Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ, քաղաքապետի պաշտոնակատար Լևոն Հովհաննիսյանն ապրիլի 4-ին հայտարարել է, որ քաղաքապետարանն այս 4.5 տարվա ընթացքում ձեռք է բերել 548 նոր ավտոբուս։
«Մինչև մեր այս ձեռքբերումը, համայնքի կողմից ձեռքբերված ավտոբուսների թիվը եղել է 0։ Հիմա հասկանանք՝ 0 և 548, մի հատ էլ 15 տրոլեյբուս գումարած»,- ասել է նա։
«Փաստերի ստուգման հարթակը» հակասություններ բացահայտեց Լևոն Հովհաննիսյանի նախկին և ներկա հայտարարությունների միջև։
Այսպես, 2021 թ․ դեկտեմբերին, երբ քննարկվում էր քաղաքապետ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու հարցը, վերջինս գրառում էր արել՝ հատնելով, որ ստորագրել է ևս 100 նոր ավտոբուսի գնման հայտ, ըստ որի՝ քաղաքային տրանսպորտի պարկը 2022-ին արդեն շուրջ 520 նոր ավտոբուս կունենա։
Մարությանի գրառումն իր ֆեյսբուքյան գրառմամբ արձագանքել էր Լևոն Հովհաննիսյանը՝ նշելով, որ Մարությանի այդ հայտարարությունը՝ նոր 520 ավտոբուսների ձեռքբերման հետ կապված, «մեղմ ասած, չի համապատասխանում իրականությանը»։
«Համայնքային բյուջեի հաշվին 2021 թվականին ձեռք է բերվել 211 չինական Ժոնգ Թոնգ մակնիշի ավտոբուսներ, իսկ դրանից որոշ ժամանակ առաջ ձեռք են բերվել 100 հատ Գազել մակնիշի միկրոավտոբուսներ։ Այսինքն այս պահի դրությամբ նոր ձեռքբերված ավտոբուսների քանակը կազմում է 211»,- գրել էր նա։
Հովհաննիսյանը նաև հավելել էր, որ ավագանու հավանությանը ներկայացրած բյուջեի նախագծում կա դրույթ նոր 100 հատ չինական ավտոբուսների ձեռքբերման մասին։ «Ինչպես նաև վերջերս կառավարությունը հաստատեց դրամաշնորհային և վարկային համաձայնագիրը միջազգային գործընկերների հետ Երևան քաղաքի համար 100 նոր բարձրակարգ ստանդարտների ավտոբուսների ձեռքբերման նպատակով։ Այսպիսով, զուտ համայնքային բյուջեի միջոցով և մասնակցությամբ հաջորդ տարի ձեռքբերված ավտոբուսների թիվը կազմելու է 311, այսինքն անհրաժեշտ քանակի 35% (ոչ թե 60%)»,- դեռևս 2021-ին գրել էր փոխքաղաքապետը։
Այսինքն՝ ներկայում քաղաքապետի պաշտոնակատար, փոխքաղաքապետ Հովհաննիսյանը Հայկ Մարությանի հայտարարած 100 հատ «Գազել» մակնիշի ավտոբուսները միկրոավտոբուսներ էր անվանում և պնդում, որ դրանք պետք չէ ավտոբուսների քանակի մեջ ներառել։ Նա նաև սխալ էր համարել այդ թվի մեջ ներառել պետական բյուջեից նախատեսված ավտոբուսների գնման համաձայնագիրը։
FIP.am-ը փորձեց Երևանի քաղաքապետարանից պարզել, թե 2020 թ․-ից մինչև 2023 թ․ ապրիլը, առանձին տարեթվերով, քանի ավտոբուս է ձեռք բերվել։ Քաղաքապետարանից հաստատեցին քաղաքապետի պաշտոնակատարի հայտարարությունը, որ Երևանի քաղաքապետարանը 2020 թ․-ից մինչև 2023 թ. ապրիլ ամիսը ձեռք է բերել, ընդհանուր առմամբ, 548 ավտոբուս, որից՝
2020-2021 թթ.՝ «Գազել-Սիթի» մակնիշի՝ 100 միավոր,
2021-2022 թթ․՝ «ԺՈՆԳ ԹՈՆԳ» մակնիշի՝ 211 միավոր
2022-2023 թթ. ապրիլ՝ «ԺՈՆԳ ԹՈՆԳ» մակնիշի՝ 150 միավոր, «ՄԱՆ» մակնիշի՝ 87 միավոր։
Նշենք, որ «ՄԱՆ» մակնիշի ավտոբուսները ձեռք են բերվել նույն ՎԶԵԲ-ի վարկային և Արևելյան Եվրոպայի էներգախնայողության և շրջակա միջավայրի գործընկերության (E5P) կողմից դրամաշնորհային միջոցներով, նաև մի մասը համայնքային բյուջեով, ինչը ներկայիս քաղաքապետի պաշտոնակատարը այլևս ներառում է համայնքի ձեռքբերած ավտոբուսների քանակում։
Այսպիսով, քաղաքապետի պաշտոնակատար Լևոն Հովհաննիսյանը հակասում է նախկինում իր արած պնդումներին՝ «Գազել֊Սիթի» մակնիշի փոքր ավտոբուսները և ՄԱՆ մակնիշի ավտոբուսները համարելով համայնքի ձեռքբերած տրանսպորտային միջոց։
Նելլի Լազարյան