2019 թվականը լի էր աղմկահարույց իրադարձություններով, որոնց լուսաբանումը, սակայն, երբեմն ուղեկցվում էր փաստերի աղավաղմամբ և մանիպուլյացիաներով։ «Փաստերի ստուգման հարթակն» անցնող տարվա ընթացքում ստուգել է բազմաթիվ հայտարարություններ, պնդումներ և տվյալներ, որի արդյունքում հայտնաբերել է կեղծիքներ, անճշտություններ և մանիպուլյացիաներ։ Ստորև ներկայացնում ենք տարվա ընթացքում մեր կատարած աշխատանքի ուշագրավ դրվագները։
Այսպես, 2018 թ․ դեկտեմբերին «ԲՀԿ ֆեյքերի» մասին մեր բացահայտումից հետո առաջացած աղմուկը 2019 թ․ սկզբին շարունակվեց այս անգամ վարչապետ Նիկոլ Փաշինյանին սատարող ֆեյքերի մասին տեղեկությունների շրջանառմամբ: Fip.am-ը, սակայն, պարզեց, որ վարչապետին վերագրվող «ֆեյքերի» մեծ մասն ամենևին էլ կեղծ հաշիվներ չեն:
«Փաստերի ստուգման հարթակի» ուսումնասիրությունը ցույց տվեց, որ Լևոն Մնացականյանի նշանակումն Արցախի ոստիկանապետի պաշտոնում եղել է օրենքի խախտմամբ, իսկ ՍԴ դատավորի պաշտոնում Վահե Գրիգորյանի առաջադրումն օրենքի խախտումով չէր:
Fip.am-ը ստուգեց և պարզեց, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոչով դատարաններն արգելափակելու հետևանքով սահմանադրական կարգը չի տապալվել:
Օգոստոսին «Փաստերի ստուգման հարթակը» բացահայտեց, որ Սոչիի օդանավակայանի ղեկավարությունը սխալ և խեղաթյուրող տվյալներ է տարածել աշխատանքից ազատված հայերի թվի վերաբերյալ:
Տարվա ընթացքում սոցցանցերում և լրատվամիջոցներում ամենից շատ քննարկված թեմաներից մեկը Ստամբուլյան կոնվենցիան էր: Fip.am-ը, անդրադառնալով թեմայի շահարկումներին, հայտնաբերեց, որ հնչող մի շարք թեզեր կեղծ են, ինչպես, օրինակ, որ կոնվենցիան նպատակ ունի «անսահմանափակ լիազորություններ տալ ԼԳԲՏ համայնքին»:
Fip.am-ը պարզեց, որ ի հեճուկս ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հայտարարությունների՝ նրա բիզնես հաջողությունները սկսվել են Քոչարյանի նախագահության ժամանակ՝ 1998 թվականից սկսած:
2019-ին «Բաց հասարակության հիմնադրամների» (ԲՀՀ) մասին կեղծ կամ մանիպուլյատիվ ինֆորմացիոն հոսքը բավականին ակտիվ էր: «ՎԵՏՕ» հասարակական-քաղաքական շարժման հիմնադիր Նարեկ Մալյանի հայտարարությունը, թե Իսրայելում, Ավստրիայում, ԱՄՆ-ում «Բաց հասարակության հիմնադրամների» գործունեությունը արգելվել է, սխալ էր։ Իրականությունը խեղաթյուրող հայտարարությունների շարքում էր նաև այն պնդումը, թե ԲՀՀ-ն «ատում է Հայ-առաքելական եկեղեցին». Հայ-առաքելական եկեղեցին դեռ 2010-ին շուրջ 25,000 դոլար դրամաշնորհ էր ստացել կազմակերպությունից: Մեկ այլ հայտարարություն ստուգելիս հայտնի դարձավ, որ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը երբևէ դրամաշնորհ չի ստացել «Բաց հասարակության հիմնադրամներից»։
Տարվա ընթացքում մամուլը հաճախ էր անդրադառնում տնտեսության վիճակի մասին վիճակագրական ցուցանիշներին:
Մամուլը և սոցցանցերը ԵՄ վիճակագրական գործակալությանը՝ Eurostat-ին վերագրեցին ինֆոգրաֆիկա, որն իրականում տարբեր աղբյուրների համադրման արդյունք էր: Բացի այդ, «Փաստերի ստուգման հարթակը» պարզել էր, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, թե Հայաստանը 2019 թվականին Legatum Prosperity Index-ի բարգավաճման ինդեքսում զբաղեցրել է 61-րդ տեղը՝ նախորդ տարվա համեմատ բարելավելով իր դիրքը 27 կետով, լիարժեքորեն չի համապատասխանում իրականությանը:
