«Փաստերի ստուգման հարթակի» (Fip.am) կողմից օգոստոսի 20-ին հրապարակված «Պոլիոմիելիտի կրկնակի պատվաստումն իրականացվել է օրենքի խախտմամբ» հոդվածում տեղ են գտել մի շարք անճշտություններ։
Ինչպես նշվում է վերոնշյալ հոդվածի կապակցությամբ Առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային (ՀՎԿԱԿ) կենտրոնի հրապարակած հերքման մեջ, FIP-ի հոդվածում տեղ գտած տեղեկատվությունն այն մասին, որ լրացուցիչ պատվաստումների իրականացումը հակասում է Պատվաստումների ազգային օրացույցին, չի համապատասխանում իրականությանը, քանի որ պատվաստումներ կատարվում են ինչպես օրացույցով, այնպես էլ համաճարակաբանական ցուցումներով։
Ինչպես նշվում է ՀՎԿԱԿ տարածած բացատրության տեքստում, համաճարակաբանական ցուցումով պատվաստումների իրականացման համար հիմք են հանդիսացել մի շարք հանգամանքներ, մասնավորապես՝ Հանրապետությունում պոլիոմիելիտի դեմ պատվաստումներում ընդգրկվածության ցածր ցուցանիշները, հարևան Իրանի շրջակա միջավայրի նմուշներում վայրի պոլիովիրուսի հայտնաբերումը, ինչպես նաև կենդանի բերանային պոլիոմիելիտից անկենդանի փուլային անցման գործընթացը:
«Փաստերի ստուգման հարթակի» հրապարակման մեջ տեղ գտած անճշտությունները պայմանավորված են եղել այն փաստով, որ պատվաստումների վերաբերյալ ՀՀ առողջապահության նախարարի հրամանը նախորդել է Իրանում վայրի պոլիովիրուսի հայտնաբերման վերաբերյալ Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) հայտարարությանը։ Մասնավորապես, լրացուցիչ պատվաստումների մասին հրամանը առողջապահության նախարարը ստորագրել է 2019 թվականի մայիսի 15-ին, իսկ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն իր հայտարարությունը հրապարակել է մայիսի 24-ին։ Ըստ ՀՎԿԱԿ-ի, ԱՀԿ-ն վտանգի մասին զգուշացրել է ավելի վաղ՝ առաջարկելով ուժեղացնել համաճարակաբանական հսկողությունը և ուշադրության կենտրոնում պահել և բարելավել պատվաստումներում ընդգրկվածության ցուցանիշները։
Բացի սա, հարկ ենք համարում նշել, որ Fip.am-ի հոդվածում տեղ գտած պնդումը, որ պոլիոմիելիտի կրկնակի պատվաստումն իրականացվել է օրենքի խախտմամբ, չի համապատասխանում իրականությանը։
«Փաստերի ստուգման հարթակը» ներողություն է խնդրում իր ընթերցողներից և Առողջապահության նախարարությունից պատվաստումների զգայուն թեմայի վերաբերյալ հոդվածում առկա ապատեղեկատվության և սխալ եզրակացությունների համար։