ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատում հոկտեմբերի 29-ին կայացած քվեարկության արդյունքում ձայների մեծամասնությամբ ընդունվեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը։ Քվեարկությանը մասնակցած կոնգրեսականներից 405-ը կողմ քվեարկեցին, 11-ը՝ դեմ, 3-ը՝ ձեռնպահ, իսկ 13 կոնգրեսական չի քվեարկել։
Մինչ բանաձևի ընդունումը, սակայն, հայկական մի շարք լրատվամիջոցներ՝ 1in.am, Armtimes.com, Aravot.am, Panarmenian.net, Asekose.am, շտապեցին ԱՄՆ ներկայացուցիչների պալատի՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևն օրակարգ մտցնելու հարցի ընդունումը ներկայացնել որպես բանաձևի ընդունում: Այնուհետև կայքերը շտապեցին ուղղել սխալը՝ փոխելով վերնագրերն ու բովանդակությունը։
Միաժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը բանաձևի ընդունման համար շնորհակալություն հայտնեցին հենց Կոնգրեսին:
Մինչդեռ վարչապետի և արտգործնախարարի շնորհակալությունը մասամբ սխալ կարելի է որակել, քանի որ Կոնգրեսի երկու պալատներից՝ Սենատից և Ներկայացուցիչների պալատից, միայն երկրորդն է ճանաչել ցեղասպանությունը:
Ինչ է նշանակում այս բանաձևը
ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատում Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունումը շատերի մոտ հարց առաջացրեց, թե արդյո՞ք սրանով կարելի է ի վերջո ասել, որ Միացյալ Նահանգները ճանաչել է Հայոց ցեղասպանությունը: Ծավալված քննարկումներում ոմանք կարծիք են հայտնում, թե ԱՄՆ Կոնգրեսը սրանով ճանաչել է Հայոց ցեղասպանությունը, իսկ ոմանք էլ մտավախություն են հայտնում, թե բանաձևը վերջնական հաստատվելու համար դեռևս պետք է գնա Սենատ, և նոր միայն կարելի կլինի ասել, որ բանաձևն ընդունվել է:
Իրականում, սակայն, հայտարարել, որ Միացյալ Նահանգների օրենսդիրը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը, սխալ է։ Կոնգրեսը, ինչպես նշեցինք, բաղկացած է երկու պալատից՝ Ներկայացուցիչների պալատ և Սենատ: Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձևը ընդունվել է Ներկայացուցիչների պալատում։ Սենատում այժմ ներկայացված է Հայոց ցեղասպանության ճանաչման մեկ այլ բանաձև: Եվ եթե Սենատն ընդունի այս բանաձևը ևս, ապա այդ դեպքում կհամարվի, որ Միացյալ Նահանգների օրենսդիրը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը։
Բացի այդ, բանաձևը, քանի որ չի հանդիսանում օրենքի նախագիծ, ապա չի նախատեսվում, որ Սենատը պետք է հաստատի այն։ Ներկայացուցիչների պալատի բանաձևը, ըստ այդմ, ընդունված է վերջնական։
Պետք է արձանագրել նաև, որ ԱՄՆ-ում 49 նահանգներ պաշտոնապես ընդունել են Հայոց ցեղասպանությունը, Ներկայացուցիչների պալատը տարբեր անգամներ տարբեր փուլերում ընդունել է համանման բանաձևեր: Վերջին անգամ Ներկայացուցիչների պալատը Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձև ընդունել էր 1984-ին, և սա Հայոց ցեղասպանության մասին ԱՄՆ տարբեր մակարդակներում ընդունված որոշումների վերահաստատումն է: Սակայն ի տարբերություն նախորդների՝ այս բանաձևի քվեարկությունը՝ 405 կողմ և 11 դեմ, աննախադեպ է:
Այսպիսով արձանագրենք, որ ԱՄՆ Կոնգրեսը, այսինքն՝ օրենսդիր մարմինը, դեռևս ամբողջությամբ չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը:
Նելլի Լազարյան