Sut.am-ը, մշտապես հետևելով պաշտոնյաների ելույթներին, պաշտոնական մարմինների կողմից տարածված հայտարարություններին և լրատվական դաշտում տեղ գտած հրապարակումներին, անցնող տարվա ընթացքում հասցրել է բացահայտել ապատեղեկատվության տարածման բազմաթիվ դրվագներ:
Մենք փորձեցինք առանձնացնել 2017-ի ընթացքում ամենաշատ ստեր տարածած աղբյուրներն ու պաշտոնյաներին:
1-ին հորիզոնական – Ռուսական պրոպագանդա
Սուտ լուրերի տարածմամբ ռեկորդակիրը ռուսական քարոզչամեքենան է, մասնավորապես` կրեմլյան առաջատար լրատվամիջոցները, որոնց մենք 22 անգամ բռնել ենք ստի վրա: Ահա դրանցից ամենաուշագրավները.
• Ադրբեջանի սպառազինումը ձեռնտու է Հայաստանին․ կրեմլյան քարոզիչներ
Մարտի 6-ին Երևանում գտնվող «Սպուտնիկ Արմենիա» մամուլի կենտրոնում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ «Россия Сегодня» միջազգային տեղեկատվական գործակալության գլխավոր տնօրեն Դմիտրի Կիսելյովը և ռուսաստանցի հայտնի հաղորդավար Վլադիմիր Սոլովյովը փորձում էին համոզել, որ Ադրբեջանին ՌԴ-ի կողմից զենքի վաճառքը ձեռնտու է Հայաստանին :
• Gazeta.ru-ի պատկերային մանիպուլյացիան
Ապրիլին արված Gazeta.ru-ի այս հրապարակումը հերթական հաստատումն է այն բանի, որ ռուսական ԶԼՄ-ները չեն խորշում քարոզչական և ոչ մի մեխանիզմից, այդ թվում` վիզուալ մանիպուլյացիաներից:
• Կենսաբանական զենքի մասին անհեթեթ տեղեկությունը հասավ Regnum
Գիտական լաբորատորիաները որպես կենսաբանական զենքի «արտադրամասեր» ներկայացնող Regnum-ի`մայիսին տարածած այս ապատեղեկատվությունը դեռևս 2016թ. նոյեմբերից էր սկսել տարածվել ռուսական և պրոռուսական մի շարք ԶԼՄ-ների և հետագայում նաև`պրոռուսական համբավ չունեցող որոշ հայկական ԶԼՄ-ների կողմից:
• Ինչպե՞ս է Russia Today-ը խաբում Facebook-ի հայաստանցի օգտատերերին
Twitter սոցիալական ցանցի կողմից գովազդներ տեղադրելու արգելք ստանալուց հետո Russia Today-ը չհապաղեց օգտագործել Facebook-ի գովազդը` մոլորեցնող բավանդակությամբ շփոթեցնելով հայ օգտատերերին: Նման «մարքեթինգային» քայլը վկայում է այս լրատվամիջոցի առնվազն ոչ պրոֆեսիոնալ աշխատաոճի մասին:
• Էստոնիայում հայազգի ընտանիքի պատմությունը՝ ռուսական պրոպագանդայի թիրախում
Հուլիս ամսին ռուսական որոշ լրատվամիջոցներ քաղաքական ենթատեքստ հաղորդեցին մի իրավիճակի, որում դրա հիմքերն ամենևին չկային` տեղի ունեցածը ներկայացնելով որպես Էստոնիայում բնակվող ռուսների դեմ ուղղված «ահաբեկչություն»:
• «Russia Today»-ի պրոպագանդիստները կեղծում են «НТВ»-ի ուղիղ եթերում տեղի ունեցածը
Օգոստոսի 2-ին Ռուսաստանում ռազմաօդային դեսանտի զորքերի օրվան նվիրված միջոցառման ժամանակ լրագրողի վրա հարձակում գործած, անհասցե հայհոյանքներ և Ուկրաինան գրավելու կոչեր հնչեցրած տղամարդուն Russia Today-ը չվարանեց ներկայացնել որպես ուկրաինացի «անջատողական»: Այդ նպատակով համապատասխան գրաքննություն անցած տեսանյութն, ի դեպ, ավելի ուշ հեռացվել է համացանցից:
