Օգոստոսի 3-ին «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի կողմից հիմնադրված «Իրավաբան.net» լրատվական կայքը «Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի կազմում ՀԿ-ների ներգրավման համար հայտարարված մրցույթը անցկացվել է խախտումներով․ արդյունքները չորս ՀԿ-ների մասով ոչ օրինական են» վերտառությամբ հոդված է հրապարակել։ Հրապարակման համար հիմք են հանդիսացել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ 2019թ. հունիսի 24-ի 808-Ն որոշումը և վերջինիս կից հավելվածը, Հայաստանի կառավարությանը և ՀՀ արդարադատության նախարարությանն ուղղված հարցումների արդյունքում ստացված պատասխանները, պետական գերատեսչությունների պաշտոնական կայքերում հայտնված հայտարարությունները և տեղեկատվական հաղորդագրությունները։
Փաստերի ստուգման հարթակը ևս ուսումնասիրեց վերոնշյալ փաստաթղթերը, մեկնաբանություն ստացավ ՀՀ արդարադատության նախարարությունից։ Կողք կողքի համադրելով «Իրավաբան.net»-ի հրապարակումը և ՀՀ արդարադատության նախարարության պատասխանը՝ ակնհայտ է դառնում, որ լրատվական կայքը բավականին միակողմանի, ինչպես նաև մանիպուլյատիվ է մեկնաբանում Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի կազմում հասարակական կազմակերպությունների ներգրավման համար հայտարարված մրցույթի ընթացքը։
Մրցույթի ժամկետը երկարացնելու վերաբերյալ
Արդարադատության նախարարության կողմից մրցույթի՝ նախապես հայտարարված վերջնաժամկետի (այն նախատեսված էր հուլիսի 10-ին) հետաձգման պատճառը մեկ օրով նախարարության կողմից ճշտված և պարզաբանված չէ «Իրավաբան.net»-ի հրապարակման մեջ, սակայն ներկայացված տեքստը բավականաչափ մանիպուլյատիվ է. լրատվական կայքի կողմից բերվում են «հիմնավոր կասկածներ առ այն, թե հուլիսի 11-ին հայտեր ներկայացրած հասարակական կազմակերպությունների և ՀՀ արդարադատության նախարարության միջև եղել է նախնական` ոչ օրինական և իրավաչափ պայմանավորվածություն, և վերջինս մեկ օրով նախատեսված մրցույթի ժամկետը երկարացրել է նախապես համաձայնեցված հասարակական կազմակերպությունների մուտքը հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդում ապահովելու համար»։
Մինչդեռ հուլիսի 10-ին խոշոր էներգետիկ վթար էր տեղի ունեցել, ինչի արդյունքում Հայաստանի մի շարք մարզերում և, մասնավորապես, Երևանում հոսանքազրկումներ և հոսանքի տատանումներ են տեղի ունեցել՝ խաթարելով բազմաթիվ կառույցների բնականոն աշխատանքը։ Չնայած ՀՀ արդարադատության նախարարությունը մրցույթի՝ մեկ օրով հետաձգման հայտարարության մեջ հստակ պատճառ չէր ներկայացրել, սակայն FIP.am-ին տրված պարզաբանման մեջ նշվել է, որ հիմնական խնդիրը եղել է էներգետիկ համակարգում տեղի ունեցած վթարը, ինչի արդյունքում որոշում է կայացվել ընդամենը մեկ օրով հետաձգել մրցույթի ժամկետը՝ հնարավորություն տալով ՀԿ ոլորտի ներկայացուցիչներին։
Հայտերի ուսումնասիրության արձանագրության մասին
