և Վրաստանի կառավարությունների տրամադրած աջակցությունները կոմունալ վարձավճարների մասով և տեսանք, որ հայրենի կառավարության աջակցությունը մոտ 8․5 անգամ զիջում է հարևան երկրի ցուցանիշին։
Գարնանային փաստեր
Կորոնավիրուսով ծանրաբեռնված գարնան ընթացքում մենք նաև բացահայտեցինք, որ Աջափնյակի նորանշանակ թաղապետն ու թաղապետարանում աշխատող, իր հետ փոխկապակցված անձինք ժամանակին սերտ կապերի մեջ էին Հանրապետական կուսակցության հետ և հայտնի էին կոռուպցիոն գործարքներով ու ցուցարարներին ծեծելով։
Բացատրեցինք նաև, որ ամեն տարի ապրիլի 24-ին ընդառաջ համացանցում տարածվող տեսանյութը, թե ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նվագում է «Ադանայի ողբը», հասարակ մոնտաժի արդյունք է։ Պուտինը, ցավոք կամ բարեբախտաբար, երբևէ չի նվագել «Ադանայի ողբը»։
Մենք գնացինք նաև Նիկոլ Փաշինյանի և Արմեն Աշոտյանի իրարամերժ հայտարարությունների հետքերով և պարզեցինք, որ հայկական ավիաընկերությունները, այնուամենայնիվ, զբաղվել են զենքի տեղափոխմամբ։ Նիկոլ Փաշինյանը, ինչպես ասում են, ճիշտ էր, Աշոտյանը՝ սխալվեց։
Սակայն Փաշինյանը սխալվեց մեկ այլ հարցում, երբ հայտարարեց, որ բոլոր ուսուցիչների աշխատավարձի նվազագույն չափը բարձրացվել է մինչև 108 հազար դրամ։ Իրականում այդքան գումար ստանում են միայն մեկ դրույքով աշխատող ուսուցիչները։ Տեսանք նաև, որ վարչապետի խոստումը, թե «Շիրակ» հեռուստաընկերությունում ներդրումներ կարվեն, գրվեց սառույցին։
Տարին զերծ չմնաց նաև հերթական միջազգային կոնվենցիայի մասին քննարկումներից ու դրա տարատեսակ մեկնաբանություններից։ Այս անգամ ուշադրության կենտրոնում Լանսարոտեի կոնվենցիան էր, ինչպես նաև դրա ակտիվ ընդդիմադիրներ Գևորգ Պետրոսյանը ու Գևորգ Դանիելյանը։ Fip.am-ը պարզեց, որ այս երկու գործիչները ժամանակին, երբ զբաղեցնում էին սոցապ և արդարադատության նախարարների պաշտոնները, ոչ միայն դեմ չէին կոնվենցիային, այլև ստորագրում էին, որ դրա ընդունումը նպատակահարմար է։
Մայիս ամսին, երբ ակնհայտորեն լարվեցին «Իմ քայլը» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունների հարաբերությունները, Ալեն Սիմոնյանը հայտարարեց, որ Էդմոն Մարուքյանը կողմ է քվեարկել նախորդ կառավարությունների բերած բոլոր բյուջեների նախագծերին և դեմ՝ Նիկոլ Փաշինյանի կառավարության բյուջեներին։ Երբ ցույց տվեցինք, որ Սիմոնյանի այս հայտարարությունը չի համապատասխանում իրականությանը, վերջինս մեկ այլ հայտարարությամբ պնդեց, թե Մարուքյանը կողմ է քվեարկել ոչ թե նախորդ կառավարության բյուջեների նախագծերին, այլ հենց կառավարության ծրագրերին։ Զարմանալի է, բայց այս անգամ ևս Ալեն Սիմոնյանը սխալվում էր։
Միքայել Մինասյանի բլոգը
Տարվա կեսին ակտիվացավ Վատիկանում Հայաստանի նախկին դեսպան, երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանը, որը խոհանոցային բլոգի ֆորմատով փորձեց ապացուցել, որ այս իշխանությունները սիգարետի, ադամանդի և մետաղի ջարդոնի ապօրինի բիզնեսների մեջ են թաթախված։ «Փաստերի ստուգման հարթակը» փաստերով ապացուցեց, որ այս պնդումները ոչ միայն չէին համապատասխանում իրականությանը, այլ նաև շատ հաճախ տրամաբանության սահմաններից դուրս էին։
