Օգոստոսի 21-ին «5-րդ ալիք» հեռուստաընկերության «Հայլուր» լրատվական հաղորդման ամփոփիչ թողարկման սկզբում օրվա թեմաները ներկայացնելիս լրագրողը, անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի՝ զինվորականների ամսական աշխատավարձերի բարձրացման կոնկրետ ցուցանիշների մասին օգոստոսի 20-ին կատարած ֆեյսբուքյան գրառմանը, նշում է, որ վարչապետի հրապարակած տեղեկատվությունը շատ վտանգավոր է և արգելված։ Թողարկման՝ «Ամուլսարի քաղաքական մշուշը․ բաց առճակատո՞ւմ» վերտառությամբ ռեպորտաժի մեջ նշվում է, որ «զինվորականների բարձրացված աշխատավարձերի տվյալների հրապարակումը կարող է ուղիղ վտանգ սպառնալ ազգային անվտանգությանը»։
«Փաստերի ստուգման հարթակը» որոշեց պարզել, թե որքանով է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանրայնացված տեղեկատվությունը գաղտնի։ Ուսումնասիրելով մի շարք իրավական կարգավորումներ, կանոնակարգեր՝ պարզեցինք, որ զինծառայողների աշխատավարձերի բարձրացման կոնկրետ ցուցանիշների մասին տեղեկատվությունը գաղտնիք չի համարվում և որևէ կերպ չի կարող վտանգել ազգային անվտանգությանը։
2014 թվականից ուժի մեջ մտած «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքի հավելված 3-ում նշվում են ՀՀ պաշտպանության նախարարությունում զինվորական կոչումներ զբաղեցնող անձանց աշխատավարձը հաշվարկելու գործակիցները։ Համաձայն վերոնշյալ օրենսդրական կարգավորման՝ պաշտոնյայի դրույքաչափը հաշվարկվում է բազային աշխատավարձի (խմբ. «2019 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի՝ պետական պաշտոն զբաղեցնող անձանց բազային աշխատավարձի չափը կազմում է 66 140 դրամ) և օրենքով նախատեսված գործակցի արտադրյալով, սակայն վարչապետ Փաշինյանը ներկայացնում է ոչ թե կոնկրետ աշխատավարձերը, այլ կառավարության որոշմամբ դրանց բարձրացման կոնկրետ ցուցանիշների մասին թվեր։
Ռեպորտաժում «Պոլիէկոնոմիա հետազոտական կենտրոնի» տնօրեն Անդրանիկ Թևանյանը, խոսելով Նիկոլ Փաշինյանի գործողությունների մասին, նշում է․ «Նրա համար պետական գաղտնիք և այլն, էդպիսի բաներ գոյություն չունեն։ Նրա համար շատ կարևոր է պահի սենսացիան, պահի էֆեկտը և այսրոպեական շահը։ Դրանից ելնելով՝ ինքը կարող է ցանկացած բան հրապարակել, կարող է ռազմական գաղտնիք հրապարակել, պետական այլ տիպի անվտանգությանն առնչվող լուրեր հրապարակել, եթե հաշվարկի, որ դա կարող է իր համար քարոզչական որոշակի էֆեկտներ ապահովել»։
Անդրադառնալով «Հայլուր» լրատվական հաղորդման շրջանակում տեղ գտած այդ հայտարարությանը՝ նշենք, որ ռազմական գաղտնիք եզրույթ «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» ՀՀ օրենքում չկա։ Փոխարենը ռազմական որոշակի տեղեկությունները կարող են իրենց մեջ ունենալ պետական գաղտնիքի մաս կազմող տարրեր։ Օրենքը սահմանում է հետևյալը. «Պետական գաղտնիքը Հայաստանի Հանրապետության ռազմական, արտաքին հարաբերությունների, տնտեսական, գիտատեխնիկական, հետախուզական, հակահետախուզական, օպերատիվ-հետախուզական գործունեության բնագավառների այն տեղեկություններն են, որոնք պաշտպանվում են պետության կողմից, և որոնց տարածումը կարող է ծանր հետևանքներ առաջացնել Հայաստանի Հանրապետության անվտանգության համար»:
ՀՀ զինված ուժերի զինծառայողների աշխատավարձը անգամ եթե որևէ կերպ պետական գաղտնիք է, ապա այս տեսանկյունից Նիկոլ Փաշինյանի ներկայացրած թվերը ոչ թե զինծառայողների կոնկրետ աշխատավարձերի մասին է, այլ աշխատավարձերի բարձրացման կոնկրետ ցուցանիշների, որոնք և ոչ մի կերպ գաղտնիք չեն համարվում, հետևաբար, «5-րդ ալիք» հեռուստաընկերությունն արդեն որերորդ անգամ վերջին շրջանում փորձում է աղավաղված տեղեկատվություններ տրամադրել լսարանին։
Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի վերոնշյալ գրառմանը՝ հարկ է ընդգծել, որ այդ տեղեկատվության մեջ առկա են որոշակի մանիպուլյատիվ տարրեր։ Զինծառայողների ամսական աշխատավարձերի բարձրացման կոնկրետ ցուցանիշները հրապարակելիս դրանք հաշվարկվել էին առանց պետական տուրքերի և հարկերի գանձման ու հնարավոր ամենաբարձր գործակցով, որը, սակայն, հաշվարկվում է ըստ աշխատանքային ստաժի (25 և ավելի տարի)։
Արմիկ Հակոբյան