Ազգային ժողովի նախկին պատգամավոր, Հանրապետական կուսակցության անդամ Կարինե Աճեմյանը սեպտեմբերի 25-ին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է, որ «6 ամսվա պատգամավորուհին գումար էր ստացել Ազգային ժողովից՝ խալիներ լվանալու համար»:
Պատգամավորուհին գումար չի ստացել
Կարինե Աճեմյանը, ամենայն հավանականությամբ, նկատի ունի այս տարվա հուլիսի 28-ին Վարդավառի տոնին Բաղրամյան պողոտայում գորգերի ցուցադրության և լվացման «միջոցառումը», որը նախաձեռնել էր ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հռիփսիմե Գրիգորյանը։ Այս միջոցառման համար Ազգային ժողովը հատկացրել էր մոտ 5 մլն դրամ։
Նշենք, որ այս միջոցառումը կազմակերպել են «Անի Ջուլհակյան» և «Սոլոյան Մերի» ԱՁ-ները։ Կատարված ծախսերի պաշտոնական հաշվետվությունը հրապարակվել էր Tert.am կայքում։
Դեռևս օգոստոսին «Փաստերի ստուգման հարթակը» կապ էր հաստատել ԱԺ պատգամավոր Հռիփսիմե Գրիգորյանի հետ՝ պարզաբանում խնդրելով միջոցառմանը նրա ներգրավվածության մասին: Պատգամավորը նշել էր, որ ինքը միայն մտահաղացման հեղինակն է, որևէ գումար չի ստացել դրա համար և միջոցառման կազմակերպիչների ընտրության հետ առնչություն չի ունեցել։ Այսպիսով, Կարինե Աճեմյանի հայտարարությունը, որ պատգամավորուհին գումար էր ստացել Ազգային ժողովից՝ խալիներ լվանալու համար, չի համապատասխանում իրականությանը։
Եկեղեցականներին «ծնկի բերելու» մասին
Աճեմյանն անդրադարձել է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ սեպտեմբերի 22-ին Լոս Անջելեսում եկեղեցականներին «ծնկի բերելու» հայտարարությանը։
«Ուզում եմ նշել, որ Նիկոլ Փաշինյանը, լինելով Ամերիկայի Միացյալ Նահանգներում, արել է երկու աննախադեպ հայտարարություն։ Դրանցից մեկը վերաբերում է Հայ-առաքելական եկեղեցուն և նրա սպասավորներին ծնկի բերելուն։ Մենք բոլորս գիտենք, թե պատմության ընթացքում ովքեր են մեր թշնամիներից ցանկացել ծնկի բերել եկեղեցուն»,- ասել է ՀՀԿ անդամը։
Սակայն Կարինե Աճեմյանը աղավաղում է Նիկոլ Փաշինյանի խոսքը։ Վարչապետը իրականում հայտարարել էր, որ չի պատրաստվում միջամտել Հայ-առաքելական եկեղեցու գործերին։
«Երբ մենք ասում ենք, որ եկեղեցու ներքին կյանք չենք մտնում, որոշ եկեղեցականներ եզրակացնում են՝ սա նախկին կառավարության նման չէ, սա թույլ կառավարություն է, եկեք քանդեք այս կառավարության ոտքերի տակ։… Շատ ուժեղ հակահարված կստանան ու ծնկի կբերվեն բառիս բուն և փոխաբերական իմաստով: Իսկ ընդհանուր իմ դիրքորոշումը չի փոխվում. եկեղեցին կառավարվում է ծխական կառույցների միջոցով և պետք է շարունակի էդպես լինել, իսկ կառավարությունը չպետք է միջամտի եկեղեցու ներքին … (գործերին-խմբ.)»,- հայտարարել էր Փաշինյանը։
Փաստացի, Փաշինյանը «սպառնում էր ծնկի էր բերել» ոչ թե Հայ-առաքելական եկեղեցուն, այլ «որոշ եկեղեցականների»։
Սորոսի հիմնադրամի մասին
Կարինե Աճեմյանն անդրադարձել է նաև միջազգային հիմնադրամների կողմից ՀՀ-ում հասարակական կազմակերպությունների և «պատգամավորների» ֆինանսավորմանը։ Իր խոսքում ՀՀԿ անդամը նշել է, որ այդ կազմակերպություններն ու պատգամավորները ֆինանսավորվում են ադրբեջանական ֆոնդերից։ Լրագրողների հարցին, թե որո՞նք են այդ ՀԿ-ներն ու պատգամավորները, ասել է. «Ինքներդ կարող եք պարզել: Այն հասարակական կազմակերպությունները, որոնք զբաղվում են այդ հարցով, կարող եք բացել ու պարզել: Այնպես չէ, որ մեծ գաղտնիք եմ ասում: Մեծ հաշվով, ինձ թվում է՝ երկիրը քանդելու ամբողջ ֆինանսավորումը գալիս է հենց այդտեղից՝ «Սորոսի» գրասենյակ, արևմտյան կառույցներ… իրենք, հնարավոր է՝ պարզապես միջնորդ են»:
Նշենք, որ ամերիկացի գործարար Ջորջ Սորոսի հիմնած «Բաց հասարակության հիմնադրամները», որը հայտնի է «Սորոսի հիմնադրամ» անվամբ, Հայաստանում գրանցվել է 1997 թվականին և սկսել է դրամաշնորհներ տրամադրել 1998-ից։ Այսինքն՝ 20 տարուց ավել այս կազմակերպությունը դրամաշնորհներ է տրամադրել, սակայն նախկին իշխանությունները երբևէ որևէ հայտարարություն չեն արել դրա գործունեության դեմ:
Ինչ վերաբերում է «Բաց հասարակության հիմնադրամների» և Ադրբեջանի կապին, ապա այս հարցում ևս ամեն ինչ միանշանակ չէ: Սորոսի հիմնադրամը Բաքվում գործել է 1999-ից մինչև 2014 թվականը։ Հիմնադրամի գործունեությունը լրջորեն սահմանափակվել էր դեռ 2010-ին, իսկ 2014-ի ապրիլին Ադրբեջանի իշխանությունները կալանք էին դրել հիմնադրամի՝ Բաքվի գրասենյակի բանկային հաշվի վրա և առգրավել համակարգիչները, որից հետո՝ դեկտեմբերին, հիմնադրամի գրասենյակը փակվել էր։ Եվ առնվազն հարց է առաջանում, թե ինչո՞ւ են Ադրբեջանի իշխանություններ արգելափակում հիմնադրամի գործունեությունն իրենց երկրում, եթե ֆինանսավորում են դա։
Այսպիսով,Կարինե Աճեմյանի մամուլի ասուլիսի ժամանակ հնչեցրած հայտարարությունները մանիպուլյատիվ են և չեն համապատասխանում իրականությանը: