«Հրապարակ» օրաթերթը օգոստոսի 27-ի համարում «Որո՞նք են Վաղարշակ Հարությունյանին գեներալ «դարձնելու» իրավական հիմքերը» վերնագրով հոդված էր հրապարակել՝ հարց բարձրացնելով, թե ո՞ր իրավական հիմքով է վարչապետ Նիկոլ Փաշինյանը միջնորդել նախագահ Արմեն Սարգսյանին՝ Վաղարշակ Հարությունյանի գեներալ-լեյտենանտի կոչումը վերականգնելու համար։
Օգոստոսի 23-ին Արմեն Սարգսյանն ուժը կորցրած էր ճանաչել նախագահ Ռոբերտ Քոչարյանի 2002 թվականի հուլիսի 22-ի՝ Վաղարշակ Հարությունյանին զինվորական կոչումից զրկելու հրամանագիրը։ Այս մասին Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր ֆեյսբուքյան գրառման միջոցով։ «Հանրապետության նախագահը ընդունել է Վաղարշակ Հարությունյանին զինվորական կոչումներից զրկելու՝ Ռոբերտ Քոչարյանի հրամանագիրը ուժը կորցրած ճանաչելու իմ միջնորդությունը և ստորագրել համապատասխան հրամանագիր»,- տեղեկացրել էր Փաշինյանը:
Նախագահի պաշտոնական կայքում հրապարակված հրամանագրում որոշման հիմք նշվում է Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին մասը, այն է․ «Իր լիազորություններն իրականացնելիս հանրապետության նախագահն ընդունում է հրամանագրեր և կարգադրություններ»։ Այլ իրավական հիմք նշված չէ։ «Հրապարակի» հոդվածի հեղինակը հարց է բարձրացնում, թե ի՞նչ հիմքով է վարչապետը միջնորդել նախագահին նման հրամանագիր ստորագրել։
«Փաստերի ստուգման հարթակը» որոշեց պարզել այս հարցի պատասխանը։
Նշենք, որ չի կարող լինել որոշում, հրամանագիր կամ այլ իրավական ակտ, որը չունենա որևէ իրավական հիմք կամ չունենա ուժը կորցրած ճանաչելու մեխանիզմ։ Այս դեպքում, սակայն, իրավական հիմքը հրապարակված չէ, ինչն էլ դրա օրինականության վերաբերյալ կասկածներ է առաջացնում։
Fip.am-ը դիմեց վարչապետի աշխատակազմ՝ այս հարցերի պատասխանները ստանալու համար։ Հարցմանն ի պատասխան՝ ստացանք այն իրավական հիմքը, ըստ որի՝ վարչապետը միջնորդել է նախագահին վերոնշյալ հրամանագիրը ստորագրելու համար։
««Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ ՀՀ նախագահը՝ բարձրագույն սպայական կազմի զինվորական կոչումները շնորհում է ՀՀ վարչապետի առաջարկությամբ, ուստի շնորհումը ենթադրում է ոչ միայն տրամադրում, այլ նաև վերականգնում, կամ այլ կերպ ասած՝ այդ կոչմանը արժանացնելը։ Իսկ այդ վերականգնումը ենթադրում է ինչպես առանձին ակտի ընդունում, այնպես էլ ավտոմատացված՝ զրկման ակտն ուժը կորցրած ճանաչելով»,- նշված է կառավարության պատասխանում։
Այսինքն՝ վարչապետը վերականգնել է Վաղարշակ Հարությունյանի գեներալ-լեյտենանտի կոչումը՝ ավտոմատացված եղանակով՝ 2002-ի զրկման ակտն ուժը կորցրած ճանաչելու ճանապարհով։
Ավելացնենք նաև, որ ըստ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի՝ նորմատիվ իրավական ակտը, բացառությամբ Սահմանադրության, ուժը կորցրած է ճանաչվում իրավաստեղծ մարմնի, դրա իրավահաջորդի կամ համապատասխան լիազորություններով օժտված մարմնի որոշմամբ: Կոնկրետ զինվորական կոչումների դեպքում նախկին Սահմանադրությամբ որոշումը կայացնում էր Հանրապետության նախագահը, իսկ 2015-ի սահմանադրական փոփոխություններից հետո, համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի, նման որոշումները կրկին կայացնում է նախագահը, սակայն միմիայն վարչապետի առաջարկությամբ։
Հարկ է նշել նաև, որ նախագահը կարող է չընդունել առաջարկությունը և չստորագրել որևէ իրավական ակտ, եթե համարում է, որ այն հակասահմանադրական է (նման դեպքում հարցը ուղարկվում է Սահմանադրական դատարան)։
Այսպիսով, վարչապետ Փաշինյանի՝ նախագահ Արմեն Սարգսյանին ներկայացրած միջնորդությունը՝ ուժը կորցրած ճանաչել Ռոբերտ Քոչարյանի 2002 թվականին ստորագրած հրամանագիրը, իրավաչափ է։
Կարինե Կիրակոսյան