Սեպտեմբերի 3-ին հեռարձակված հարցազրույցի ժամանակ Լևոն Զուրաբյանը նշել է, որ «ամբողջ ընդերքը ձրի հանձնվում է Լիդիանին» (32:34-32:42), ինչն էլ նա որակում է որպես կոռուպցիա։ Բացի այդ, ՀԱԿ փոխնախագահի խոսքով, պայմանագրում «հստակ չի գրված, որ կարող են հանել միայն ոսկի և արծաթ», և գրված է միայն քանակությունը (34։26-34:48) Վերջում էլ Լևոն Զուրաբյանը հավելում է, թե պայմանագրում առկա է ֆանտաստիկայի ժանրից մի կետ․ «Նոր հայտնաբերված օգտակար հանածոների արդյունահանում չիրականացնելու դեպքում իրականացնել դրանց պահուստավորումը կառավարության կողմից սահմանված կարգով» (35:11-35:22)։ Ըստ Զուրաբյանի` սա ևս կոռուպցիայի դրսևորում է։
«Փաստերի ստուգման հարթակը» որոշեց համեմատել Լևոն Զուրաբյանի ներկայացրած տվյալները և պնդումները «Լիդիան» ընկերության հետ կնքված պայմանագրում ամրագրված կետերի հետ։
Ամբողջ ընդերքը Լիդիանին «ձրի» նվիրելու մասին
Համաձայն պայմանագրի 2.3 կետի՝ «Պայմանագրի գործողության ընթացքում հանքավայրի օգտագործման արդյունքում ընդերքօգտագործողի ստացած շահույթը նրա սեփականությունն է»:
Առաջին հայացքից գուցե կարող էր թվալ, թե այս ձևակերպման հիմքում կոռուպցիոն գործոն կա, սակայն «Լիդիանի» պայմանագիրը շարադրված է ըստ Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թ. որոշմամբ ընդունված «Օգտակար հանածոյի արդյունահանման նպատակով ընդերքօգտագործման պայմանագրի օրինակելի ձևի»: Ուստի՝ ինչպես և ենթադրելի է, հանքավայրի օգտագործման արդյունքում ընդերքօգտագործողի ստացած շահույթը դառնում է նրա սեփականությունը, և պայմանագրի այս կետը հակասական համարելը կամ կոռուպցիոն որակելը մանիպուլյացիա է:
Բացի այդ, վերոնշյալ օրինակելի ձևում սահմանված են պետական տուրքերը և ընդերքօգտագործման վճարներն ու բնակչության անվտանգության և առողջության ապահովման նպատակով մշտադիտարկումների վճարները, որոնք առկա են նաև «Լիդիանի» պայմանագրի N1 հավելվածի 2-րդ և 3-րդ մասերում: N1 հավելվածի 1-ին մասն էլ վերաբերում է ընդերքօգտագործողի կողմից օգտակար հանածոների արդյունահանման նպատակով ֆինանսական առաջարկներին։ Ըստ այդմ՝ ֆինանսական առաջարկներ նախատեսող ներդրումների ընդհանուր գումարը կազմում է 75,180,000,000 դրամ: Այսինքն՝ «Լիդիանն» Ամուլսարի հանքը շահագործելու համար որոշակի ներդրումային ծրագիր պետք է իրականացնի, պետությունն անվճար նվիրում չի իրականացնում։
Ոսկու և արծաթի մասին
Լևոն Զուրաբյանը հարցազրույցի ժամանակ պնդում է` պայմանագրում հստակեցված չէ, որ հանքի շահագործման արդյունքում կարելի է հանքարդյունահանել միայն ոսկի և արծաթ:
Պայմանագրի 2.1 կետում, սակայն, ամրագրված է, որ լիազոր մարմինն (էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը) ընդերքօգտագործողին տարեկան 2600․0 հազ. տ օգտակար հանածոյի պաշարների մարման համար ժամանակավոր տիրապետմանն ու օգտագործմանն է հանձնում Ամուլսարի ոսկեբեր հանքավայրը: Պայմանագրում հստակ նշված են նաև օգտակար հանածոյի պաշարների տեսակները`
Ոսկի — 52664 կգ,
Արծաթ — 210.51 տ
Նոր հայտնաբերված օգտակար հանածոների արդյունահանման մասին
Լևոն Զուրաբյանին տարօրինակ էր համարել պայմանագրում առկա կետը՝ նոր հայտնաբերված օգտակար հանածոների արդյունահանման վերաբերյալ, որը նա որակել էր «ֆանտաստիկայի ժանրից վերցված»։
Համաձայն պայմանագրի 3.4.15 և 3.4.16 կետերի՝ ընդերքօգտագործողը պարտավոր է «տեղեկացնել լիազոր մարմնին օգտակար հանածոյի արդյունահանման պայմանագրում չնշված օգտակար հանածոների կուտակումների հայտնաբերման մասին դրանց հայտնաբերումից հետո` 14 օրվա ընթացքում։ Նոր հայտնաբերված օգտակար հանածոների արդյունահանում չիրականացնելու դեպքում իրականացնել դրա պահուստավորումը կառավարության սահմանած կարգով»։
Անհասկանալի է, թե ինչու է Լևոն Զուրաբյանն այս կետը համարում ֆանտաստիկայի ժանրից և ներկայացնում որպես կոռուպցիոն ռիսկ, քանի որ նույն պահանջն ամրագրված է «Ընդերքի մասին» օրենսգրքի 59-րդ հոդվածի 2-րդ մասի 14-15 կետերում:
Այսպիսով, «Քաղաքականությունը ներսից» հաղորդման ժամանակ Լևոն Զուրաբյանի ներկայացրած՝ «Լիդիան Արմենիան» ՓԲԸ-ի և Էներգետիկայի և բնական պաշարների նախարարություն միջև կնքված պայմանագրի խնդրահարույց կետերն ամենևին էլ խնդրահարույց չեն, այլ սահմանված են ՀՀ օրենսդրությամբ և իրավական կարգավորումներով: Այլ հարց է, որ ՀՀ օրենսդրությունը կատարյալ չէ և կոռուպցիոն ռիսկեր է պարունակում։
Գայանե Գասոյան