Ամանորյա տոնական օրերին լրահոսում կեղծ լուրերի և ապատեղեկատվության պակաս չզգացվեց։ Կեղծ լուրերից մեկի հետքերով ստիպված էր անգամ Ազգային անվտանգության ծառայությունը գնալ, քանի որ այն համարվեց սպառնալիք Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգությանը։
«Փաստերի ստուգման հարթակը» ներկայացնում է տարեսկզբյան տոնական օրերին լայն տարածում գտած կեղծ լուրերը։
Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է ԱՄՆ նախագահին՝ «հաջողված» օպերացիա կազմակերպելու համար
Ֆեյսբուք սոցիալական ցանցում «Դիանա Հարությունյան» անվամբ ֆեյք էջը հունվարի 3-ին տեղեկատվություն էր հրապարակել այն մասին, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է ԱՄՆ նախագահին՝ Իրանի բարձրաստիճան զինվորականի նկատմամբ կատարված գործողության կապակցությամբ։ Կեղծ տեղեկատվությունը շատ արագ տարածվել էր իրանական և ադրբեջանական ԶԼՄ-ներում։
Կառավարությանը կից գործող Տեղեկատվության ստուգման հարթակը մի քանի լեզվով հաղորդագրություն տարածեց՝ նշելով, որ վարչապետ Փաշինյանը նմանօրինակ բովանդակությամբ որևէ նամակ չի ուղարկել ԱՄՆ նախագահին։
Ապատեղեկատվությանը հունվարի 4-ին անդրադարձավ նաև վարչապետը՝ իր ֆեյսբուքյան էջում գրելով. «Սա այն դեպքն է, երբ խոսքի կեղծ «ազատությունը» սպառնալիք է ստեղծել մեր ազգային անվտանգության համար: Լուրի հեղինակները և նրանց շարժառիթները պետք է պարզվեն»:
Հունվարի 5-ին արդեն ԱԱԾ-ն հաղորդեց, որ ձերբակալել է Ֆեյսբուքում «Դիանա Հարությունյան» անվամբ հանդես եկող երիտասարդին։ ԱԱԾ հրապարակած տեսանյութում «Դիանա Հարությունյան» անվամբ ներկայացող օգտատերը նշել էր, որ չի պատկերացրել, թե իր գրածը նման հետևանքներ կունենա։
Ավստրալիան տիեզերքից. նկարը հրապարակել է NASA-ն
Հունվարի 5-ին Ֆեյսբուքում տարածվեց «Ավստրալիան տիեզերքից» նկարը, որը, իբրև, հրապարակել էր ԱՄՆ օդագնացության և տիեզերական տարածության հետազոտությունների ազգային գործակալությունը՝ NASA-ն։ Նկարը, որում պատկերվում էր վերջին օրերին անտառային հրդեհներով պատված Ավստրալիան, ակտիվորեն տարածվեց ոչ միայն հայկական, այլ նաև միջազգային լրատվական և ֆեյսբուքյան հարթակներում։
Մինչդեռ լուսանկարը ոչ թե տիեզերքից էր արված, այլ ծրագրի միջոցով ստացված 3D վիզուալիզացիա էր: Պատկերի հեղինակ Էնթոնի Հերսեյը Ֆեյսբուքի իր էջում գրել էր, որ նկարում պատկերված են ոչ թե հենց այդ պահին շարունակվող հրդեհները, այլ դեկտեմբերի 5-ից հունվարի 5-ն ընկած հատվածում տվյալ տարածքում գրանցված բոլոր հրդեհները, որոնց տվյալներն ինքը վերցրել է NASA-ից։
Ի դեպ, Ավստրալիայի անտառներում բռնկված հրդեհների մասին պատմող նյութերում և հրապարակումներում ևս բավական շատ են օգտագործվում հին լուսանկարներ։ Միմյանց գրկած կենգուրուների կամ հրշեջի կողմից կոալային ջուր տալու նկարները, օրինակ, արվել են 2009-ին՝ կրկին Ավստրալիայի անտառներում մոլեգնած հրդեհի ժամանակ։
2019-ին ԿԳՄՍ նախարարության պարգևավճարները կազմել են 1,774,225,600 դրամ
Փաստերը ստուգող կայք համարվող Antifake.am կայքը հունվարի 6-ին նյութ էր հրապարկել, ըստ որի՝ 2019-ին Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության պարգևավճարները կազմել են 1,774,225,600 դրամ։
