Ազգային անվտանգության ծառայության նախկին պետ Դավիթ Շահնազարյանը օգոստոսի 28-ին «Սպուտնիկ Արմենիա» ռադիոկայանի «Հակահարված» հաղորդման ընթացքում հայտարարել է, որ վարչապետի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի կողմից ստեղծված հիմնադրամները թափանցիկ չեն։
«Դրանք բաց չեն, թափանցիկ չեն։ Հիմնադրամը գործում է բացարձակ գաղտնիության պայմաններում, որի մասին հասարակությունը գաղափար չունի»,- ասել է ԱԱԾ նախկին պետը։
«Փաստերի ստուգման հարթակը» որոշեց գնալ Շահնազարյանի ինչպես այս, այնպես էլ հարցազրույցի ընթացքում արված մի շարք այլ հայտարարությունների հետքերով։ Հատկանշական է, որ հարցազրույցի ռուսերեն վերարտադրության մեջ «Սպուտնիկ Արմենիայի» կողմից ևս իրականացվել է փաստերի խեղաթյուրում, որին նույնպես կանդրադառնանք։
Աննա Հակոբյանի ստեղծած հիմնադրամների մասին
Այսպես, Դավիթ Շահնազարյանը նշում է, որ հեղափոխությունից հետո նախկին կոռուպցիոն համակարգերը ոչ միայն չեն նվազել, այլ նաև առաջընթաց են գրանցել։ Նա առանձնացնում է 3 կոռուպցիոն մեխանիզմ, որոնք ստեղծվել են նոր վարչակազմի կողմից, և նշում է Փաշինյանի կնոջ ստեղծած հիմնադրամները։
Նշենք, սակայն, որ Աննա Հակոբյանի կողմից ստեղծված «Իմ քայլը» հիմնադրամն իր գործունեության ու նվիրատվությունների մասին տեղեկատվությունը պարբերաբար հրապարակում է պաշտոնական կայքում։ Պաշտոնական հաշվետվությունները հրապարակվել են նաև azdarar.am կայքում։ Իսկ «Ժպիտների քաղաք» հիմնադրամը, որի հոգաբարձուների խորհրդի նախագահն է Աննա Հակոբյանը, հաշվետվությունները հրապարակում է պաշտոնական կայքում։ Հիմնադրամը վերջին հաշվետվությունը հրապարակել է ապրիլ-հունիս ամիսների վերաբերյալ՝ ներկայացնելով և՛ ծախսերը, և՛ նվիրատվությունները։
Ուստի, Շահնազարյանի պնդումը, որ վարչապետի տիկնոջ կողմից ստեղծված հիմնադրամները թափանցիկ չեն, չի համապատասխանում իրականությանը։
Սորոսի կողմից թավշյա հեղափոխությանն աջակցելու մասին
Հարցազրույցի ընթացքում Դավիթ Շահնազարյանը նշում է նաև, որ կառավարության կողմից դրամաշնորհ ստացած կազմակերպությունները («Իրազեկ քաղաքացիների միավորում», «Թրանսփարենսի Ինթերնեյշնլ հակակոռուպցիոն կենտրոնը») երկար ժամանակ ֆինանսավորվել են «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան» կազմակերպության կողմից, որի ղեկավարն «ասուլիսի ընթացքում հայտարարել է, որ իրենք ակտիվորեն աջակցել և օժանդակել են հեղափոխությանը»։
Հիմնադրամի տնօրեն Լարիսա Մինասյանը, սակայն, մշտապես հերքել է տարածված լուրերը, թե հիմնադրամը օժանդակել է կամ որևէ կապ է ունեցել 2018 թ. ապրիլ-մայիս ամիսներին Հայաստանում տեղի ունեցած հեղափոխության հետ։
Դեռևս 2018 թ. հուլիսի 6-ին «Հրապարակ» օրաթերթին տված հարցազրույցում Լարիսա Մինասյանը հերքել էր իրենց օժանդակությունը կամ աջակցությունը հեղափոխությանը. «Հեղափոխությունն իրականացրել է ժողովուրդը, և ժողովուրդն այնքան միանշանակ տեր էր կանգնել այդ փոփոխություններին, որ ոչ մի բանական մարդ չէր կարող դա չտեսնել։ Եթե որոշ մարդիկ փորձում են տեսնել Սորոսին, գործում են ակնհայտ իրողությունների դեմ։ Հնարավոր չէ հարյուր-հազարավոր մարդկանց ասել, թե իրենք դուրս են եկել, որովհետև Ջորջ Սորոսն է ասել, որ իրենք դուրս գան»։
2019 թ. մարտի 5-ին լրագրողների հետ հանդիպմանը Մինասյանը կրկին հաստատել է իր այս խոսքերը. «…Հեղափոխությունը տեղի չէր ունենա, եթե չլիներ հարյուր հազարավոր մարդկանց համախմբումը, գաղափարների, արդարության, արդարադատության պահանջը, անպատժելիության մթնոլորտը, բացարձակ լճացման ու քաղաքացու թևաթափման մթնոլորտը, եթե չլիներ հարյուր հազարավոր մարդկանց պոռթկումն ու ցանկությունը փոխելու երկիրն ու իրավիճակը»։
ՀԿ-ների լռության մասին
Շահնազարյանը նշում է նաև, որ 60-ից ավելի հասարակական կազմակերպություններ, որոնք դատապարտում էին «Սորոսի հիմնադրամի» դեմ իրականացվող բողոքի ակցիաները, ոչ մի հայտարարություն չարեցին, երբ Նիկոլ Փաշինյանը 2019 թ. մայիսի 19-ին կոչ արեց շրջափակել ՀՀ դատարանները։ Այս հայտարարությունը ճիշտ չէ, քանի որ այդ կազմակերպություններից, օրինակ, «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի» ղեկավար Արթուր Սաքունցը հանդես է եկել քննադատական հայտարարությամբ։
«Սպուտնիկ Արմենիայի» մանիպուլյացիան
Հատկանշական է, որ «Սպուտնիկ Արմենիան» Շահնազարյանի հետ հարցազրույցի ռուսերեն գրավոր տարբերակում նշում է, որ Արցախում դիտորդություն իրականացնելու համար ՀՀ կառավարությունից դրամաշնորհ ստացած կազմակերպություններից մեկը՝ «Թրանսփարենսի Ինթերնեյշնլ հակակոռուպցիոն կենտրոնը», «անհասկանալի է, թե ինչ կապ ունի ընտրությունների դիտորդության հետ»։
Սակայն «Թրանսփարենսի Ինթերնեյշնլ հակակոռուպցիոն կենտրոնը» Հայաստանում ընտրությունների դիտորդական առաքելություն իրականացնում է դեռևս սկսած 2004 թվականից։ Եվ անգամ Դավիթ Շահնազարյանը հարցազրույցի ընթացքում հիշեցնում է, որ 2017-ին նույն կազմակերպությունը 55-56 միլիոն դրամ դրամաշնորհ էր ստացել՝ խորհրդարանական ընտրությունների դիտորդական առաքելություն իրականացնելու համար։
Այսպիսով, ինչպես Դավիթ Շահնազարյանը, այնպես էլ «Սպուտնիկ Արմենիան», արել են մոլորեցնող հայտարարություններ և տարածել ապատեղեկատվություն։
Անի Ավետիսյան