«Հայ ազգային կոնգրես» կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանը Factor TV-ում սեպտեմբերի 2-ին հրապարակված հարցազրույցի ընթացքում անդրադարձել է ԱՄՆ հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի՝ Ադրբեջանի՝ «Աբրահամյան համաձայնագրերին» միանալու հնարավորության վերաբերյալ հայտարարություններին:
Ի պատասխան լրագրողի դիտարկմանը, թե ամերիկացի պաշտոնյան հայտարարել է նաև Հայաստանի՝ համաձայնագրերին միանալու հնարավորության մասին, Զուրաբյանը պնդել է, թե Ուիթքոֆը «Հայաստանի անուն չի տվել»։
Զուրաբյանը լրագրողի՝ հակառակի մասին խոսքերից հետո շարունակել է առաջ տանել իր պնդումը։
«Փաստերի ստուգման հարթակը» պարզել է, որ քաղաքական գործիչը սխալվում է։
Այսպես, Breitbart լրատվամիջոցին ընթացիկ տարվա մայիսի 13-ին տված հարցազրույցում ամերիկացի պաշտոնյան, գնահատելով Մերձավոր Արևելքում իրավիճակը, թվարկել է «Աբրահամյան համաձայնագրերին» միանալու հնարավորություն ունեցող երկրներ, և ի թիվս մի շարք արաբական երկրների ու Ադրբեջանի, նա նշել է նաև Հայաստանի անունը։
«Ես խոսում եմ երկրների՝ «Աբրահամյան համաձայնագրերին» միանալու մասին․ դա կարող է տեղի ունենալ Ադրբեջանի և Հայաստանի հետ, որտեղ մենք կարծում ենք, որ շատ մոտ ենք այդ հակամարտության վերջնական կարգավորմանը։ Կարծում եմ, որ երկուսն էլ կարող են պատրաստակամ լինել միանալու «Աբրահամյան խաղաղության համաձայնագրերին»։ Այսպիսով, դա [ԱՄՆ] նախագահի համար հսկայական նախաձեռնություն է», — ասել է պաշտոնյան։
Այսպիսով, Զուրաբյանը սխալվում է՝ ԱՄՆ հատուկ բանագնացը Հայաստանը դիտարկել է համաձայնագրերին միանալու հնարավորություն ունեցող երկրների շարքում և հայտարարել է այդ մասին։
Ի՞նչ են «Աբրահամյան համաձայնագրերը»
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախագահության առաջին ժամկետի ընթացքում՝ 2020 թվականի սեպտեմբերին, Վաշինգտոնում ԱՄՆ-ի, Իսրայելի, Արաբական Միացյալ Էմիրությունների ու Բահրեյնի միջև ստորագրվեց «Աբրահամյան խաղաղության համաձայնագրեր» կոչվող փաստաթուղթը, որով դիվանագիտական հարաբերություններ հաստատվեցին Իսրայելի ու արաբական աշխարհի մի շարք երկրների միջև։ Փաստաթուղթը ենթադրում էր ոչ միայն դիվանագիտական, այլ նաև տնտեսական, տեխնոլոգիական ոլորտներում կապերի հաստատում։
ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից որպես «խաղաղության պատմական քայլ» ներկայացվող փաստաթուղթը խստորեն քննադատել են տարածաշրջանային տերություններ Իրանը և Թուրքիան։
Նանե Մանասյան