ՀՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը հոկտեմբերի 24-ին Եվրախորհրդարանում ելույթ է ունեցել։ Ելույթի ժամանակ նա անդրադարձել է 2017թ․ նոյեմբերին ստորագրված Հայաստան-Եվրամիություն «Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության մասին» համաձայնագրի (ՀԸԳՀ/CEPA) իրականացմանը ՀՀ նոր կառավարության կողմից և խոսել նոր Ընտրական օրենսգրքի մասին։
Ըստ Աշոտյանի, վարչապետ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը չի ընդգրկել ՀԸԳՀ-ն կառավարության ծրագրում։ Մինչդեռ հունիսին ընդունված կառավարության ծրագրում ասվում է․
«Արտաքին քաղաքականության ոլորտում կառավարությունը ջանքեր է գործադրելու՝ ԵՄ-ի հետ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկման և ՀՀ քաղաքացիների համար ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման շուրջ երկխոսություն սկսելու ուղղությամբ։ Եվրոպական երկրների հետ համագործակցության խորացումը կառավարության արտաքին քաղաքականության կարևոր ուղղություններից է»։
Աշոտյանը, նոր Ընտրական օրենսգրքի մասին խոսելով, նշում է, որ այն «մշակվել է առանց խորհրդարանական ուժերի ներգրավման»։ Սակայն ոչ միայն ԱԺ-ում ներկայացված բոլոր ուժերն են մասնակցել ԸՕ-ի մշակմանը, այլ նաև արտախորհրդարանական ուժերը։
Աշոտյանը նաև պնդում է, որ «Վենետիկի հանձնաժողովի նախագահը չի ողջունում ԸՕ էական փոփոխությունները ընտրությունների նախաշեմին»։ Այս հայտարարությունը մասամբ է համապատասխանում իրականությանը։ Վենետիկի հանձնաժողովը ընդհանրապես չի խրախուսում ԸՕ-ն փոփոխությունների ենթարկել ընտրություններից մեկ տարի առաջ ընկած ժամանակահատվածում։ Սակայն, հանձնաժողովի նախագահ Ջիաննի Բուքիքիոն քննարկման ենթակա ԸՕ-ին «հիմնականում դրական» գնահատական է տվել՝ նշելով, որ «Հայաստանում ստեղծված է առանձնահատուկ իրավիճակ, որը պահանջում է արտահերթ ընտրություններ անցկացնել»։ Նա նշել է, որ իրենց ունեցած «վերապահումները այդքան էական չեն, եթե փոփոխությունների շուրջ կա կոնսենսուս քաղաքական ուժերի միջև»։ Արդյո՞ք կա կոնսենսուս փոփոխությունների շուրջ, թե ոչ՝ վիճելի հարց է և քաղաքական շահարկման թեմա։ Աշոտյանը կտրականապես մերժում է այն տեսակետը, թե կոնսենսուս կա։ Ըստ էության, ԸՕ փոփոխությունների դեմ է միայն «Հանրապետական» կուսակցությունը։ «Կոնսենսուս» բառը կարող է նշանակել և՛ միաձայն համաձայնություն, և՛ գերակշռող մասի համաձայնություն։
Հովհաննես Նազարեթյան