• Ռուսաստանին չի բավարարում Հայաստանում առկա ռուսական ռեսուրսը
• Կրեմլյան ԶԼՄ-ները ռուսաց լեզվի մասին Հայաստանում և Ուկրաինայում
• 24 նյութ մեկ օրում․ Regnum-ը գրոհում է Լիտվան
• Ռուսական «Առաջին ալիքի» ստերը Հայաստանի մասին
• Ռուսական պրոպագանդայի ժամանակի մեքենան
• Ռուսական «Զվեզդայի» կեղծ «Կանխատեսումները» Հայաստանի մասին
2-րդ հորիզոնական – Սերժ Սարգսյան
Մեր կողմից բացահայտված ամենաշատ ստերն ու ապատեղեկությունները հնչեցրած անձը Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն է, ում մասին անցնող տարում մենք ունեցանք 15 հրապարակում:
• ՀՀԿ անդամների քանակը և թվաբանությունը
Դեռևս 2017-ի հունվարին ՀՀԿ անդամների քանակի մասին արած իր հայտարարությամբ Ս. Սարգսյանը հասցրեց հայտնվել sut.am-ի տեսադաշտում: Նրա պնդմամբ «վերջին մի քանի ամիսներին 11 հազար քաղաքացի է անդամագրվել ՀՀԿ-ին»: Այնինչ, մեր ստացած պաշտոնական գրությունները ցույց տվեցին, որ այդ հայտարարությանը նախորդած 1.5 ամսվա ընթացքում ՀՀԿ-ին անդամագրվել էր 895 մարդ:
• Երկրապահի համագումարին տված խոստումների զավեշտը
Փետրվար ամսին Երկրապահ կամավորականների համագումարին Սարգսյանը խոստացավ սուտ նախընտրական խոստումներ չտալ: Իսկ մենք վերհիշեցինք նախորդ` 10-րդ համագումարը և դրա ժամանակ տված խոստումները:
• Սարգսյանի տնտեսական խոստումներն ու իրականությունը
Այդուհանդերձ, մայիսին կայացած 6-րդ գումարման ԱԺ առաջին նիստին նախագահը տվեց խոստումներ` ներկայացնելով Հայաստանի երկարաժամկետ զարգացման ծավալուն ծրագիր` անդրադառնալով 2040 թվականի համար նախատեսված մի շարք թիրախային ցուցանիշների: Սակայն փաստացի այդ ցուցանիշները հեռու են իրականությունից:
Հունիսի 30-ին` Սարգսյանի` Հայաստանի ղեկավարի պաշտոնում վերջին ծննդյան օրը, sut.am-ը որոշեց հավաքել նրա պաշտոնավարման շուրջ 9 տարիների ընթացքում արված ամենագլխավոր 10 ստերը:
3-րդ հորիզոնական – Էդուարդ Շարմազանով, Տարոն Մարգարյան, Վլադիմիր Պուտին և Ադրբեջանական պրոպագանդա
Չափազանց դժվար է որոշել, թե ով է մեր բացահայտած ստերով զբաղեցնում 3-րդ հորիզոնականը, քանի որ Էդուարդ Շարմազանովը, Տարոն Մարգարյանը, Վլադիմիր Պուտինը և ադրբեջանական պրոպագանդան համարյա հավասար են՝ 4-ից 5-ական բացահայտում: Ստորև իրենց ստերից մի քանիսը՝
• Շարմազանովի սուտը ռուսական զենքի վնասի մասին
• Էդուարդ Շարմազանովի սուտը Ղարաքիլիսայի ճակատամարտի մասին
• Շարմազանովի սուտը ԵԱՏՄ-ից օգուտների մասին
• Տարոն Մարգարյանի 2013թ․-ի չիրականացած խոստումները
• Տարոն Մարգարյանը և իրենից նոր պաշտոն ստացած կեղծ դիտորդը
• Քաղաքապետարանը ստում է, Հ1-ը «կուլ է տալիս», իսկ հաշմանդամություն ունեցողները զարմանում են
• Պուտինի «Ոչ մանկական զրույց»-ի ստերը
• Ի՞նչ տեսանյութ է ներկայացրել Պուտինը որպես ռուսական օդուժի աշխատանք
• Պուտինը «բացահայտել» է սպառազինությունների մատակարարման վտանգը
• Ադրբեջանում ստում են Բաքվում բնակվող 20 հազար հայերի մասին