Ռուսաստանցի հեռուստահաղորդավար Վլադիմիր Սոլովյովը, Полный контакт с Владимир Соловьевым հաղորդմանը, խոսելով Հայաստանի ներքաղաքական վիճակի մասին, հայտարարել է, թե Հայաստանի զինանշանից «հեռացվել է» Արարատ լեռը։ Կրեմլամերձ ակտիվ քարոզիչ համարվող Սոլովյովի այս պնդումը, սակայն, կեղծիք է և իրականությանը չի համապատասխանում։
Այսպես, Հայաստանի Հանրապետության պետական զինանշանից Արարատ լեռը չի հեռացվել, և զինանշանի վրա ոչ մի փոփոխություն չի կատարվել: Սա հաստատվում է նաև ՀՀ արտաքին գործերի նախարարության պաշտոնական կայքում տեղադրված՝ պետական խորհրդանիշերի մասին տեղեկատվությամբ։

Թեև տարբեր բարձրաստիճան պաշտոնյաներ վերջին տարիներին հանդես են եկել զինանշանի խորհրդանշական մասերի վերաբերյալ մեկնաբանություններով, այդուհանդերձ, դրանք պաշտոնապես որևէ փոփոխություն չեն կրել։
Մասնավորապես 2023 թ․ հունիսի 15-ին ԱԺ-ում 2022 թ․-ի բյուջեի կատարողականի քննարկման իր ամփոփիչ ելույթում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, կիսվելով զինանշանի մասին իր մտքերով, նշել էր․ «Վերջերս այդ զինանշանին նայելով, ինձ մոտ հարց է ծագել: Իսկ այդ զինանշանը, երբ որ 1991 թ․-ին ընդունել ենք, 1991 թվականին հիմնադրված պետության հետ ի՞նչ կապ ունի: Ինչի՞ մասին է: Ընդ որում, նայելով կենտրոնին Արարատ սարի վրա Նոյյան տապանն է, Հայաստանի Հանրապետության այսօրվա տարածքը ջրհեղեղի տակ է: Առյուծ, որն արդեն Հայաստանում բնական պայմաններում վաղուց չի ապրում: Այս խնդիրը, որը մենք քննարկում ենք, երկվության մասին է պատմական Հայաստանի և իրական Հայաստանի»:
Ավելի ուշ՝ արդեն 2024 թ․-ին, ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն էլ իր հերթին հայտարարել էր, որ «պետք է քննարկել զինանշանի փոփոխության հարցը»։
Հարկ է նշել, որ այս մեկնաբանությունները եղել են քննարկման բնույթի և չեն հանգեցրել զինանշանի փոփոխության։ Հետևաբար, Սոլովյովի պնդումը, թե Արարատ լեռը հեռացվել է զինանշանից, սխալ է։
Ի դեպ, նույն հաղորդման ժամանակ ՌԴ իշխանությունների քարոզիչը հայտարարել է նաև, թե «Հայաստանը հանձնել է Արցախը»։ Այս հայտարարությունը խեղաթյուրում է փաստացի իրողությունները։
Արցախի կորուստը 2023 թվականին պայմանավորված էր ռազմական գործողություններով և աշխարհաքաղաքական բարդ իրավիճակով։ Ադրբեջանի ռազմական գերակշռությունը, ռուս խաղաղապահների անգործությունը և միջազգային հանրության անտարբերությունը հանգեցրին Արցախի կորստին։
2020 թ․-ի 44-օրյա պատերազմից հետո Լեռնային Ղարաբաղում շփման գծի երկայնքով և Բերձորի (Լաչին) միջանցքում, որը կապում էր տարածաշրջանը Հայաստանի հետ, տեղակայվել էր ռուս խաղաղապահ զորախումբը։ Լեռնային Ղարաբաղ էին ուղարկվել 1960 ռուս խաղաղապահ զինվորականներ՝ հրաձգային զենքերով, 90 զրահափոխադրիչներ, 380 միավոր ավտոմոբիլային ու հատուկ տեխնիկա։ Խաղաղապահները պետք է տարածաշրջանում մնային հինգ տարի՝ մինչև 2025 թվականը։
Սակայն ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտում խաղաղապահների տեղակայումից մինչև Արցախի հայաթափումը ադրբեջանական կողմը բազմիցս խախտել էր հրադադարի ռեժիմը, ինչի հետևանքները մեծամասամբ բացասական են եղել հայկական կողմի համար:
Ռուս խաղաղապահների առաքելությունը Լեռնային Ղարաբաղում․ սկիզբ և ավարտ
2023 թ․ սեպտեմբերի 19-ի ռազմական ագրեսիայից հետո՝ սեպտեմբերի 24-ից արցախցիների բռնի տեղահանում սկսվեց, 100,000-ից ավելի մարդ բռնի տեղահանվեց Հայաստան: Ադրբեջանական ագրեսիայի ընթացքում ռուս խաղաղապահ առաքելության անգործության մասին վկայել էր ԼՂ վերջին նախագահ Սամվել Շահրամանյանը, որը 2023 թ․ հոկտեմբերի 28-ին Արցախի հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել էր, թե 2023 թ․ սեպտեմբերի 19-ին ադրբեջանական հարձակման ժամանակ ռուս խաղաղապահներն իրենց պահում էին դիտորդի դերում։
Սյուզաննա Համբարձումյան
[easy-social-share buttons="facebook,twitter,vk,telegram" counters=1 style="icon" point_type="simple"]