Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության օգոստոսի 29-ի նիստում, անդրադառնալով Moody’s գործակալության կողմից Հայաստանի սուվերեն վարկանիշի բարձրացմանը, հայտարարեց, որ սա աննախադեպ է։
«Սա 2006 թվականից ի վեր սպասված իրադարձություն է։ 2006-ից ի վեր Հայաստանի սուվերեն վարկանիշը չի բարձրացվել»,— ասաց վարչապետը (0:35-1:05):
Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը, հաջորդելով վարչապետի ելույթին, նշեց, որ Հայաստանի վարկանիշը հետ է վերադառնում 2015-ի ցուցանիշին։
«2015 և 2016 թթ․ հաջորդաբար Հայաստանի սուվերեն վարկանիշը իջեցվելուց հետո այսօր նորից հետ է բարձրացվում՝ առաջին անգամ վերջին տարիների ընթացքում»,— հայտարարեց նա։
Իսկ արդեն Տիգրան Խաչատրյանին հաջորդեց Կենտրոնական բանկի փոխնախագահ Ներսես Երիցյանը, որը հայտարարեց, որ «Մեր ռեյտինգը 2006-ից սկսած վատացել է …» (5:31-)։
«Փաստերի ստուգման հարթակը» փորձեց պարզել, թե իրականում ինչպես է փոխվել Moody’s գործակալության կողմից Հայաստանին տրվող վարկանիշը` սկսած 2006-ից։
Ի՞նչ է Moody’s-ի վարկանիշը և ինչպե՞ս է այն որոշվում։
«Մուդիս» կորպորացիան ամերիկյան ֆինանսական ծառայություններ մատուցող հեղինակավոր կազմակերպություն է։ Այն իր մեջ ներառում է «Մուդիս ներդրողների ծառայություն» (Moody’s Investors Service) վարկանիշային գործակալությունը, որը համաշխարհային առաջատար գործակալություններից է։ Գործունեություն է ծավալում ավելի քան մեկ դար։
«Մուդիսի» վարկանիշավորման գործընթացն իրականացվում է մի քանի փուլերով՝ օգտվելով բաց տվյալներից և տարբեր կառույցների տրամադրած տեղեկություններից։
«Մուդիսն» իրականացնում է երկարաժամկետ պարտքերի վարկանիշի գնահատում «C»-ից «Aaa» միջակայքում, որտեղ «C»-ն ամենացածր վարկանիշն է, «Aaa»-ն՝ ամենաբարձր։
Վարկանիշի գնահատմանը զուգահեռ՝ «Մուդիսն» իրականացնում է վարկանիշի հեռանկարի գնահատում։ Վարկանիշի հեռանկարը ցույց է տալիս որոշակի ժամանակահատվածում վարկանիշի փոփոխման հավանական ուղղությունը: Այն ունի գնահատման չորս սանդղակ՝ «կայուն», «դրական», «բացասական» և «զարգացող»։ «Կայուն» հեռանկարը կանխատեսում է, որ վարկանիշը փոփոխման միտում չունի, «բացասականը» ցույց է տալիս, որ վարկանիշը հետընթաց գրանցելու հավանականություն ունի։ Մյուս երկուսի դեպքում հեռանկարը դրական դինամիկա է կանխատեսում։
Փաշինյանի հայտարարության հետքերով
Այս տարվա օգոստոսի 27-ին Moody’s վարկանիշային գործակալությունը բարձրացրել է Հայաստանի սուվերեն վարկանիշը՝ «B1»-ից դարձնելով «Ba3»։ Միաժամանակ փոխվել է երկրի վարկանիշի հեռանկարը՝ «կայունից» դառնալով «դրական»։
Փաշինյանն այս թեմայով ֆեյսբուքյան գրառում կատարեց նույն օրը՝ նշելով, որ այս վարկանիշը կմեծացնի ներդրողների վստահությունը երկրի նկատմամբ։ Արդեն օգոստոսի 29-ին կառավարությունում վարչապետը հայտարարեց, որ Հայաստանի վարկանիշը չէր փոխվել 2006 թվականից։ Ֆեյսբուքում նույն բովանդակությամբ գրառում է կատարել նաև ԱԺ պատգամավոր, տնտեսագետ Բաբկեն Թունյանը։
Սակայն մամուլում լուրեր տարածվեցին, որ նախորդ տարիներին Հայաստանի ցուցանիշն ավելի բարձր է եղել։ Տնտեսագետ Սուրեն Պարսյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում էր կատարելով` նշելով, որ «Ba3» վարկանիշը բացառիկ չէ Հայաստանի ֆինանսական պատմության մեջ, և 2006-ին Հայաստանն ունեցել է ավելի բարձր՝ «Ba2», իսկ 2015-ին ՀՀ վարկանիշը կրկին «Ba3» է եղել։
Moody’s-ը առաջին անգամ Հայաստանին վարկանիշ է տրամադրել 2006-ին։ Այն եղել է «Ba2», որը եղել է Հայաստանին տրված ամենաբարձր վարկանիշը։ 2013-ին պահպանվել է նույն մակարդակը։ 2015-ին իջեցվել է «Ba3» մակարդակի, իսկ արդեն 2016-ին վարկանիշը իջել է՝ դառնալով «B1», որը պահպանվել է մինչև 2019 օգոստոսի 27-ի փոփոխությունը։
Եթե 2006-ին «Ba2» վարկանիշի հետ հեռանկարը եղել է «կայուն», ապա 2008-ին հեռանկարը փոխվել է «բացասական», 2013-ին (վարկանիշը՝ «Ba2») հեռանկարը փոխվել է «կայունի», իսկ 2015-ից կրկին դարձել է «բացասական» (վարկանիշը՝ «Ba3»):
Այսպիսով, ստացվում է, որ թեև «Ba3» մակարդակը բացառիկ չէ Հայաստանի համար, սակայն փաստացի 2006-ից ի վեր, երկու անգամ նվազում գրանցելուց հետո Հայաստանի սուվերեն վարկանիշը 2019-ին առաջին անգամ բարձրացվել է՝ վերադառնալով 2015-ի մակարդակին։
Արմիկ Հակոբյան