«Իրավաբան.net»-ի հրապարակման մեջ մանիպուլյացիա է առկա նաև մրցույթի ավարտի, արդյունքների արձանագրության կազմման և խորհրդի գործունեության վերաբերյալ։ Այսպես, հոդվածագիրը պնդում է, որ «եթե մրցույթը ավարտված է համարվում հուլիսի 11-ին, ժամը 18:00-ին (ՀՀ արդարադատության նախարարության աշխատանքային ժամերի ավարտը), ապա ինչպե՞ս է դիտարկվել և դրական եզրակացություն տրվել «Հետաքննող լրագրողներ» ՀԿ-ի հայտին, եթե այն ուղարկվել էր հուլիսի 11-ին, ժամը 18:13-ին: Իսկ եթե մրցույթի ավարտը համարվում է հուլիսի 11-ի 23:59-ը, ապա ե՞րբ են քննարկվել և ամփոփվել մրցույթի արդյունքները, եթե կազմված արձանագրությունը ևս հուլիսի 11-ին է կազմվել»: FIP.am-ին ՀՀ արդարադատության նախարարությունից տեղեկացրին, որ իրենց կողմից տարածված հայտարարության մեջ սահմանված է եղել միայն մրցույթի ավարտի օրը և ոչ ժամը, հետևաբար վերջնաժամկետ է համարվել հուլիսի 11-ի 23:59-ը։
ՀՀ վարչապետի 808-Ն որոշումը և վերջինիս կից հավելվածը որևէ կերպ չեն սահմանել այդ արձանագրության կազման ժամկետը։ Հետևաբար մրցույթի հայտերի արդյունքների ամփոփումը կարող էր լինել ինչպես փաթեթային (խմբ. տեղի է ունեցել այս տարբերակը), այնպես էլ, օրինակ, կազմակերպություն առ կազմակերպություն։ Արդարադատության նախարարությունից վերոնշյալի վերաբերյալ FIP.am-ին հայտնեցին, որ մրցույթը բաց է եղել մինչև հուլիսի 11-ի օրվա ավարտը, սակայն այլ հայտադիմումներ մինչև 23:59 չեն ստացվել, հակառակ դեպքում նախարարությունը հավելյալ արձանագրություն կկազմեր՝ խորհրդի անդրանիկ նիստի հրավեր ուղարկելով հայտադիմում ներկայացրած կազմակերպություններին։ Ինչպես երևում է «Իրավաբան.net»-ի հարցմանը ՀՀ արդարադատության նախարարության կողմից տրված պատասխանում՝ հայտեր ներկայացրած կազմակերպությունները եղել են 6-ը, և վերջինը հայտ ներկայացրել է «Հետաքննող լրագրողներ» ՀԿ-ն։
Խորհրդի ոչ թափանցիկ գործունեության մասին
Ինչ վերաբերում է ՀՀ հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի նիստի՝ հանրությունից փակ անցկացվելու մասին պնդմանը, ապա այստեղ ևս առկա է մանիպուլյացիա, քանի որ ըստ ընթացակարգի՝ նիստերի ուղիղ հեռարձակման պահանջ կամ ԶԼՄ-ներին նիստի լուսաբանման համար հրավեր ուղարկվելու պարտադիր կարգ նախատեսված չէ: Մինչդեռ նիստը, ընթացակարգի համաձայն, լուսաբանվել է վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության կողմից, իսկ լրատվադաշտում նիստի անցկացման օրվա մասին հրապարակումներ եղել են։ Օրինակ, «Ազատություն» ռադիոկայանը նիստի անցկացման մասին հանրությանը ծանուցել է հուլիսի 10-ին, իսկ անդրանիկ նիստը լուսաբանել է հուլիսի 12-ին։
Նիստի վերաբերյալ հրապարակումներ են առկա բազմաթիվ ԶԼՄ-ներում։ Ընդ որում, լուսաբանումները և թափանցիկությունը չեն զիջել նախկին հակակոռուպցիոն խորհրդի (որին ի դեպ անդամակցել է նաև «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ն) գործունեության թափանցիկությանը: 2018 թվականի հեղափոխությունից հետո առաջին անգամ ձևավորվող հակակոռուպցիոն այս խորհրդի անդամակցության մրցույթը, սակայն, «Իրավաբանների հայկական ասոցիացիա»-ն որոշեց բոյկոտել:
Հ.Գ. Հավելենք, որ Փաստերի ստուգման հարթակը «Իրավաբան.Net» լրատվական կայքի կողմից ներկայացված իրավական որակումների, մեկնաբանությունների վերաբերյալ ուսումնասիրություն չի կատարել և այս պահին զերծ կմնա նաև մրցույթի անցկացման իրավական կողմը փաստերի ստուգման տեսանկյունից մեկնաբանելուց։