Հայաստանի հանրապետական կուսակցության խոսնակ, Ազգային ժողովի նախկին փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն իր ֆեյսբուքյան էջում երեկ՝ նոյեմբերի 28-ին գրառում է արել՝ պատասխանելով «Հայկական ժամանակ» թերթում հրապարկված խմբագրականին, որում անդրադարձ է կատարվում Անաստաս Միկոյանի մասին Շարմազանովի գրառմանը և համեմատականներ են տարվում Սարգսյանի և Միկոյանի գործունեությունների միջև։
Գրառման մեջ Շարմազանովը ներկայացրել փաստեր է Սերժ Սարգսյանի նախագահության և Հանրապետական կուսակցության կառավարման շրջանի մասին։ Շարմազանովի գրառման մեջ կան մի շարք խնդրահարույց հայտարարություններ և պնդումներ։ Fip.am-ն ուսումնասիրել է դրանք և պարզել, թե ինչքանով են այդ պնդումներն ու հայտարարությունները համապատասխանում իրականությանը։
«ԵԱՀԿ Մինսկի խմբի երկրների նախագահները 5 հայտարարություն են ընդունել, որտեղ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացումը պարտադիր է: Եթե Փաշինյանը կարող է, թող գոնե մեկ նմանատիպ հայտարարություն ընդունել տա, ես ուրախ կլինեմ միայն»
ԵԱՀԿ Մինսկի խումբը համանախագահող երկրների (Ռուսաստան, ԱՄՆ, Ֆրանսիա) նախագահներն Արցախյան խնդրի վերաբերյալ ընդհանուր հայտարարություններ, իրոք, արել են հինգ անգամ՝ 2009-2013 թվականներին (2009, 2010, 2011, 2012, 2013)։ Այս հայտարարություններն արվել են հիմնականում Մեծ ութնյակի (G8) շրջանակներում։ Սակայն 2014-ին Ռուսաստանը հեռացվել էր այդ խմբից՝ Ղրիմի բռնակցման հետևանքով։
Այսինքն, վերջին եռակողմ հայտարարությունը ընդունվել է Սերժ Սարգսյանի հեռանալուց դեռ հինգ տարի առաջ՝ 2013-ին: Դրանից հետո Ռուսաստանի, Ֆրանսիայի և ԱՄՆ նախագահներն ընդհանուր հայտարարություն Արցախյան հակամարտության վերաբերյալ ուղղակի չեն արել։
Այդ հինգ հայտարարությունները, ինչպես պնդում է Շարմազանովը, հաստատում են, որ հակամարտության լուծումը պետք է տեղի ունենա ԵԱՀԿ Հելսինկյան եզրափակիչ ակտի սկզբունքների հիման վրա։ Այդ սկզբունքներն են ուժի չգործադրումը, տարածքային ամբողջականությունը և ազգերի ինքնորոշումը։
Անհասկանալի է, սակայն, թե ինչպես պետք է վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ռուսաստանի, ԱՄՆ և Ֆրանսիայի նախագահներին «նմանատիպ հայտարարություն ընդունել տար»՝ հաշվի առնելով այս շրջանում նրանց լարված հարաբերությունները։
«Տխուր է, բայց փաստ. այժմ՝ Փաշինյանի իշխանության շրջանում, ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հայտարարության մեջ այլեւս չկա ինքնորոշման իրավունքի սկզբունքը»
Շարմազանովի այս հայտարարությունը չի համապատասխանում իրականությանը։ Այս տարի՝ 2019-ին, առնվազն մեկ անգամ Մինսկի խումբը հայտարարության մեջ նշել է ինքնորոշման իրավունքի սկզբունքը։ Մարտի 9-ի հայտարարության մեջ Մինսկի խումբը նշել էր, որ վերահաստատում է, որ խնդիրը պետք է լուծվի ԵԱՀԿ Հելսինկյան եզրափակիչ ակտի սկզբունքների (ուժի չկիրառում, տարածքային ամբողջականություն և ազգերի ինքնորոշում) հիման վրա։
Մինսկի խումբն ամեն հայտարարության մեջ չէ, որ նշում է այդ երեք սկզբունքները, սակայն որ այս սկզբունքները մշտապես եղել են բանակցությունների հիմնարար կետերը, ասել է նաև Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավովն այս տարվա նոյեմբերին Երևանում. «Սկզբունքորեն՝ տարածքային ամբողջականությունը, ինքնորոշումը և հակամարտության բացառապես խաղաղ կարգավորումը ֆիքսված են բոլոր տեսակի փաստաթղթերում, որոնք քննարկվում են կողմերի միջև»։
