Ռուսաստանյան ՏԱՍՍ պետական լրատվական գործակալությունը հունիսի 3-ին տեղեկություն է հրապարակել, ըստ որի՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն իր երդմնակալության ժամանակ բարձրաստիճան հյուրերին թվարկելիս չի հիշատակել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի անունը։
Փաշինյանը հունիսի 3-ին Անկարայում Էրդողանի երդմնակալության արարողությանը մասնակցած բարձրաստիճան հյուրերից էր։
«Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը չի հիշատակել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին, երբ թվարկել է երդմնակալության արարողությանը մասնակցող այլ պետությունների և կառավարությունների ղեկավարների ցուցակը», — մասնավորապես գրել էր ՏԱՍՍ-ը` վկայակոչելով Թուրքիայում իր թղթակցին։
Հայաստանյան բազմաթիվ լրատվամիջոցներ՝ news.am, 24news.am, panorama.am, hraparak.am, auroranews.am, pastinfo.am, hayeli.am, oragir.news և այլն, տարածել էին այս տեղեկությունը։
Տեղեկության տարածումից որոշ ժամանակ անց հայաստանյան որոշ լրատվամիջոցներ հերքեցին այն՝ նշելով, որ ՏԱՍՍ-ը խեղաթյուրել է Փաշինյանի՝ Թուրքիա այցի մասին տեղեկությունը։
«Էրդողանը Փաշինյանի և մյուս վարչապետերի անունները նշում է նախագահներից հետո»,- գրել էր Civic.am-ը՝ կից ներկայացնելով տեսանյութ։
«Փաստերի ստուգման հարթակը» պարզել է, որ Թուրքիայի նախագահն իրականում հիշատակել և շնորհակալություն հայտնել է Փաշինյանին իր երդմնակալությանը մասնակցելու համար, սակայն ոչ թե բուն պաշտոնական արարողությանը, այլ պետությունների և կառավարությունների ղեկավարների հետ պատվո ընթրիքի ժամանակ։
Հունիսի 3-ին երդմնակալության արարողության ժամանակ Էրդողանը ողջունել է միայն մի շարք երկրների նախագահների ու կառավարությունների ղեկավարների, մասնավորապես՝ Վենեսուելայի, Ադրբեջանի, Ուզբեկստանի, Բուլղարիայի, Ղազախստանի, Ղրղզստանի, Թուրքմենստանի, Պակիստանի և մի շարք այլ երկրների ղեկավարներին, ինչպես նաև ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարին։
Էրդողանը ամբիոնից նաև հայտարարել է, որ բոլոր հյուրերին թվարկելու համար բավական ժամանակ չի լինի և հնարավորություն կունենան ավելի ուշ խոսելու պատվո ընթրիքի ժամանակ։
Արդեն ընթրիքին թվարկելով պետությունների և կառավարությունների ղեկավարներին, Էրդողանը շնորհակալություն է հայտնում նաև Նիկոլ Փաշինյանին։
Այսպիսով, թեև Էրդողանն իր երդմնակալության բուն արարողության ժամանակ չի հիշատակում Փաշինյանին, սակայն, դա անում է ավելի ուշ կայացած պաշտոնական ընթրիքի ընթացքում՝ ի թիվս այլոց շնորհակալություն հայտնելով ՀՀ վարչապետին։
Նելլի Լազարյան