168.am կայքը երեկ՝ հոկտեմբերի 26-ին, հրապարակել է հոդված՝ «Հայաստանը պատրաստ է տարածքներ զիջել՝ Արցախի կարգավիճակի դիմաց. Armtimes.com» վերնագրով։ Այդ նյութը «Հայկական ժամանակի» կայքում (armtimes.com) հրապարակվել էր երկու տարի առաջ՝ 2016թ․ հոկտեմբերի 25-ին։ Դա ՀԺ-ի լրագրող Սեդա Ղուկասյանի հարցազրույցն է քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանի հետ։
168.am-ը միայն հոդվածի ներքևում է նշել ՀԺ-ի հրապարակման ամսաթիվը։ Ավելին, նյութի վերնագրում 168.am-ը նշել է ոչ թե մեջբերման հեղինակ Հայկ Մարտիրոսյանին, այլ armtimes.com կայքը՝ տպավորություն ստեղծելով, թե ՀԺ-ն է այդ տեսակետի հեղինակը, այլ ոչ թե քաղաքագետը։ 168.am-ը իր կայքում չի նշել նաև լրագրողի անունը, որը վարել է հարցազրույցը։
Մարտիրոսյանը սա անվանեց «հերթական մանիպուլյացիա»։ «Ակնհայտորեն կեղծ արշավ է իրականացվում` օգտագործելով երկու տարվա վաղեմության նյութը: Նրանք, ովքեր կարդում են միայն վերնագիրը և չեն տեսնում ամսաթիվը, անպայմանորեն ապակողմնորոշվելու են»,- գրել է քաղաքագետը իր Ֆեյսբուքյան էջում։ Մարտիրոսյանը այդ տեսակետը հայտնել էր նախկին իշխանությունների վերաբերյալ, այնինչ 168.am-ը հոդվածը ներկայացրել է որպես նոր և, հետևաբար, վերագրել ներկայիս իշխանություններին։
«Հայկական ժամանակը», իր հերթին, անդրադառնալով այս հրապարակմանը, ևս այն որակեց «մանիպուլյացիա»։ Թերթի Ֆեյսբուքյան էջը հետևյալ հայտարարությունն է տարածել․
«Այսօր մի շարք կայքեր, որոնք, ըստ էության, հարում են նախկին իշխանություններին, ակտիվորեն տարածում են այն որպես նոր գրված նյութ եւ փորձում տգեղ մանիպուլյացիաներ անել քաղաքացիների շրջանում: Որոշ ընթերցողներ անգամ տրվել են այդ մանիպուլյացիաներին՝ հայտարարելով, թե վարչապետը իր հիմնադրած լրատվամիջոցի միջոցով ժողովրդին նախապատրաստում է հողերի հանձնմանը: Մեր գործընկերներին հորդորում ենք՝ զերծ մնալ նման անազնիվ քայլերից»։ ՀԺ-ն իր հայտարարության մեջ նաև ցավ է հայտնել, որ հարցազրույցը Ժուռնալիստների միության նախագահ Սաթիկ Սեյրանյանն է հրապարակել՝ իր խմբագրած 168.am կայքում:
Հիշեցնենք, որ Մարտիրոսյանի մասին այս տարվա օգոստոսին ապատեղեկատվական հրապարակում էր արել politik.am կայքը։
Հովհաննես Նազարեթյան