Ի դեպ՝ ապացուցեցինք նաև, որ Մինասյանի մերձավորներից մեկի՝ Արմեն Պետրոսյանի գրառումը, թե Նիկոլ Փաշինյանը Կանադայում մի քանի միլիոն դոլարանոց առանձնատուն է գնել, հասարակ կեղծիք է, իսկ տունը, որը ներկայացվում էր որպես վարչապետի նոր ձեռքբերած սեփականություն, գտնվում էր ԱՄՆ-ում և վերջին անգամ վաճառվել էր 2013 թվականին։
Ամառային բացահայտումները
Ամառվա ընթացքում պարզեցինք, որ նախկին տեսքով Երիտասարդական պալատը վերականգնելու նախագիծ չկա։ Չկա նաև տարիներ շարունակ խոստացված Արմավիրի աղբի վերամշակման գործարանը։
Չկար նաև դիմակ վարչապետի դեմքին Շուշիում Արցախի նախագահի երդմնակալության խնջույքի ժամանակ, այնինչ Փաշինյանն այդ օրերին Ֆեյսբուքում ակտիվորեն տարածում էր դիմակներ չկրող քաղաքացիների նկարներ։
Մենք պարզեցինք, որ իշխանությունները Գագիկ Ծառուկյանի բերած 20 մլրդ դոլարի ներդրումից հրաժարվել են ոչ թե վերջինիս հետ վատ հարաբերությունների պատճառով, այլ որովհետև «Պետական պարտքի մասին» օրենքը թույլ չի տալիս նման մեծ ներդրումային ծրագիր ընդունել։
Ի դեպ գումարների մասին։ Մենք պարզեցինք, որ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի պնդումն այն մասին, թե իր հրաժարականից հետո պետբյուջե գումար չի վերադարձվել, ճիշտ չէ։ Իսկ մեր հետաքննությունը ցույց տվեց, որ Զեյթունի այգին տարիներ շարունակ չնչին գներով վարձակալում է Արցախի նախկին փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը։ Պարզեցինք նաև Ֆիրդուսի թաղամասի ներդրողներին, իսկ վարչապետի կողմից խոստացված 100 մլն դոլար ներդրումային ծրագիրը, որով ֆոտովոլտային մարտկոցների գործարան պետք է բացվեր, այդպես էլ կյանքի չկոչվեց։ ՀՔԾ աշխատակազմի ղեկավարի ընկերությունն այս տարի ևս հայտնվեց կառավարության արտոնյալների ցանկում։ Ընկերությունը կառավարության հովանու ներքո բազմաբնակարան համալիր կկառուցի։
Տավուշում հուլիսին հայ-ադրբեջանական սահմանային բախումների ժամանակ եղանք հրետակոծությունից տուժած Չինարի գյուղում, ցույց տվեցինք, որ հայ-ադրբեջանական բախումները Հայաստանի տարածքում են եղել, Ադրբեջանն էլ թիրախավորել էր խաղաղ բնակչությանն ու բնակավայրերը։
Երկու մասով անդրադարձանք բազմիցս քննարկված «Գույք՝ պարտքի դիմաց» պայմանագրերին ու Ռուսաստանին փոխանցված ռազմավարական օբյեկտների ցանկին՝ առաջին անգամ հրապարակելով կնքված պայմանագրերը։
Անդրադարձանք նաև նախկին պատգամավոր Մհեր Սեդրակյանի ու իր ընտանիքի «հալալ քրտինքով» ձեռք բերված տներին ու հողերին՝ պարզելով, որ «Վարդավառ» զբոսայգու տարածքի մի մասը Սեդրակյանը թաղապետ լինելու ժամանակ օտարել է հարազատներին։ Հայտնաբերեցինք նաև, որ գործարար Խաչատուր Սուքիասյանը Երևանի կենտրոնում հող էր զավթել ու երկար ժամանակ ապօրինի շինարարությունն էր իրականացնում հենց քաղաքապետարանի քթի տակ։ Իսկ արդեն պաշտոնից ազատված գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանի՝ երկու տարվա պաշտոնավարման ամփոփման արդյունքում նկատեցինք, որ այդպես էլ չկառուցվեցին մետրոյի «Աջափնյակ» կայարանը, Նոր Նորքը կենտրոնին կապող ճոպանուղին, իսկ ապօրինի շինարարությանն ու հողազավթմանը այդպես էլ վերջ չտրվեց։
