«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ, ՀՀ հատուկ հանձնարարություններով նախկին դեսպան Էդմոն Մարուքյանը սեպտեմբերի 1-ին «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում անդրադարձել է օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Հայաստանի վարչապետի, ԱՄՆ նախագահի և Ադրբեջանի նախագահի ստորագրած համատեղ հռչակագրի՝ հաղորդակցությունների ապաշրջափակման վերաբերյալ դրույթին։
Նշելով, թե հռչակագրի 3-րդ կետով նախատեսված «անխոչընդոտ կապ» բառակապակցությունը ենթադրում է, որ ՀՀ-ն պարտավորվել է միջանցք տալ Ադրբեջանին, Մարուքյանը պնդել է, որ այդ մասին է վկայում նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հնչեցրած պահանջը, համաձայն որի՝ ադրբեջանցիները Հայաստանով անցնելիս «հայ սահմանապահների երես չպետք է տեսնեն»։
«Ոչ ոք չի ասել, որ Ալիևի էն պահանջը, որ մենք հայերի չենք հանդիպելու, դա չի լինելու։ Ոչ ոք Ալիևի էդ ասածին չի արձագանքել, չկա նման բան․․․», — ասել է Մարուքյանը։
Եռակողմ հռչակագրի 3-րդ կետը․ Մենք վերահաստատեցինք ներպետական, երկկողմ և միջազգային փոխադրումների համար երկու երկրների միջև հաղորդակցությունների բացման կարևորությունը՝ հիմնված պետությունների ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և իրավազորության հարգման վրա, տարածաշրջանում ու նրա հարևանությամբ խաղաղությունը, կայունությունն ու բարգավաճումը խթանելու նպատակով։ Այս ջանքերը կներառեն Ադրբեջանի Հանրապետության հիմնական մասի և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև Հայաստանի Հանրապետության տարածքով անխոչընդոտ հաղորդակցությունը, Հայաստանի Հանրապետության համար միջազգային ու ներպետական հաղորդակցության փոխադարձ առավելություններով։
«Փաստերի ստուգման հարթակն» ուսումնասիրել է Մարուքյանի պնդումը և պարզել, որ քաղաքական գործիչը սխալվում է։
Ի՞նչ է ասել Ալիևը
Հուլիսի 19-ին Ստեփանակերտում իրականացված մեդիաֆորումի ընթացքում Ալիևը խոսելով այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» մասին, ասել է, որ ադրբեջանցիներն այնտեղով անցնելիս «հայ սահմանապահների երես չպետք է տեսնեն»։
«Ադրբեջանական բեռները և Ադրբեջանի քաղաքացիները չպետք է հայ սահմանապահների կամ որևէ մեկի երեսը տեսնեն։ Ֆիզիկական շփում չպետք է լինի, պետք է լինեն երաշխավորված անվտանգության միջոցներ, որպեսզի մեր ժողովուրդը և բեռները ազատորեն անցնեն»,- ասել է նա։
Պաշտոնական Երևանի արձագանքը
Հուլիսի 21-ին՝ Ալիևի այս խոսքերից 2 օր անց, նրան արձագանքեց ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը՝ նշելով, որ «Հայաստանի Հանրապետության տարածքը հատելիս մեր երկրի համապատասխան ծառայություններին չհանդիպելու որևէ տարբերակ չկա»։
«Ադրբեջանի նախագահի ասածը, թե Ադրբեջանի քաղաքացիները չպետք է հանդիպեն հայկական սահմանապահ ծառայությանը, դուրս է տեղի ունեցած քննարկումների տրամաբանությունից», -նշել էր Բաղդասարյանը։
