Ընթացիկ տարում Երևանի քաղաքապետարանը և «Արա-Արաքս Գրուպ» ՍՊԸ-ն թվով 7 պայմանագիր են կնքել՝ ընդհանուր 107,153,200 դրամ արժողությամբ։ Պայմանագրերով նախատեսվում է մայրաքաղաքի տարբեր հատվածներում շինարարական աշխատանքներ կատարել՝ մանկապարտեզի վերանորոգում, բազմաբնակարան շենքերի տանիքների վերանորոգում, փողոցներում եզրաքարերի վերանորոգում և այլն։
Հատկանշական է, որ ըստ վճարած հարկերի՝ 2018 թվականի փետրվարից սկսած այս ընկերությունում աշխատում է ընդամենը 3 անձ։ Այսինքն, եթե չհաշվենք տնօրենին և հաշվապահին, ապա կստացվի, որ այս հսկա շինարարությունը իրականացնում է 1 մարդ։
Բացատրությունը իհարկե շատ պարզ է։ Ամենայն հավանականությամբ ընկերությունը գործում է ստվերային, իսկ վերջինիս աշխատակիցների հետ որևէ պայմանագիր կնքված չէ։ Նկատենք, որ «Արա-Արաքս Գրուպ» ՍՊԸ-ն գտնվում է Պետական եկամուտների կոմիտեի կողմից կազմված ռիսկային ընկերությունների ցուցակում։ Այստեղ 2017-2018 թթ․ ընթացքում ստուգումներ են իրականացվել։
Ուսումնասիրությունների արդյունքում գերատեսչությունը խախտումներ է նկատել և կազմել համապատասխան ակտ, ըստ որի ընկերությունը պարտավորովում էր վճարել հավելյալ 2,080,000 դրամ։ ՍՊԸ-ն, սակայն, ակտը բողոքարկել է հարկային և մաքսային մարմինների գանգատարկման հանձնաժողով, որն էլ բավարարել էր բողոքը՝ ազատելով ընկերությանը բոլոր տույժերից։
Հավելենք, որ երեկ Պետական եկամուտների կոմիտեն հաղորդագրություն էր տարածել, ըստ որի ստուգումներ էին իրականացվել թվով 3 հանրային սննդի ոլորտում գործող տնտեսվարողների մոտ։ Ստուգումների արդյունքում բացահայտվել է 76 չգրանցված աշխատող: Ընկերությունները տուգանվել են ընդհանուր 45,750,000 դրամով։
Պայմանագրերը կարող եք տեսնել՝ այստեղ։
Ռաֆայել Աֆրիկյան