Իսկ ահա երկրորդ նախագահը շարունակում էր հարցազրույցներ տալ ու անել պնդումներ, որոնք այդքան էլ ճիշտ չէին։ Օրինակ, ի հեճուկս նախագահ Քոչարյանի պնդումների, նախկինում լրագրողներին լավ էլ ծեծել են, իսկ Սորոսի հիմնադրամը 1997-ից Հայաստանում գրասենյակ ունեցել է։
Պատերազմ
Պատերազմի նախօրեին մենք պատրաստել էինք Ադրբեջանի ու Թուրքիայի ռազմական օդուժի ակտիվ տեղաշարժի մասին մանրամասն ուսումնասիրություն, իսկ պատերազմի առաջին իսկ օրը հրապարակված մեր նյութում գրել էինք, թե ինչպես էր Ադրբեջանը պատրաստվում պատերազմին։
Պատերազմի առաջին իսկ օրից «Փաստերի ստուգման հարթակը» ակտիվորեն զբաղվում էր Արցախում ու Հայաստանի տարածքում Ադրբեջանի կողմից պատերազմական հանցագործությունների վերաբերյալ ապացույցների ու փաստերի հավաքմամբ, մշակմամբ ու հրապարակմամբ, ադրբեջանական կեղծ լուրերի դեմ պայքարով, ինչպես նաև Իլհամ Ալիևի կողմից տարբեր հարցազրույցներում տարատեսակ կեղծ պնդումների ու հայտարարությունների փաստական անճշտությունների ու կեղծիքի հայտնաբերմամբ։
Մենք ցույց տվեցինք, որ Ադրբեջանի զինուժը թիրախավորում է Հայաստանի և Արցախի խաղաղ բնակավայրերը, օգտագործում արգելված զինատեսակներ՝ սպիտակ ֆոսֆոր, կասետային ռումբեր և այլն։
Պատերազմի ողջ ընթացքում Ադրբեջանը նպատակ էր հետապնդում խուճապ տարածել հայկական մեդիա տիրույթում, իսկ հայկական զինված ուժերի գործողությունները միջազգային մամուլում ներկայացնել որպես պատերազմական հանցագործություններ։ Ռուսերեն և անգլերեն թարգմանված հոդվածներով մենք այդ օրերին ցույց էինք տալիս, որ, օրինակ, հայկական կողմը պատերազմում երեխաների չի ներգրավում, հայկական կողմից վարձկաններ չեն կռվում, Բերձորի հիվանդանոցը ռազմական նպատակներով չի օգտագործվում, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը վիրավոր չէ և այլն և այդպես շարունակ։
Այս մեդիահարձակումներն ու դաշտ նետվող լուրերը շատ հաճախ հասնում էին աբսուրդի մակարդակի, երբեմն էլ բավական զավեշտալի էին ստացվում։ Օրինակ՝ մի դեպքում հայտարարում էին, որ իրենց հաջողվել է սպանել ԱՀ ՊԲ նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանին, իսկ դրանից մի քանի օր անց նույն Ադրբեջանի գլխավոր դատախազությունը հայտարարում էր հետախուզում իրենց իսկ կողմից «սպանված» Ջալալ Հարությունյանի նկատմամբ։
Ադրբեջանի Պաշտպանության նախարարության թվիթերյան օգտահաշիվը տեղադրում էր Սմերչի արկի լուսանկար՝ հայտարարելով, թե այն հայերի կողմից կրակված «Տոչկա-Ու»-ի հրթիռ է։ Հրապարակում էին հայկական կողմի զոհերի «բացահայտված» ցուցակ, որի ուսումնասիրությունից պարզ էր դառնում, որ բացի հայկական կողմի հրապարակած զոհերի անուններից, մնացած ամեն ինչ կեղծ է, ինչպես օրինակ՝ 250 զոհված կանայք, 3 «ԲՀԿ» կամ 19 «Երբեք» անուններով երիտասարդները և այլն։