Նա նաև հավելել էր, որ ՀՀ համապատասխան կառույցները պետք է տիրապետեն երկիր մտնող բեռների ու մարդկանց վերաբերյալ տվյալներին։
«Քաղաքացիների և նրանց ներկայացված փաստաթղթերի համապատասխանությունը չի կարող չստուգվել, իսկ անհամապատասխանության դեպքում նրանց մուտքը ՀՀ տարածք չի կարող թույլատրվել։ Հայաստանի Հանրապետությունը չի կարող չտիրապետել տեղեկատվությանը, թե տարանցիկ նպատակով իր տարածք մուտք գործած բեռը կամ իրը դուրս եկա՞վ ՀՀ տարածքից, թե ոչ, հակառակ դեպքում կարող է մաքսանենգության եւ արգելված ապրանքների շրջանառության անվերահսկելի աղբյուր բացվել։ Հայաստանի Հանրապետությունը չի կարող չտիրապետել տեղեկատվության, թե իր տարածքով ի՞նչ բեռներ են անցնում, որովհետեւ, օրինակ, եթե քիմիական նյութերով բեռնված վագոն կամ բեռնատար վթարվի, դրա հետեւանքները կրելու է մեր երկիրը եւ այդ հետեւանքների վերացմամբ զբաղվելու են ՀՀ համապատասխան ծառայությունները։ Հայաստանի Հանրապետության տարածքը հատելիս մեր երկրի համապատասխան ծառայություններին չհանդիպելու որեւէ տարբերակ չկա։ Ինչպես Հայաստանը, այնպես էլ Ադրբեջանն ունեն միջազգային մի շարք պարտավորություններ, օրինակ, սեփական տարածքում միջազգային հանցավորության տարբեր դրսևորումները կանխարգելելու և հակազդելու վերաբերյալ, իսկ նման պարտավորությունները պետություններն իրացնում են ի թիվս այլնի, իրենց մաքսային ու սահմանային ծառայությունների միջոցով։ ՀՀ տարածքով անցնող վագոնները պետք է նաեւ կապարակնքվեն, դրանցից մաքսանենգ ապրանքների արտանետումը բացառելու համար»:
Բաղդասարյանը նշել էր նաև, որ տարանցման համար գոյություն ունեն միջազգայնորեն ընդունված վճարներ, և կողմերը պետք է փոխհամաձայնեցված վճարներ մուծեն։
Այսպիսով, Մարուքյանի պնդումը, թե Երևանը չի արձագանքել Ալիևի՝ «ՀՀ-ով անցնելիս հայ սահմանապահների երես չտեսնելու» վերաբերյալ պահանջին, չի համապատասխանում իրականությանը։
Երևանն ասում է՝ մաքսային վերահսկողություն լինելու է
Հատկանշական է, որ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանն օգոստոսի 15-ին «ՍիվիլՆեթ բիզնեսի» տաղավարում պատասխանելով հարցին, թե արդյո՞ք հայ մաքսավորները կանգնելու են Ադրբեջանը Նախիջևանին կապող Հայաստանով անցնող ճանապարհի մուտքի ու ելքի վրա, և ինչ մաքսային ռեժիմ է գործելու այնտեղ, նշել էր․
«[Փաստաթղթում ամրագրված] սկզբունքները (հաղորդակցությունների բացում՝ հիմնված պետությունների ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և իրավազորության հարգման վրա,-հռչակագրի 3-րդ կետ) նշանակում են, որ ՀՀ իր ծառայությունների բոլոր տեսակները, որոնք տարածվում են մյուս սահմաններին, նաև այդ սահմանին էլ պետք է աշխատի։ Այս մոտեցումը հստակ արդեն հիմնավորում է, որ մաքսային ծշառայությունը գործելու է, սա միանշանակ է»:
Հակոբյանն անդրադառնալով մաքսային ընթացակարգին, նշել էր նաև, որ կոնկրետ մոդել դեռևս չի քննարկվել, միաժամանակ ընդգծել է, որ ՊԵԿ-ը գնում է առավելագույն պարզեցումների մյուս բոլոր անցակետերում՝ ներդնելով պարզեցված ընթացակարգեր։
Նանե Մանասյան