Մարտի 27-ին Tert.am-ը վերահրապարակել է ամերիկյան Washington Times օրաթերթի հոդվածը՝ Հայաստանում տեղի ունեցած փոփոխությունների մասին՝ աշխարհաքաղաքական համատեքստում։ Հոդվածի հեղինակ Ջեյքոբ Կամառասը (Jacob Kamaras) պնդում է, որ Հայաստանի նոր իշխանությունները չեն իրականացրել իրենց տված խոստումներից ոչ մեկը և որ Հայաստանը պետք է հետևի Ադրբեջանի օրինակին՝ իր տնտեսական զարգացումն ապահովելու համար։
Հոդվածը լի է ապատեղեկատվություններով և, ընդհանուր առմամբ, ընդգծված միակողմանի է։ Սակայն անդրադառնանք ոչ թե հոդվածի բովանդակությանը, այլ հոդվածի հեղինակին։ Կամառասը նախկինում եղել է Jewish News Syndicate անվանումով ամերիկյան պահպանողական հրեական լրատվականի գլխավոր խմբագիրը։ Նա հեղինակ է մի շարք քաղաքական հոդվածների, որտեղ ներկայացված են հիմնականում Մերձավոր Արևելքի և ամերիկյան ներքին քաղաքական թեմաներ։
Ինչ վերաբերում է մեր տարածաշրջանին, ապա Կամառասը հեղինակել է մի քանի բացահայտորեն ադրբեջանամետ հոդվածներ, որոնք Արցախի հարցը ներկայացնում են խիստ միակողմանիորեն։ Օրինակ, 2017թ. նոյեմբերին նրա հեղինակած հոդվածը ևս տեղ էր գտել Washington Times-ի էջերում։ Մի հոդված էլ հրապարակվել էր CNSNews.com կայքում, որում նա, Հայաստանը ներկայացնելով որպես Ռուսաստանի և Իրանի մտերիմ գործընկեր, կոչ է անում ԱՄՆ կառավարությանը «զբաղվել» Հայաստանով։
Նրա այլ հակահայկական հոդվածները հրապարակվել են ամերիկյան պահպանողական հրեական լրատվական jewishpress.com կայքում՝ 2017թ. դեկտեմբերին։ Այս անգամ նա խիստ բացասական կարծիք էր հայտնել Հայաստանի և Իսրայելի փոխհարաբերությունների հնարավոր բարելավման մասին։ 2018թ. հեղինակը մեկ այլ հոդված էր հրապարակել կրկին աջակողմյան, պահպանողական The Daily Caller կայքում, որի վերնագրում հենց Հայաստանն անվանել է «աղբանոց», իսկ Ադրբեջանը ներկայացրել որպես ԱՄՆ դաշնակից։
Այս ամենից պարզ երևում է Կամառասի քաղաքական ուղղվածությունը։ Նրա հոդվածներում ակտիվորեն քարոզվում է ԱՄՆ-Ադրբեջան և Ադրբեջան-Իսրայել հարաբերությունների խորացում՝ ընդդեմ «Հայաստան-Իրան-Ռուսաստան առանցքի»։
Հիշեցնենք, որ Փաստերի ստուգման հարթակը (FIP.am) նախկինում ևս անդրադարձել էր ամերիկյան ոչ այնքան հայտնի և վստահելի լրատվականներում կասկածելի հեղինակություն ունեցող գրչակների հոդվածներին։ Ավելին, դրանք հաճախ վերահրատարակվում են հայկական լրատվականներում, առանց դրանց հեղինակների կամ լրատվականների մասին տեղեկության։ Ընթերցողների մոտ շփոթմունք կարող են առաջացնել նաև այս լրատվականների անվանումները։ Օրինակ, Washington Times-ը ոչ մի կապ չունի շատ ավելի հայտնի և հեղինակավոր, ամերիկյան ժուռնալիստիկայի առաջամարտիկներ Washington Post-ի և New York Times-ի հետ։
Հովհաննես Նազարեթյան