Սակայն ադրբեջանական մեդիայի կեղծիքները բավական թույլ էին՝ Իլհամ Ալիևի կողմից գրեթե ամեն օր տարբեր միջազգային լրատվամիջոցներին տրվող հարցազրույցների ընթացքում ասվող ստերի ու կեղծ լուրերի համեմատ։ Մենք պարզել ու թարգմանաբար ներկայացրել էինք, որ հակառակ Ալիևի պնդումների՝ արցախյան առաջին պատերազմի հետևանքով տեղահանվել է ոչ թե 700 հազար, այլ առավելագույնը 400 հազար ադրբեջանցի։ Հակառակ Ալիևի այլ պնդումների՝ ապացուցել էինք, որ Ադրբեջանում բնակվում են ոչ թե տասնյակ հազարավոր հայեր, այլ ընդամենը մի քանի տասնյակ։
Մի խոսքով՝ հավաքել էինք Ալիևի կողմից առավել հաճախ հնչեցվող ստերի Թոփ 5-ը։
Պատերազմից հետո
Պատերազմի ավարտից հետո, բնականաբար, կեղծ լուրերը վերաբերում էին հենց պատերազմին ու դրա հետևանքներին։
Դրանցից էին՝ Շուշի-Նախիջևան երկաթգծի կառուցման, Շուշիի մերձակայքից գտնված 2000 մարմինների, ռուսերենին Արցախում պետական կարգավիճակ տալու, Վարդենիս քաղաքում ադրբեջանցիների հայտնվելու, Ջերմուկի մոտակայքում ադրբեջանական զորամաս կառուցելու և այլնի մասին լուրերը։
Պարզեցինք, որ Ֆրանսիան և ԱՄՆ-ն չեն պահանջել հետ վերադարձնել հայկական կողմին Հադրութը, Մարտունին, Շուշին և ներկայում ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող այլ տարածքներ, իսկ տարածվող լուրերը, թե կառավարությունը որոշել է զոհված և վիրավոր ոստիկանների ընտանիքներին փոխհատուցում չտրամադրել, սուտ էին։
Իսկ այդ ընթացքում մի քանի քաղաքացիներ հայտարարեցին, որ իշխանությունների ֆեյքերի ֆաբրիկա են բացահայտել, սակայն պարզվեց, որ այդ գրասենյակը «Ինգո Արմենիայինն» է, ինչը հաստատեց ընկերության փոխտնօրեն Արշակ Ղազարյանը։
Մենք պարզեցինք նաև, որ պատերազմից հետո ադրբեջանցիները ավերել են Շուշիի Կանաչ ժամ եկեղեցու գմբեթն ու զանգակատունը։ Պատերազմի ավարտից հետո բացահայտեցինք, որ Գյանջայի օդանավակայանի՝ հօդս ցնդելու մասին Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանի գրառումը կեղծ էր, իսկ իշխանությունները, չնայած անընդհատ վստահեցնում էին, որ պատերազմի ողջ ընթացքում հանրությունից ոչինչ չեն թաքցրել, իրականում երբևէ չէին հայտնել Ֆիզուլի և Հադրութ քաղաքների անկման մասին։
Պարզեցինք նաև, որ Երևան-Բաքու թռիչքն ամենևին էլ հանելուկային կամ գաղտնի չէր, ինչպես ներկայացնում էին ոմանք։ Պարզապես Իտալիայի արտաքին գործերի նախարարի տեղակալն էր այցելել տարածաշրջան։
Իսկ տարեվերջին պարզեցինք, որ հունվարյան 100 փաստերի ժամանակ վարչապետը աղետի գոտու ընտանիքներին բնակարանով ապահովելու մասին խոսելիս նախորդ տարվա արածը վերագրել էր այս տարվա անելիքներին։
Ամփոփելով՝ նշենք, որ «Փաստերի ստուգման հարթակը» հաջորդ տարի էլ, հավատարիմ մնալով իր գլխավոր նպատակին, կշարունակի պայքարը ապատեղեկատվությունների, կեղծ լուրերի և մանիպուլյացիաների դեմ։
Իսկ մեր ընթերցողների խրախուսող նամակներն և գովեստի խոսքերը մոտիվացնում են ապագայում նույն պատասխանատվությամբ շարունակել աշխատանքը։
Շնորհակալ ենք մեզ վստահելու, հետևելու և համագործակցելու համար։
Սիրով՝ «Փաստերի ստուգման հարթակ», Fip.am