Հանրապետական կուսակցության մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը հունիսի 24-ին լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձել է Հայաստանի ներքաղաքական իրադարձություններին ու գործող իշխանության գործունեությանը։
Fip.am-ը ստուգեց նախկին պատգամավորի հնչեցրած մի շարք վիճահարույց հայտարարությունների իսկությունը։
Տնտեսության մասին
Խոսելով կառավարության և Նիկոլ Փաշինյանի գործունեության մասին՝ Շարմազանովը հայտարարեց, որ «թե՛ ներդրումներն են պակասել, թե՛ աշխատատեղերը»։
Աշխատատեղերի կրճատման մասին Շարմազանովի հայտարարությունը չի համապատասխանում իրականությանը։ Ըստ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների, 2019 թվականի մարտի դրությամբ աշխատողների թվաքանակը, համեմատած նախորդ տարվա նույն ժամանակահատվածի, աճել է 6,1 տոկոսով։ Եթե 2018 թվականի մարտին գրանցված աշխատողների թիվը եղել է՝ 531 917, ապա 2019 թվականի մարտին այդ ցուցանիշը կազմել է 564 454 մարդ։
Կոմիտեի ներկայացրած գրաֆիկի համաձայն, Հայաստանում գրանցված աշխատողների թիվն անցած տարվա հունվարից աճ է գրանցել։
Ինչ վերաբերում է ներդրումների կրճատմանը, ապա այստեղ իրավիճակն այնքան էլ միանշանակ չէ։ Կառավարությունը ներդրումների մասին խոսելիս ներկայացնում է Կենտրոնական բանկի հրապարակած վճարային հաշվեկշռի «զուտ պարտավորությունների ստանձնում» տողը, որը ներդրումային վիճակագրության ամենատարածված ցուցանիշներից է։ Սակայն տնտեսագետներից շատերը համաձայն չեն հաշվարկի այս մեթոդի հետ և ներդրումներ ասելով՝ նկատի են ունենում ներհոսքի և արտահոսքի տարբերությունը։ Սա է պատճառը, որ ներդրումների մասին հայտարարությունները հաճախ լինում են իրարամերժ և հակասական։
Զորավարժությունների մասին
ՀՀԿ խոսնակը անդրադարձել է նաև Ադրբեջանի և Թուրքիայի կողմից իրականացված զորավարժություններին: «Մայիսի 1-3-ը, այնուհետև հունիսի 7-11-ը Ադրբեջանը ու Թուրքիան երկու մեծ զորավարժություններ են կազմակերպել։ Մենք ի՞նչ ենք արել»,— հայտարարել է Շարմազանովը։
Թե ինչ գործողություններ էր ակնկալում ՀՀԿ խոսնակն ի պատասխան Թուրքիայի և Ադրբեջանի զորավարժությունների՝ դժվար է կռահել։ Այնուամենայնիվ, նշենք, որ հունիսին պաշտպանության նախարարությունը հայտարարել է ՀՀ զինված ուժերում հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) զորքերում հակաօդային պաշտպանության համակարգի ամբողջական ընդգրկմամբ մեկնարկած զորավարժությանը զուգահեռ, Արցախի պաշտպանության բանակի ՀՕՊ ստորաբաժանումների մասնակցությամբ մարտական հրաձգության զորավարժություններ անցկացնելու մասին։ Բացի այդ, հունիսի 17-ին ՊԲ մի շարք զորամասերի և զորատեսակների ներգրավմամբ մեկնարկել են հրամանատարաշտաբային զորավարժություններ:
Արցախ կատարած այցի մասին
Շարմազանովն անդրադարձել է նաև Նիկոլ Փաշինյանի՝ մայիսի 9-ին Արցախ կատարած այցին։ «Մայիսի 9-ին Փաշինյանը մեկնում է Արցախ, որպեսզի համազգային տոնին մասնակցի, տեսնում է Սերժ Սարգսյանը այնտեղ է, միանգամից վերադառնում է, չի սպասում մեկ օր անցնի տնաշենը։ Միանգամից գրառում է անում՝ Արցախում հակահեղափոխականները գլուխ են բարձրացրել․․․»։
Փաշինյանը, իսկապես, Արցախ էր մեկնել մայիսի 9-ին, սակայն Սերժ Սարգսյանի՝ Արցախում գտնվելու մասին հայտնի էր դեռ մայիսի 8-ին, երբ վերջինս Արցախի նախագահ Բակո Սահակյանի, ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ մասնակցում էր Շուշիի ազատագրման 27-ամյակին նվիրված միջոցառմանը։ Եթե Փաշինյանին որևէ կերպ կաշկանդեր Սերժ Սարգսյանի ներկայությունը Արցախում, ապա նա պարզապես չէր մեկնի այնտեղ։
Ըստ այդմ, կարող ենք արձանագրել, որ իր խոսքում Էդուարդ Շարմազանովը չի խորշում ոչ միայն մանիպուլյատիվ հայտարարություններ անելուց, այլև կեղծ տվյալներ ներկայացնելուց։