Կառավարության հոկտեմբերի 31-ի նիստում կրթության, գիտության, սպորտի և մշակույթի (ԿԳՍՄ) նախարար Արայիկ Հարությունյանը հայտարարեց, որ ուսուցչական մեկ դրույքի նվազագույն աշխատավարձը կկազմի 108 հազար դրամ, մինչդեռ ԿԳՍՄ փոխնախարար Արևիկ Անափիոսյանը մեկ շաբաթ առաջ վստահաբար խոսում էր 125 հազար դրամի մասին։
Կառավարության նիստում ԿԳՍՄ նախարար Արայիկ Հարությունյանը, ներկայացնելով դպրոցների ֆինանսավորման և ուսուցիչների վարձատրման նոր մոդելը, հայտարարեց․ «Նոր նախագծով թերհամալրված դպրոցներում առաջարկվում է սահմանել ուսուցչական մեկ դրույքի նվազագույն աշխատավարձ, ինչը հնարավորություն կտա ապահովագրել ուսուցիչների վարձատրությունն անկախ սովորողների թվից։ 2020 թ․ պետական բյուջեի հաշվարկների հիմքում դրվել է ուսուցչական մեկ դրույքի, ես ձեզ հայտնել էի 108-ի մասին, էտ թիվը հիմա հաշվարկները գնում են, կարող է հասնել մինչև 125 հազարի, բայց էս թիվը չֆիքսենք, բայց առնվազն 108 հազարը՝ որպես նվազագույն աշխատավարձ մեկ դրույքի համար, ապահովելու ենք, բայց էտ թիվը մեծանալու է»։
Նախարարը, ըստ այդմ, իր խոսքում հստակ շեշտել է, որ ուսուցչական մեկ դրույքի նվազագույն աշխատավարձը կազմելու է 108 հազար դրամ, և նշել, որ այդ թիվը կարող է հասնել մինչև 125 հազարի, սակայն, միևնույն ժամանակ, զգուշացել է այդ թիվը «ֆիքսելուց»։
Ի հեճուկս նախարարի այս հայտարարության՝ ԿԳՍՄ փոխնախարար Արևիկ Անափիոսյանը դեռևս հոկտեմբերի 23-ին Մեդիա կենտրոնին տված հարցազրույցում հայտարարել էր, որ հունվարից ուսուցիչների համար նվազագույն աշխատավարձ կսահմանվի 125 հազար դրամը։
«Աշխատավարձային քաղաքականությունն այնպես է, որ խրախուսման մեխանիզմներն էնտեղ դրված են, և մենք նույնիսկ քննարկել ենք, որ էնպիսի․․․ հիմա գիտեք՝ հունվարից նվազագույն աշխատավարձ ենք սահմանում 125 հազար դրամը և դրանից այնպես ենք թռիչքը ապահովում, որ ուսուցիչը կարողանա 400 հազար․․․ գուցե հնարավոր է ավել աշխատավարձ լինի»։
Փաստացի, նախարարն ու փոխնախարարը հակասում են իրար։ Եթե Հարությունյանը չի շտապում հայտարարել այնպիսի թվի մասին, որը դեռևս վերջնական հաշվարկներով ամրագրված չէ, ապա Անափիոսյանը դեռևս մեկ շաբաթ առաջ վստահաբար հայտարարում էր 125 հազ դրամ աշխատավարձի մասին։