Դռնփակ քննարկումներից հետո լրագրողների հետ ունեցած ճեպազրույցում խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը հայտարարեց, որ տեղի է ունեցել ոչ թե խմբակցության նիստ, այլ աշխատանքային քննարկում խմբակցության ներսում՝ գերատեսչության ղեկավարի հետ։ Մակունցի խոսքով, նման քննարկումներ լինելու են նաև այլ գերատեսչությունների ղեկավարների հետ։
Լրագրողի հարցին, թե ի՞նչ իրավական հիմքերով է ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը հրավիրվել խորհրդարան՝ Մակունցը վստահաբար պնդեց, որ նման քննարկումներ կարող են հրավիրել ԱԺ այլ խմբակցություններ ևս։
Նկատենք, սակայն, որ ի հեճուկս տիկին Մակունցի հավաստիացումների, «Ազգային Ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 8-րդ հոդվածով սահմանվում են խմբակցությունների լիազորությունները, ըստ որոնց, խմբակցությունն իրավունք ունի հրավիրելու խորհրդարանական լսումներ, ինչպես նաև գրավոր հարցապնդումներով դիմելու կառավարության անդամներին, բայց ոչ երբեք կառավարության անդամին կամ կառավարությանն առընթեր որևէ մարմնի ղեկավարի հրավիրել/կանչել դռնփակ աշխատանքային քննարկման։