Վարշավայում անցկացվող ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի (ԺՀՄԻԳ) Մարդկային չափման հարցերով համաժողովում երեկ՝ սեպտեմբերի 23-ին, ելույթ ունեցավ արդարադատության նախկին նախարար, նախկին ՀՀԿ-ական Արփինե Հովհաննիսյանը։ Վերջինիս խոսքում առկա էին մանիպուլյատիվ հայտարարություններ, որոնց անդրադառնում ենք ստորև։
Համաժողովին Հովհաննիսյանը ներկայացնում էր իր կողմից համահիմնադրած «Իրավական կրթություն և վերահսկողություն» հասարակական կազմակերպությունը։ Իր խոսքի սկզբում Հովհաննիսյանը պատասխանեց ադրբեջանցի բանախոսին՝ հակադարձելով, որ նա չէ, որ պետք է Հայաստանին ժողովրդավարության դասեր տա։ Ադրբեջանի ժողովրդավարության և մարդու իրավունքների ինստիտուտի տնօրեն Ահմադ Շահիդովը իր խոսքում նշել էր, որ Հայաստանը շարժվում է դեպի ավտորիտարիզմ։
Արփինե Հովհաննիսյանը հետո անցավ Հայաստանի ներքաղաքական իրադարձություններին՝ ներկայացնելով «մտահոգիչ փաստեր»։
«Արդյո՞ք մտահոգիչ չէ, որ անցանկալի որոշում կայացրած դատավորի աշխատասենյակը խուզարկվում է նրա բացակայությամբ, երբ նա արձակուրդի մեջ էր, և հետո նրա գործառույթները դադարեցվում են»,- հռետորական հարց տվեց Հովհաննիսյանը։
Այստեղ խոսքը Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատավոր Դավիթ Գրիգորյանի մասին է, որը 2019-ի մայիսի 18-ին որոշում էր կայացրել փոխել Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը և նրան կալանքից ազատ արձակել։ Նրա աշխատասենյակը խուզարկության էր ենթարկվել Հատուկ քննչական ծառայության (ՀՔԾ) աշխատակիցների կողմից հուլիսի 17-ին, երբ նա արձակուրդի մեջ էր։ Իսկ արդեն հուլիսի 29-ին Բարձրագույն դատական խորհուրդը (ԲԴԽ) որոշում էր կայացրել կասեցնել Գրիգորյանի լիազորությունները:
Հատկանշական է, որ այս բոլոր գործողություններն արվել են Գրիգորյանի կողմից պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործով՝ քաղաքացու ներկայացրած հաղորդման հիման վրա։ Մասնավորապես, ըստ ՀՔԾ-ի, դատավորը նախորդ տարի սեպտեմբերին, դատարանի շենքում չլինելով, նույն օրը նույն ժամին անցկացված նիստերի կեղծ արձանագրություններ է կազմել։ Սա առնվազն ուղիղ կապ չունի Քոչարյանի գործով նրա «անցանկալի որոշում» կայացնելու հետ՝ մի բան, որ Արփինե Հովհաննիսյանը չի նշում։
Հովհաննիսյանը Վարշավայում նաև հայտարարել է. «Արդյո՞ք մտահոգիչ չէ, որ նոր կառավարությունն աջակցել է Սահմանադրական դատարանի դատավորին, որի ընտրությունը օրենքների խախտումով է եղել…»։ Արփինե Հովհաննիսյանը նկատի ունի Վահե Գրիգորյանին, որի՝ ՍԴ դատավորի պաշտոնում քվեարկությունն Ազգային ժողովում դեռ 2018-ին հոկտեմբերին տապալվել էր ՀՀԿ-ի կողմից։ Արդեն այս տարվա մայիսին նախագահ Արմեն Սարգսյանը երկրորդ անգամ առաջադրել էր նրա թեկնածությունը և նա ընտրվել էր ՍԴ դատավոր։
Ըստ Արփինե Հովհաննիսյանի, սա օրենքի խախտում է, սակայն Fip.am-ը նախկինում անդրադարձել է այս պնդմանը և պարզել, որ Վահե Գրիգորյանի առաջադրումը ՍԴ դատավորի պաշտոնի համար օրենքի որևէ նորմի խախտում չի հանդիսանում, քանի որ ըստ 2019-ի մարտի 29-ին ընդունված «Սահմանադրական դատարանի մասին» օրենքում փոփոխությունների՝ «եթե Սահմանադրական դատարանի նոր դատավոր չի ընտրվում, ապա քվեարկությունից հետո՝ մեկամսյա ժամկետում, իրավասու մարմինն առաջադրում է Սահմանադրական դատարանի դատավորի նոր թեկնածու»:
Արփինե Հովհաննիսյանն իր ելույթից հետո ֆեյսբուքյան իր էջում գրել էր, թե իբր «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը, որը ևս ելույթ էր ունեցել նույն համաժողովում, իրեն մեղադրել է «Հայաստանի դատաիրավական համակարգի բոլոր հնարավոր արատների համար՝ դիտարկելով ինձ որպես անկախության երաշխավոր»։
Իրականում, Իոաննիսյանն իր խոսքում Արփինե Հովհաննիսյանի ելույթի վերաբերյալ ասել է. «Մի քիչ զարմանալի է, որ դատական համակարգը զավթած նախկին կառավարության ներկայացուցիչն այստեղ խոսում է դատական համակարգի անկախության բացակայության մասին։ Բավականին ցինիկ դրսևորում է մի մարդու կողմից, որը անձնական պատասխանատվություն է ունեցել որպես արդարադատության նախարար արդարադատության անկախության համար, երբ այն ամբողջությամբ գործադիրի վերահսկողության տակ է գտնվել»։
Այսինքն, Իոաննիսյանը Հովհաննիսյանին մեղադրում է որպես արդարադատության նախարար իր պարտականությունները չիրականացնելու մեջ, այլ ոչ թե «դատաիրավական համակարգի բոլոր հնարավոր արատների համար»։ Ավելին, Իոաննիսյանը նրան չի բնութագրում «որպես (դատական-խմբ.) անկախության երաշխավոր»։