Տարվա ընթացքում կեղծ և մանիպուլյատիվ հայտարարություններից զերծ չմնաց Արցախի հերոս Վիտալի Բալասանյանը: Fip.am-ը պարզեց, որ նրա պնդումը, թե Նիկոլ Փաշինյանը բռնազավթել է իշխանությունը, սխալ է: Բացահայտեցինք նաև, որ Արցախին տրվող միջպետական վարկը շատ ավելին է, քան Արցախի քաղաքացիների կողմից ՀՀ բյուջե վճարվող մաքսատուրքերը և այլն։
2019 թվականին մամուլի ուշադրության կենտրոնում էին նաև Երևանի քաղաքապետարանը և քաղաքապետ Հայկ Մարությանը: Fip.am-ը պարզեց, որ քաղաքապետի մասնակցությամբ «Վիվասել ՄՏՍ»-ի նոր գովազդները մշակվել ու նկարահանվել են դեռ Մարությանի՝ քաղաքապետ դառնալուց առաջ։ Երևանում աղբահանության ճգնաժամի օրերին Fip.am-ը պարզեց, որ Հայկ Մարությանի պնդումը, որ պայմանագրով «Սանիթեքը» պետք է ապահովի տարեկան 16 հազար աղբաման ամբողջ Երևանի համար, ճիշտ է, իսկ ահա քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանի հայտարարությունը, թե այս տարի «Էրեբունի-Երևան» տոնակատարությունների համար ավելի քիչ գումար է հատկացվելու, մանիպուլյատիվ էր և լիարժեքորեն չէր համապատասխանում իրականությանը:
«Փաստերի ստուգման հարթակը» մայիսին և սեպտեմբերին մանրամասն անդրադարձավ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ նոր Հայաստանի մասին 100 փաստերին։ Առաջին մասի դեպքում պարզեցինք, որ ի թիվս ճիշտ փաստերի, հնչել էին նաև մի շարք մանիպուլյատիվ և ապակողմնորոշող թեզեր։ Իսկ ահա սեպտեմբերին Fip.am-ը պարզեց, որ փաստերից 69-ը ճիշտ էին, որոշները՝ սխալ կամ մանիպուլյատիվ, իսկ 6 փաստ չէր համապատասխանում իրականությանը։
Նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի մահվանից հետո «Փաստերի ստուգման հարթակն» ուսումնասիրեց Հարությունյանի՝ նորից շրջանառության մեջ մտած Մարտի 1-ի գործով ցուցմունքի սղագրությունը։ Ի թիվս այլ խնդրահարույց կետերի՝ սխալ էր նաև նախկին ոստիկանապետի այն պնդումը, թե ոստիկաններն Ազատության հրապարակի ցույցը ցրելուց հետո չեն հետապնդել ցուցարարներին։
Աշնանը հանրությունն ակտիվորեն քննարկում էր «Մել» ֆիլմի ֆինանսավորումը պետության կողմից: FIP.am-ը պարզեց, որ արգելված խթանիչների պատճառով նախկին ծանրամարտիկ Մել(ինե) Դալուզյանը չի զրկվել իր մեդալներից, քանի որ նրա գործը դեռևս քննվում է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայում: Ավելին՝ պարզեցինք, որ չնայած տարածվող ինֆորմացիային, Հայաստանը կարող է պատժամիջոցների ենթարկվել 2020թ. Օլիմպիական խաղերին ընդառաջ ոչ միայն Դալուզյանի, այլ ևս 17 ծանրորդի պատճառով:
Հակառակ ՀՀԿ-ական գործիչների պնդումներին՝ Fip.am-ը պարզեց, որ բանակում սննդի մատակարարման բարելավման ծրագիրը նախաձեռնվել է հետհեղափոխական իշխանությունների օրոք:
Մեր ուսումնասիրությունը ցույց տվեց, որ ԲՀԿ-ական պատգամավոր Վարդան Ղուկասյանի պնդումը, թե նրա քաղաքապետության 13 տարվա ընթացքում Գյումրին ամենաոչկրիմինալ քաղաքն է եղել, չի համապատասխանում իրականությանը:
«Փաստերի ստուգման հարթակը» հայտնաբերեց, որ տարեվերջին Ազգային ժողովում վարչապետ Փաշինյանի արած հայտարարությունը, թե կառավարությունը հունվարի 1-ից որոշ շրջանակների համար 14 տոկոսով հարկերը նվազեցրել է եկամտահարկի մասով, իրականությանը չի համապատասխանում:
Ահա այսպիսի գործունեությամբ է «Փաստերի ստուգման հարթակն» ամփոփում 2019 թվականը: Հուսով ենք, որ 2020 թվականին սխալ և իրականությունը խեղաթյուրող տեղեկություններն էապես կնվազեն:
Աստղիկ Ավագյան
Լուսինե Ոսկանյան