Facebook-ում թուրքամետ քարոզչություն իրականացնող նորաբաց էջեր են հայտնվել, որոնք թիրախավորում են հայալեզու լսարանը։ Դրանք ունեն մի շարք տեխնիկական և բովանդակային ընդհանրություններ։
«Փաստերի ստուգման հարթակի» մշտադիտարկման տակ են հայտնվել մասնավորապես հունիս-հուլիս ամիսներին բացված երկու էջեր, որոնք, ունենալով հետևորդների շատ փոքր թվաքանակ, իրենց ստեղծած բովանդակությունը տարածում են հիմնականում ֆեյսբուքյան գովազդի միջոցով։
Էջերում հրապարակված սակավաթիվ գրառումները, անդրադառնալով միջին միջանցքին ու դրա՝ Սյունիքի մարզով անցնող մի փոքր հատվածին, թեմայի վերաբերյալ շրջանառում են բացառապես թուրքական քարոզչական թեզեր։
Թուրքամետ քարոզչություն՝ Մադագասկարից
Այսպես, FIP.am-ի ուշադրության կենտրոնում հայտնված էջերը բացվել են նույն ժամանակահատվածում՝ 2025 թվականի հունիս-հուլիս ամիսներին, և առաջին գրառումն արել են հուլիսին՝ մամուլում Սյունիքի ճանապարհը վարձակալելու ամերիկյան առաջարկի վերաբերյալ հրապարակումներից հետո։
Դրանցից մեկը՝ «Ազնիվ հայացք» կոչվող քարոզչական էջը, բացվել է 2025 թվականի հունիսի 6-ին, և այս պահին ունի ընդամենը 6 հետևորդ։

Էջում առկա է դեռևս երկու գրառում, որոնցից մեկը վերաբերում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջերս Բրյուսել կատարած այցին, մյուսը՝ Սյունիքով անցնող ճանապարհի՝ ԱՄՆ-ին արտապատվիրակելու վերաբերյալ առաջարկին։
Վերջին գրառման համար էջն օրեր շարունակ գովազդ էր միացրել՝ ունենալով բազմաթիվ հավանումներ, մեկնաբանություններ և տարածում։
Հատկանշական է նաև, որ էջը համակարգվում է Մադագասկարից և ունի ընդամենը մեկ ադմին։
Հաջորդ քարոզչական՝ «Նոր Հայաստան» կոչվող էջը, բացվել է հուլիսի 15-ին․ էջը համակարգողների ու դրա աշխարհագրության վերաբերյալ տեղեկատվությունը փակ է։

Այս պահի դրությամբ էջով տարածվող բովանդակությանը գովազդ է միացված․ գրառումը վերարտադրում էր Forbes-ում թուրք լրագրողի վերլուծական հոդվածը, որում ներկայացվում էին տարածաշրջանի երկրներն ու գերտերությունները, հնարավոր կորուստներն ու օգուտները՝ Միջին միջանցքի՝ այդ թվում՝ դրա Սյունիքի մարզով անցնող ճանապարհի բացումից։

Ի՞նչ թեզեր են առաջ տանում էջերը
Այսպես, «Ազնիվ հայացք»-ում հրապարակված գրառումներից մեկում առաջ են տարվում թեզեր, որոնք ունեն թուրքական քարոզչական բաղադրիչ։
«․․․Երկրի տարածքի կառավարման արտապատվիրակումը արտասահմանյան ընկերությանը դրա առավել արդյունավետ տնտեսական օգտագործման համար պատմության մեջ հայտնի պրակտիկա է: Օրինակ՝ Պանամայի ջրանցքը 1914-ից 1999 թվականներին հանձնվել է Միացյալ Նահանգներին: Միևնույն ժամանակ, դրա տարածքը սկզբում Կոլումբիայի մաս էր կազմում, իսկ գրեթե մեկ դար անց այն դարձավ Պանամայի մաս․․․»:
Նախ՝ որևէ երկրի ինքնիշխանության տակ գտնվող ենթակառուցվածքի արտապատվիրակումը՝ միջազգային կամ այլ երկրի, կամ որևէ մասնավոր ընկերության կառավարման հանձնելը ներկայացվում է որպես բնական և ընդունված միջազգային պրակտիկա։ Դրան են միտված ընտրված օրինակները՝ Պանամայի և Սուեզի ջրանցքների արտապատվիրակման փորձը։
Սա իր հերթին միտված է փոխելու այն ընկալումը, թե երկրի ինքնիշխան տարածքի փոխանցումը երկարաժամկետ վարձակալության, կարող է վտանգավոր լինել։
«․․․Անհանգստանալու կարիք չկա այն փաստի համար, որ Թուրքիայի Հանրապետությունը նախաձեռնեց արտապատվիրակումը՝ հրավիրելով ամերիկյան օպերատորի․․․»։
Այս թեզը Թուրքիայի նախաձեռնությունը ներկայացնում է որպես ոչ սպառնալիք, այլ ընդհանուր տարածաշրջանային շահ։ Միևնույն ժամանակ, Թուրքիան ներկայացվում է որպես տարածաշրջանային շարժիչ ուժ, որի քաղաքականության արդյունքում երկրները կարող են օգուտներ քաղել։
«Տարածաշրջանի մյուս բոլոր երկրները…կշահեն Թուրքիայի աճող տնտեսական և աշխարհաքաղաքական հզորությունից»։Հատկանշական է նաև, որ արտապատվիրակման օրակարգը ներկայացվում է որպես Թուրքիայի նախաձեռնություն՝ ընդգծելով «Թուրքիայի գլխավոր դերակատար, իսկ մյուսներին՝ որպես շահող կողմեր» լինելու թեզը։
Միջանցքի բացումը՝ թուրքական աշխարհի միավորման համատեքստից
Ինչպես նշեցինք վերևում՝ «Նոր Հայաստան» էջը վերարտադրել է Forbes-ի թուրք հեղինակ Գյունեյ Յըլդըզի հոդվածը, սակայն միայն տնտեսագիտական հաշվարկների հատվածը։
Հատկանշական է, որ հոդվածի ամբողջական տեքստում Միջին միջանցքի բացումը ներկայացվում է թյուրքական աշխարհի միավորման և Թուրքիայի ռազմավարական դիրքի ամրապնդման քարոզչական ուղերձի շրջանակում։
Միևնույն ժամանակ, հոդվածում և դրա վերնագրում թուրք լրագրողը Հայաստանի Սյունիքի մարզը անվանում է Զանգեզուր* (այն հայկական Ձագեձորի թյուրքականացված տարբերակն է)։
Հոդվածում օգտագործված է նաև թուրքական պետական Anadolu գործակալության գրաֆիկական քարտեզը, որում տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակումը ներկայացված է թուրք-ադրբեջանական խոսույթով՝ մասնավորապես, օգտագործվում է պաշտոնական Երևանի համար անընդունելի այսպես կոչված «Զանգեզուրի միջանցք» տերմինը։
Այսպիսով, տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակման ու Սյունիքով անցնող ճանապարհն արտապատվիրակելու վերաբերյալ ամերիկյան առաջարկի հանրայնացմանը զուգահեռ Facebook-ի հայալեզու տիրույթում հայտնված նորաբաց էջերը ակտիվացրել են թուրքամետ քարոզչությունը։
Նանե Մանասյան