«Ավելին, ի հեճուկս հոռետեսների, «ֆուտբոլային դիվանագիտությունը» բացասաբար չազդեց Ցեղասպանության միջազգային ճանաչման վրա: Մի շարք երկրներ և նախ և առաջ Գերմանիան ճանաչեցին և դատապարտեցին Օսմանյան Թուրքիայում հայերի ցեղասպանությունը: Եվրամիության անդամ Կիպրոսը միաձայն ընդունեց Հայոց ցեղասպանության ժխտողականությունը քրեականացնող օրինագիծ»
Իրականում, Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը զգալի բացասական ազդեցություն է կրել Թուրքիայի հետ «ֆուտբոլային դիվանագիտության» պատճառով։ Խոսքը 2008-2009 թթ. Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների կարգավորման գործընթացի մասին է, որի արդյունքում 2009-ի հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում ստորագրվեցին հայ-թուրքական արձանագրությունները։
Ամիսներ անց՝ 2010 թ. ապրիլի 22-ին, նախագահ Սերժ Սարգսյանը արձանագրությունների վավերացման գործընթացը կասեցրեց՝ Թուրքիային մեղադրելով նախապայմանների լեզվով խոսելու, ժամանակ ձգելու և գործընթացը տապալելու մեջ։ Սարգսյանը, սակայն, Հայաստանի ստորագրությունը հետ չվերցրեց։
Չորս տարի անց՝ 2014-ի սեպտեմբերին, Սարգսյանը ՄԱԿ-ի ամբիոնից նշեց, որ «այսօր պաշտոնական Երևանը լրջորեն քննարկում է հայ-թուրքական արձանագրությունները խորհրդարանից հետ կանչելու հարցը»։ 2015-ին դրանք հետ կանչվեցին ԱԺ-ից, իսկ արդեն 2018-ի մարտին Սարգսյանի հրամանագրով դադարեցվեց հայ-թուրքական արձանագրությունների կնքման ընթացակարգը:
«Ֆուտբոլային դիվանագիտության» սկզբից՝ 2008-ից մինչ 2014 թվականը, միայն մեկ երկրի՝ Շվեդիայի խորհրդարանն է ճանաչել Ցեղասպանությունը։ Սակայն այդ երկրի խորհրդարանի կողմից ընդունված բանաձևը Շվեդիայի այդ ժամանակվա գործող կառավարությունը չէր աջակցում, իսկ երկրի վարչապետն անգամ զանգահարել էր Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանին և նշել, որ համաձայն չէ ընդունված հայտարարության հետ։
Որպիսի ավելի պարզ լինի, թե ինչ բացասական ազդեցություն է ունեցել «ֆուտբոլային դիվանագիտությունը», ստորև ներկայացնում ենք տարբեր երկրների և վերպետական կազմակերպությունների (օրինակ՝ Եվրոխորհրդարան)՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչած բանաձևերը՝ ըստ տարիների։
Ակնհայտ երևում է 2008-2013 թթ. «պասիվությունը» և դրան նախորդած և հաջորդած տարիների «ակտիվությունը»։
Ինչ վերաբերում է Կիպրոսի կողմից Ցեղասպանության ժխտման քրեականացմանը և Գերմանիայի կողմից Ցեղասպանության ճանաչմանը, ապա դրանք տեղի են ունեցել, համապատասխանաբար, 2015-ի ապրիլին և 2016-ի հունիսին, երբ հայ-թուրքական արձանագրություններն արդեն «մեռած փաստաթղթեր» էին։
«2007-2017 թթ. անցած 10 տարիների համեմատ Հայաստանում ուղղակի ներդրումներն աճել են 2,8 անգամ՝ 1 միլիարդ 800 միլիոն դոլարից հասնելով 5 միլիարդ 92 միլիոն դոլարի»
Ըստ Համաշխարհային բանկի տվյալների, Հայաստանում օտարերկրյա ուղղակի ներդրումները 1996-2006 թվականներին կազմել են 1.825 մլրդ դոլար, իսկ 2007-2017-ին՝ 5.572 մլրդ դոլար։ Այսինքն, եղել է 3.05 անգամ աճ՝ ավելի շատ, քան նշել է Շարմազանովը։
Սակայն այստեղ խնդրահարույց են Շարմազանովի ընտրած ժամանակահատվածները։ Ինչո՞ւ հենց 2007-2017 թթ. այլ ոչ թե, օրինակ, 2008-2017 և 1998-2007 թվականները, այսինքն՝ Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի նախագահության շրջանները։
Այդ դեպքում աճը ավելի համեստ է. 1998-2007 թվականներին՝ 2.423 մլրդ դոլար, 2008-2017-ին՝ 4.904 մլրդ դոլար։ Այսինքն՝ 2.02 անգամ աճ։
