Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը հոկտեմբերի 14-ին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց, որ այս տարվա հունվար-օգոստոս ամիսներին դեպի ԵԱՏՄ երկրներ ապրանքների արտահանումն աճել է 11 տոկոսով, մյուս ուղղություններով ևս գրանցվել է արտահանման աճ։
«Փաստերի ստուգման հարթակը» ստուգեց նախարարի այս և մի քանի այլ հայտարարություններ և գտավ մի քանի կեղծ կամ ապակողմնորոշող պնդումներ։
Արտահանումը ԵԱՏՄ երկրներ
Նախարարը, խոսելով Հայաստանից արտահանվող ապրանքների մասին, հայտարարեց, որ 2018 թվականին դեպի ԵԱՏՄ երկրներ արտահանվող ապրանքների ծավալն աճել է մոտ 20 տոկոսով, իսկ այս տարվա 8 ամիսներին աճը կազմել է 11 տոկոս։
Խաչատրյանի հայտարարությունը՝ նախորդ տարի դեպի ԵԱՏՄ երկրներ արտահանված ապրանքների ծավալի աճի մասին, ճիշտ է, այն ավելացել է 20,7 տոկոսով: Սակայն ըստ վիճակագրական կոմիտեի՝ այս տարվա առաջին 8 ամիսներին դեպի ԵԱՏՄ երկրներ Հայաստանից արտահանումն աճել է ոչ թե 11, այլ 6 տոկոսով։ Համեմատության համար նշենք, որ նախորդ տարվա առաջին 8 ամիսներին արձանագրված ցուցանիշը 33,1 տոկոս էր։
Բացի դա, Խաչատրյանը հայտարարեց, որ չնայած դեպի ԵԱՏՄ երկրներ արտահանման աճն ավելի բարձր է, քան ընդհանուր արտահանման աճը, սակայն մնացած ուղղությունների (ԵՄ և այլ երկրներ) մասով ոչ թե նվազում է գրանցվել, այլ, պարզապես, արտահանման ավելի ցածր աճ։
Ի հեճուկս նախարարի պնդման՝ այս տարվա առաջին 8 ամիսներին դեպի Եվրամիության անդամ երկրներ արտահանումը ոչ միայն չի աճել, այլ նվազել է մոտ 19 տոկոսով, իսկ դեպի այլ երկրներ ապրանքների արտահանման աճն ավելի մեծ է եղել (20,3 տոկոս), քան դեպի ԵԱՏՄ արտահանումը:
Բացի այդ, նշենք, որ նույն 2018 թվականի առաջին 8 ամիսներին Հայաստանից ապրանքների արտահանումն ըստ արտահանվող երկրի աճել էր հետևյալ կերպ․
-դեպի ԵԱՏՄ երկրներ՝ 33,1 տոկոս
-դեպի ԵՄ երկրներ՝ 19,1 տոկոս
-դեպի այլ երկրներ՝ 4 տոկոս։
Այսպիսով, Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանի կողմից մամուլի ասուլիսի ընթացքում հնչեցրած մի շարք տվյալներ ամբողջությամբ կամ մասամբ չեն համապատասխանում իրականությանը։
Սևադա Ղազարյան