Մայիսի 19-ին ֆեյսբուքյան օգտատերերից մեկը հրապարակում էր տարածել` գրելով, որ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը Gavi ալյանսի խորհրդի անդամ է։ «Gavi ալյանսի հիմնադիրն ու ֆինանսավորողը «Բիլ և Միլինդա Գեյթս» հիմնադրամն է: Այս մասին տեղեկանում ենք անմիջապես կազմակերպության պաշտոնական կայքից: Gavi-ի պաշտոնական կայքում գրված է, որ կազմակերպության գլխավոր նպատակը պատվաստումների միջոցով ԱՂՔԱՏ երկրներում մարդկանց դիմադրողականության բարձրացումն է: Չենք թողնելու մեզ և մեր երեխաներին պատվաստես»,- ասված է հրապարակման մեջ։
Այս և այլ էջերից հրապարակումը տարածվել է բազմաթիվ օգտատերերի կողմից, արտատպվել Armday.am կայքում։ «Փաստերի ստուգման հարթակը» որոշեց ուսումնասիրել սոցցանցերում մեծ իրարանցում առաջացրած հրապարակման մեջ առկա տեղեկատվության իսկությունը։
Ի՞նչ ալյանսի մասին է խոսքը
Gavi-ն հիմնադրվել է 2000 թվականին։ Ըստ պաշտոնական կայքում հրապարակված տվյալների՝ կազմակերպությունն այսօր պատվաստում է աշխարհի երեխաների շուրջ կեսին։ Մինչև այսօր աղքատ և թույլ զարգացած երկրներից ավելի քան 760 միլիոն երեխա պատվաստվել է համաճարակների և այլ հիվանդությունների դեմ։ Կազմակերպությունն իր նպատակներից մեկը համարում է աղքատ երկրների համար թանկարժեք և ոչ հասանելի պատվաստանյութերը մատչելի դարձնելը և արտադրողների կողմից կոմերցիոն ռիսկերի բացառումը։ Այսպես, Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից հաստատված և խորհուրդ տրվող 11 պատվաստանյութերը Gavi-ի աջակցությամբ աղքատ երկրներում մի քանի անգամ ավելի մատչելի են, քան զարգացած երկրներում։
ԱՀԿ կողմից խորհուրդ տրվող պատվաստանյութերն օգնում են պաշտպանել երեխաներին մի շարք հիվանդություններից: Եվ այդ պատվաստանյութերը հաստատված են նաև մի շարք երկրների առողջապահական մարմինների կողմից։ Բացառություն չէ նաև Հայաստանը։ Դրանք տուբերկուլյոզի, հեպատիտի, դիֆթերիայի և այլ հիվանդությունների դեմ հայտնի պատվաստանյութերն են։ Այսինքն՝ Gavi-ն որևէ «նոր» պատվաստում չի իրականացնում, այլ միայն առավել մատչելի/հասանելի է դարձնում առկա և ընդունված պատվաստանյութերը, որոնցով ժամանակին պատվաստվել ենք բոլորս։
Ալյանսի հիմնադիրը «Բիլ և Մելինդա հիմնադրամն» է։ «Փաստերի ստուգման հարթակն» արդեն անդրադարձել է Գեյթսի և իր հիմնադրամի գործունեության վերաբերյալ ապատեղեկատվություններին։
Gavi-ն և կորոնավիրուսը
Ալյանսի պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ կորոնավիրուսի բռնկման պայմաններում կազմակերպությունը պարտավորություն է ստանձնել աֆրիկյան երկրներում շարունակել երեխաների դիմադրողականության բարձրացման աշխատանքները։
Բացի այդ, կազմակերպությունը պարբերաբար տեղեկություններ է հաղորդում վիրուսի տարածման և պատվաստանյութի բացահայտման վերաբերյալ տարբեր հայտարարությունների մասին։
Հայաստանի և Արսեն Թորոսյանի կապը Gavi-ի հետ
Ինչպես նշեցինք, Gavi ալյանսը պատվաստանյութերի ձեռքբերման նպատակով աջակցում է աղքատ երկրներին։ Ցանկացած երկիր, որտեղ մեկ շնչին ընկնող եկամուտը ավելի քիչ է, քան կազմակերպության սահմանած չափանիշը, կարող է դիմել աջակցության համար։ Հայաստանն այս կազմակերպությունից աջակցություն ստացել է 2000 թվականից սկսած։ Դրամաշնորհային վերջին ծրագիրն ավարտվել է 2018-ին, իսկ արդեն 2019-ից Հայաստանը սեփական միջոցներով է ձեռք բերում պատվաստանյութերը։ Պատճառը երկրի տնտեսական կյանքում տեղի ունեցած փոփոխություններն են։ Ընդ որում՝ ըստ Առողջապահության նախարարության պարզաբանման՝ մինչ այս ևս Հայաստանը Gavi-ից դրամական աջակցությունն անմիջականորեն չի ստացել, այլ «այն հիմնականում տրամադրվել է միջազգային համագործակից կազմակերպություններին՝ Հայաստանի Հանրապետությունում անհրաժեշտ միջոցառումների իրականացման համար»։
Ինչ վերաբերում է Արսեն Թորոսյանին, ապա վերջինս Gavi-ի կառավարման խորհրդի անդամ ընտրվել է 2019-ի հունիսին, երբ Հայաստանն արդեն դուրս էր կազմակերպության շահառու երկրների ցանկից։ Այսինքն՝ փաստը, որ Թորոսյանը Gavi-ի կառավարման խորհրդի անդամ է, չի նշանակում, թե Հայաստանը պատվաստումներ իրականացնելու համար Gavi-ից դրամական աջակցություն է ստանում։
Այսպիսով, կարող ենք փաստել, որ Gavi-ն Հայաստանում է դեռևս 2000 թվականից, ընդ որում՝ մինչև 2019 թվականը Հայաստանը դրամաշնորհային ծրագրերի շահառու էր, իսկ 2019-ից սկսած՝ տնտեսական վիճակի բարելավման շնորհիվ, «դուրս է մնացել» այդ ցանկից։
Իսկ սոցցանցերում տարածվող դավադրության տեսությունները, որոնք կապված են Gavi-ի և Արսեն Թորոսյանի հետ, ոչ այլ ինչ են, քան հանրության շրջանում խուճապ տարածելու միջոց։
Անի Ավետիսյան