Տեղեկատվությունը, սակայն, չէր համապատասխանում իրականությանը։ Սխալ հրապարակմանն անդրադարձավ նաև Fip.am կայքը։ 1 միլիարդ 774 միլիոն դրամ, ըստ այդմ, կազմել էր նախարարության ընդհանուր աշխատավարձային ֆոնդը, իսկ պարգևավճարներին ուղղվել էր 456 միլիոն դրամ։ Antifake.am-ը, փաստացի, խեղաթյուրել էր փաստերը։
2019-ի արդյունքներով 1 շնչին ընկնող ՀՆԱ-ի ցուցանիշով Հայաստանն անցել է ոչ միայն Վրաստանին, այլ նաև Ադրբեջանին
Հունվարի 6-ին սխալ տեղեկատվություն էր տարածել նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա իր ֆեյսբուքյան էջում գրել էր, թե 2019-ի արդյունքներով 1 շնչին ընկնող ՀՆԱ-ի ցուցանիշով Հայաստանն անցել է ոչ միայն Վրաստանին, այլև Ադրբեջանին:
Նա, մասնավորապես, գրել էր. «Ժողովուրդ ջան, հիշու՞մ եք, որ ԱԺ ամբիոնից հայտարարեցի, որ 2019 թվականի արդյունքներով՝ 1 շնչին ընկնող ՀՆԱ-ի ցուցանիշով կանցնենք Վրաստանին, իսկ 2020 թվականի արդյունքներով՝ նաև Ադրբեջանին:
Պարզվում է՝ 2019 թվականի արդյունքներով անցել ենք և Վրաստանին, և Ադրբեջանին՝ դառնալով Հարավային Կովկասի առաջատար երկիրը»։
Այնուհետև վարչապետն իր գրառումը խմբագրել էր՝ նշելով, որ անճշտություններ կան գրառման մեջ։
«Հ.Գ. Գրառման նախորդ վարկածը անճշտություն էր պարունակում, ինչի համար ներողություն եմ խնդրում: Ըստ ամենայնի՝ Ադրբեջանին դեռ չենք անցնել, բայց ամենաուշը տարվա վերջին կանցնենք: Իրար հետ: Դուխով»,- ավելացրել էր Փաշինյանը։
Հունվարի 1-ից 150,000 դրամ ստացողի աշխատավարձը կնվազի 3700 դրամով
Հունվարի 7-ին Tert.am կայքը գրել էր, որ «150,000 դրամ ստացողի աշխատավարձը կնվազի 3700 դրամով, 2 մլն ստացողի դեպքում կբարձրանա 210 000-ով. հունվարի 1-ից ուժի մեջ են մտել Հարկային օրենսգրքի փոփոխությունները»։ Սխալ վերլուծական նյութը տարածվեց այլ կայքերում ևս։ Օրվա վերջում, սակայն, կայքն ուղղեց իր սխալը՝ նշելով, որ 150,000 դրամ ստացողի աշխատավարձը կմնա անփոփոխ։
Ֆինլանդիայում աշխատանքային շաբաթը դարձնում են 4 օր
Հունվարի 7-ին միջազգային կայքերում տարածվեց տեղեկություն, որ Ֆինլանդիայի վարչապետն առաջարկում է երկրում աշխատանքային շաբաթը դարձնել 4 օր, իսկ աշխատանքային օրը՝ 6 ժամ։ Հայկական որոշ կայքերում լուրը տարածվեց և անգամ «վերախմբագրվեց»՝ «Ֆինլանդիայում աշխատանքային շաբաթը դարձնում են 4 օր» պնդումով։
Ֆինլանդիայի կառավարության թվիթերյան էջում, սակայն, լուրը հերքվեց, իսկ պարզաբանման մեջ նշվեց, որ Ֆինլանդիայի կառավարության ծրագրում 4 աշխատանքային օրվա մասին խոսք չկա, չկա նման հարց նաև իրենց օրակարգում։ Ընդամենը վարչապետ Սաննա Մարինն անցած տարվա օգոստոսին, երբ դեռ զբաղեցնում էր տրանսպորտի նախարարի պաշտոնը, անցկացվող քննարկումներից մեկի ժամանակ նման հակիրճ առաջարկ էր ներկայացրել, սակայն վերջին շրջանում որևէ գործողություն այդ ուղղությամբ չի եղել:
4 զինվորի մահվամբ ավտովթար է տեղի ունեցել
Հունվարի 7-ին որոշ լրատվամիջոցներ տեղեկություններ տարածեցին, թե 4 զինվորի մահվամբ ավտովթար է տեղի ունեցել՝ ներկայացնելով 2018 թ. նոյեմբերի 7-ին տեղի ունեցած վթարի լուսանկարները: Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրեց. «Ապատեղեկատվություն մի տարածեք։ Ոչ մի վթար չի եղել այսօր»։
Նույն օրը News.am կայքը գրել էր, որ հունվարի 5-ին Արցախում երկու զինծառայողներ են վթարի ենթարկվել։ «Ազատության» հետ զրույցում ՊՆ խոսնակն այս կապակցությամբ նշել էր, որ Արցախում 2 զինծառայող վթարի են ենթարկվել անձնական ավտոմեքենայով, սակայն չեն զոհվել։
Նելլի Լազարյան