Մարտի 16-ին 1in.am լրատվական կայքի վերլուծական բաժնում հրապարակվել է «Քաղաքականության միստիկ վախճանը» վերնագիրը կրող մի հոդված, որում հեղինակն անդրադառնում է Ազատության հրապարակում «Հաց բերող» անունով հայտնի Արթուր Սարգսյանի մահվան տարելիցի կապակցությամբ «Հանուն Հայաստան պետության» ճակատի կազմակերպած հանրահավաք-երթին:
Ոչ թե 300, այլ շուրջ 950
Հոդվածում, սակայն, իրականությանը չհամապատասխանող պնդում է արվել մարտի 10-ին կրկին այդ ճակատի նախաձեռնած հանրահավաքին ներկա մարդկանց թվաքանակի մասին: Մասնավորապես, հեղինակը նշում է. «Պատահական չէ, որ մարտի 10-ի 300 մարդու փոխարեն` այսօր հրապարակ էին եկել 200-ը»: Այս պնդման համար, թերևս, հիմք է ծառայել հեղինակի ենթադրությունը, քանի որ այն որևէ հետազոտությամբ չի հիմնավորվում:
Այդուհանդերձ, մարտի 10-ի հանրահավաքին մասնակցած մարդկանց թվաքանակի ուսումնասիրություն իրականացվել է «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի կողմից՝ դրոնով արված լուսանկարների օգնությամբ մարդկանց թիվը ճշգրիտ հաշվելու միջոցով: Հաշվարկի արդյունքը հրապարակվել է վերջինիս ֆեյսբուքյան էջում՝ դեռևս մարտի 11-ին, և ըստ դրա «հանրահավաքին Ազատության հրապարակում ժ. 18։10-ի դրությամբ ներկա է եղել շուրջ 950 մարդ»:
Երեկ՝ մարտի 10-ին, «Հանուն Հայաստան պետության» ճակատի մեկնարկային հանրահավաքին Ազատության հրապարակում ժ. 18։10-ի դրությամբ ներկա է եղել շուրջ 950 մարդ:#UICArmenia #BeInformed #ԵղիրԻրազեկ
Posted by Իրազեկ քաղաքացիների միավորում — Union of Informed Citizens on Sunday, March 11, 2018
Հաց բերողի հիշատակին նվիրված հանրահավաքին Իրազեկ քաղաքացիների միավորումը մասնակիցների հաշվարկի համար անօդաչու թռչող սարքի թռիչք չի իրականացրել՝ եղանակային և այլ պայմանների պատճառով: Հետևաբար խնդրո առարկա հոդվածում հիշատակված մարդկանց թվաքանակի մասին մեկնաբանությունից զերծ կմնանք:
Ոչ թե 500-600, այլ՝ 850
Ուշագրավ է, որ ավելի վաղ Առաջին լրատվականում տեղ գտած մեկ այլ հոդվածում նույն հեղինակն անդրադարձ էր կատարել մարտի 1-ի զոհերի հիշատակին նվիրված երթին և կրկին մարդկանց թվաքանակին վերաբերող աղավաղված տվյալներ հրապարակել: «Ազատության հրապարակում այսօր երեկոյան ընդամենը 500-600 մարդ էր մասնակցում ՀԱԿ ավանդական հանրահավաք-երթին` նվիրված Մարտի 1-ի տասներորդ տարելիցին»,-նշված է հոդվածում: Սակայն իրականում մարտի 1-ի երթի մասնակիցների թիվը, ինչպես Իրազեկ քաղաքացիների միավորման կատարած հաշվարկներն են փաստում, եղել է մոտ 850:
Մարտի 1-ի զոհերի հիշատակին նվիրված այսօրվա երթին 19:00-ի դրությամբ մասնակցել է մոտ 850 մարդ (առանց առաջին շարքի առջևից գնացող լրագրողների և համազգեստով ոստիկանների):#UICArmenia #BeInformed #ԵղիրԻրազեկ
Posted by Իրազեկ քաղաքացիների միավորում — Union of Informed Citizens on Thursday, March 1, 2018
Այսպիսով, կարելի է եզրակացնել, որ լրատվական դաշտում նկատվում են հանրահավաքների մասնակիցների թվաքանակի աղավաղման միտումներ և/կամ ճշգրիտ հաշվարկներ իրականացնելու գործիքակազմի բացակայություն, ինչն էլ հանգեցնում է նման ապատեղեկատվությունների տարածմանը: