Ղազախստանում hունիսի 9-ին տեղի ունեցան նախագահական արտահերթ ընտրություններ, որոնց ընթացքին հետևել են ԱՊՀ և ԵԱՀԿ դիտորդական առաքելությունները։
Արտահերթ նախագահական ընտրություններին առաջադրվել էին 7 թեկնածու, գրանցվել է ընտրողների 77․5 տոկոս մասնակցություն։ Ձայների վերջնական հաշվարկի արդյունքում հաղթել է մինչ այդ նախագահի պարտականությունները կատարող Կասիմ-Ժոմարտ Տոկաևը, որը հավաքել է ձայների 70,96 տոկոսը։ Երկրորդ տեղում է «Ազգի ճակատագիրը» ազգային-հայրենասիրական շարժման ներկայացուցիչ Ամիրժան Կոսանովը, որը ստացել է ընտրողների 16․2 տոկոսը։
ԱՊՀ դիտորդական առաքելության ղեկավար Սերգեյ Լեբեդևը, ամփոփելով ընտրությունները, հայտարարել է, որ «ընտրություններն անցկացվել են ըստ Ղազախստանի Սահմանադրության ու օրենքների, ինչպես նաև համապատասխանում են ժողովրդավար ընտրությունների սկզբունքին, այն է՝ ազատ, արդար, բաց, թափանցիկ և մրցակցային»։
Նշենք, որ ԱՊՀ դիտորդական առաքելության կազմում ընդգրկված էին ներկայացուցիչներ Ռուսաստանից, Հայաստանից, Ադրբեջանից, Բելառուսից, Ղրղզստանից, Թուրքմենստանից, Ուզբեկստանից։
ԵԱՀԿ դիտորդները, սակայն, այլ կարծիք ունեն։
ԵԱՀԿ դիտորդական առաքելության ղեկավար Մարգարետա Կիներ Նելլենը լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ Ղազախստանում ընտրություններն ուղեկցվել են համատարած ձերբակալություններով՝ ինչպես ակտիվիստների, այնպես էլ լրագրողների։ Ըստ ԵԱՀԿ դիտորդական առաքելության ղեկավարի, վերը նշված գործոնները ստվեր են գցել ընտրությունների նախապատրաստական փուլի և պատշաճ ընտրությունների վրա։
Իսկ ԵԱՀԿ կարճաժամկետ դիտորդական առաքելության համակարգող Գեորգի Ծերեթելիի խոսքով, արտահերթ նախագահական ընտրությունները ցույց տվեցին, որ Ղազախստանում անհրաժեշտ են քաղաքական, սոցիալական և իրավական իրական բարեփոխումներ։
ԵԱՀԿ դիտորդական առաքելության ղեկավարների խոսքերը հաստատում են նաև համացանցում տարածված բազմաթիվ տեսանյութերը, որոնցում հստակ երևում են ընտրախախտումների աղաղակող փաստեր։ Ստորև կներկայացնենք այդ տեսանյութերից մի քանիսը։
Այս տեսանյութում երևում է, թե ինչպես են հանձնաժողովի անդամները լցոնում քվեատուփը։
https://www.facebook.com/voloshinaluda/videos/2714016031961858/
Այստեղ ընտրողի և իր եղբոր փոխարեն արդեն քվեարկել են։
https://www.facebook.com/lyudmyla.kozlovska/videos/10214477611836524/
Այստեղ ընտրողը մտնում է քվեախցիկ՝ միանգամից 5 քվեաթերթիկ ձեռքին։
https://www.facebook.com/100027003563238/videos/305200170390099/
Այստեղ երևում է կրկնաքվեարկության դեպք։
https://www.facebook.com/100027003563238/videos/305514970358619/
Այսպիսի ընտրախախտումները բազմաթիվ են, և ուսումնասիրելով Ղազախստանի նախագահական արտահերթ ընտրություններին արձանագրված մասսայական խախտումները՝ ակնհայտ է դառնում, որ Ղազախստանում ընտրական մշակույթից խոսելը դեռևս վաղ է, իսկ ԱՊՀ դիտորդական առաքելության ղեկավարի հայտարարությունը՝ ազատ, արդար, բաց ու թափանցիկ ընտրությունների մասին, առնվազն տարօրինակ է։
Ի դեպ, վարչապետ Նիկոլ Փաշինյանն արդեն հեռախոսազրույց է ունեցել Ղազախստանի նորընտիր նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ և վերջինիս շնորհավորել նախագահական ընտրություններում տարած վստահ հաղթանակի կապակցությամբ:
Հիշեցնենք, որ Ղազախստանում արտահերթ նախագահական ընտրություններ տեղի ունեցան այն բանից հետո, երբ 2019 թ. մարտի 19-ին հրաժարական տվեց 30 տարի երկիրը ղեկավարած Նուրսուլթան Նազարբաևը։
[easy-social-share buttons="facebook,twitter,vk,telegram" counters=1 style="icon" point_type="simple"]