News.am կայքը հոկտեմբերի 27-ին հրապարակել է ««Գարդասիլով» պատվաստելուց հետո դեռահասների մոտ ցրված սկլերոզ են հայտնաբերել» վերնագրով հոդվածը, որը նույն կայքը անգլերեն հրապարակել է հետևյալ վերնագրով՝ “It’s Official – Teens Diagnosed With MS After Gardasil Vaccines” («Պաշտոնական է՝ գարդասիլով պատվաստելուց հետո դեռահասներն ախտորոշվել են ցրված սկլերոզով»)։
Այս վերնագրով հոդվածներ ամերիկյան մի քանի կայքերով են հրապարակվել այս տարվա տարբեր ամիսներին։ Այն առաջին անգամ հրապակել է collective-evolution.com կայքը՝ 2018թ․ փետրվարի 23-ին։ News.am կայքը հոդվածում հղում է կատարում americanhealthnews.info կայքին, որը նյութը հրապակել էր սեպտեմբերի 16-ին։
Նյութը լի է անհիմն պնդումներով։ Նրա սկզբնաղբյուրը՝ collective-evolution.com կայքը, հայտնի է իր կեղծ գիտական նյութերով և դավադրության տեսությունների տարածմամբ։ Ըստ փաստերի ստուգմամբ զբաղվող Media Bias/Fact Check (MBFC News) ամերիկյան անկախ հարթակի, այն կեղծ գիտական և «քլիքաբեր» (clickbait) կայք է, որը ներկայանում է որպես այլընտրանքային լրատվամիջոց։
Այս տարվա մայիսին ամերիկյան առողջապահական գիտական պարբերական «Human Vaccines & Immunotherapeutics»-ում հրապարակված ուսումնասիրությունը որևէ էական կապ չէր գտել գարդասիլի պատվաստման և ցրված սկլերոզի միջև։
Հովհաննես Նազարեթյան