Օգոստոսի 1-ին Գյումրի քաղաքի հանրային տրանսպորտը համալրվեց նոր ձեռք բերված էլեկտրական ավտոբուսներով։ Այս մասին հայտնել էր Գյումրիի քաղաքապետարանը՝ իր պաշտոնական ֆեյսբուքյան էջում տեսանյութ հրապարակելով։
Ըստ տարածված տեսանյութին կցված հաղորդագրության, էլեկտրական ավտոբուսները ձեռք են բերվել ԵՄ ֆինանսավորմամբ՝ «Դաշինք հանուն կայուն ու կանաչ կառավարման» ծրագրի շրջանակում։
Տեսանյութում երևում է, որ Գյումրիի Վարդանանց հրապարակում քաղաքապետ Վարդգես Սամսոնյանը վարել է էլեկտրական ավտոբուսներից գոնե մեկը։
«Փաստերի ստուգման հարթակը» փորձել է ճշտել, թե արդյո՞ք ավտոբուսը վարելու պահին Գյումրիի քաղաքապետը ունեցել է ավտոբուս վարելու համար անհրաժեշտ վարորդական իրավունք։
Գյումրու քաղաքապետարանը, սակայն, խուսափել է ուղիղ պատասխանել հարցին՝ գրելով․
«․․․պետք է նշենք, որ դա (քաղաքապետի ավտոբուս վարելը) կրել է փորձնական բնույթ և այն վարելու ժամանակահատվածում ճանապարհը երթևեկության մյուս մասնակիցների նկատմամբ պահպանված է եղել անվտանգության բոլոր կանոններով»։
Սակայն անկախ նրանից, թե ինչ բնույթ է կրել մեքենա վարելը, «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածում սահմանված է, որ «տրանսպորտային միջոցի երթևեկությունը արգելվում է, եթե (․․․) գ) վարորդը տրանսպորտային միջոցը վարում է առանց տվյալ կարգի տրանսպորտային միջոց վարելու իրավունքի (…)»։
Ավտոբուս վարելու համար անհրաժեշտ է «D1» ենթակարգ՝
ա. ուղևորներ փոխադրելու համար նախատեսված և բացի վարորդի նստատեղից` ավելի քան 8, սակայն ոչ ավելի, քան 16 նստատեղ ունեցող ավտոմոբիլներ (ավտոբուսներ) կամ
բ. ուղևորներ փոխադրելու համար նախատեսված և բացի վարորդի նստատեղից` ավելի քան 8, սակայն ոչ ավելի, քան 16 նստատեղ ունեցող ավտոմոբիլներ (ավտոբուսներ)` կցորդված կցորդով, որի թույլատրելի առավելագույն զանգվածը չի գերազանցում 750 կգ-ը։
Իսկ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի» 128-րդ հոդվածի համաձայն՝ «(․․․)Տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունեցող անձանց կողմից տրանսպորտային միջոցներ վարելը առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկի չափով (․․․)»:
Գյումրիի քաղաքապետարանը հարցման պատասխանի մեջ նշել է նաև, որ ձեռք բերված ավտոբուսները դեռևս ներգրավված չեն կանոնավոր ուղևորափոխադրումներում, չնայած նրան, որ հարցման մեջ դրան անդրադարձ չի եղել։
Այսպիսով, դատելով Գյումրիի քաղաքապետարանի խուսափողական պատասխանից՝ կարելի է ենթադրել, որ Գյումրիի քաղաքապետ Վարդգես Սամսոնյանը վարել է ավտոբուսը առանց համապատասխան վարորդական իրավունքի։
Ալյոնա Հայրապետյան