Հատկանշական է, որ Սերժ Սարգսյանի նախագահության տասը տարիների ընթացքում գրանցված 4.9 մլրդ դոլարի ներդրումների մոտ կեսը՝ 45 տոկոսը, արվել է առաջին երեք տարում՝ 2008-2010 թվականներին։ Իսկ հաջորդ յոթ տարիներին եղել է տարեկան միջինը մոտ 380 մլն դոլարի ներդրում, իսկ նրա նախագահության վերջին երեք տարում՝ 2015-2017-ին, ավելի քիչ՝ մոտ 256 մլն դոլար։
Ինչպես երևում է այս թվերից և ստորև զետեղված գծապատկերից, Սերժ Սարգսյանի նախագահության տարիներին 2008-ի գագաթնակետին հասնելուց հետո ուղղակի օտարերկրյա ներդրումները Հայաստանում նվազման միտում են ունեցել։
«Նվազագույն ամսական աշխատավարձը 2007-2017 թթ. ավելացել է 3,67 անգամ՝ 2006 թ. 15,000-ի դիմաց աճելով 55,000 դրամի»
Նվազագույն ամսական աշխատավարձը սահմանող առաջին օրենքն անկախ Հայաստանում ընդունվել է 1998-ի հոկտեմբերին և հետո փոխարինվել նոր օրենքով 2003-ին։
2006-ի հունվարի 1-ից, իսկապես, ինչպես պնդում է Շարմազանովը, նվազագույն աշխատավարձ էր սահմանվել 15,000 դրամը։ Այն պարբերաբար բարձրացվել է և մինչ Սերժ Սարգսյանի հեռանալը դարձել է 55,000 դրամ՝ 2015-ի հուլիսից։ Սա, իրոք, կազմում է 3.67 անգամ աճ։
Սակայն այստեղ ևս անհասկանալի է ընտրված ժամանակահատվածը։
Եթե վերցնենք Սերժ Սարգսյանի նախագահության հատվածը՝ 2009-2017 թթ., ապա կունենաք 1.8 անգամանոց աճ՝ 30-ից 55 հազար դրամ։
Նույն ժամանակահատվածի համար դոլարով հաշվարկված նվազագույն ամսական աշխատավարձը բարձրացել է ավելի համեստ՝ 1.2 անգամ կամ 20 տոկոսով։
Այսպիսով, ժամանակահատվածի ընտրությունը խնդրահարույց է, քանի որ անհասկանալի է մնում, թե ինչ սկզբունքով է Շարմազանովն ընտրել այն։
«Միջին ամսական աշխատավարձը 2007-2017 թթ. ավելացել է 3 անգամ՝ 62,293 դրամից հասնելով 184,170 դրամի:»
Ըստ Վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների, միջին աշխատավարձը 2007-ին կազմել է 74,227 դրամ, իսկ 2017-ին՝ 177,817 դրամ։ Աճը, այսպիսով, կազմել է մոտ 2.4 անգամ, այլ ոչ թե 3 անգամ։
Շարմազանովի բերած 62,293 թիվը, ըստ Վիճակագրական կոմիտեի տվյալների, 2006-ի ցուցանիշն է, այլ ոչ թե 2007-ինը։ Իսկ թե որտեղի՞ց է նա վերցրել 184,170 թիվը՝ անհասկանալի է։
Շարունակելով վերը բերված տրամաբանությունը, այսինքն համեմատել ոչ թե կամայական ժամանակահատվածներ, այլ նախագահների կառավարման շրջանները՝ հավանաբար ավելի տրամաբանական է դիտարկել 2008-ի և 2017-ի միջին աշխատավարձները։
Այստեղ աճը եղել է 2.03 անգամ։ Նույն ժամանակահատվածում (2008-2017) միջին աշխատավարձը դոլարով հաշվարկված աճել է ընդամենը 1.28 անգամ (28 տոկոս)՝ $287-ից դառնալով $367։
«ՀՆԱ-ն մեկ շնչի հաշվով դոլարային արտահայտությամբ աճել է 1,8 անգամ, դրամայինով՝ 2,1 անգամ»
Ըստ Համաշխարհային բանկի տվյալների, Հայաստանում մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն դոլարով 2006-2017 թվականներին աճել է 1.95 անգամ, իսկ դրամով՝ 1.43 անգամ։
2007-2017 թվականներին ՀՆԱ-ն մեկ շնչի հաշվով դոլարով աճել է 1.34 անգամ, իսկ դրամով՝ 1.247 անգամ։
2008-2017 թվականներին աճը դոլարով եղել է 1.05 անգամ (5 տոկոս), իսկ դրամով՝ 1.157 անգամ (15.7 տոկոս)։
տարի | մեկ շնչին ընկնող ՀՆԱ | |
դրամ | դոլար | |
2006 | 1,204,386 | 2,158 |
2007 | 1,381,980 | 3,139 |
2008 | 1,490,039 | 4,011 |
2017 | 1,723,561 | 4,212 |
Եզրակացություն
Այսպիսով, Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան գրառման մեջ մի շարք պնդումներ է արել, որոնք կամ ամբողջովին չեն համապատասխանում իրականությանը կամ մանիպուլյատիվ են։ Մասնավորապես, տնտեսական ցուցանիշների համար Շարմազանովը ընտրել է կամայական ժամանակահատվածներ, որոնք մանիպուլյատիվ են և չեն ներկայացնում ամբողջ պատկերը։