2022 թվականի հունվարի 1-ից արգելվեց առևտրի կետերում մինչև 50 միկրոն հաստությամբ պոլիէթիլենային տոպրակների օգտագործումը, իսկ օրինախախտ տնտեսվարողի նկատմամբ սահմանվեց տուգանք՝ 30 հազար դրամի չափով։
Օրենքն ընդունվել էր դեռևս 2020 թվականի ապրիլին, սակայն գործողության մեջ մտավ միայն երկու տարի անց։
Օրինագծի հիմնավորման մեջ նշվել էր, որ այս փոփոխությամբ «նպաստավոր պայմաններ կստեղծվեն երկրում պլաստիկ թափոնների ծավալների կրճատման համար, մասնավորապես, ակնկալվում է պոլիէթիլենային տոպրակների օգտագործման ծավալների կտրուկ կրճատում, ինչը կհանգեցնի շրջակա միջավայրի և դրա բաղադրիչների աղտոտման նվազեցմանը, Հանրապետության էկոլոգիական վիճակի բարելավմանը»։
Այսպիսով, օրենքի նպատակն էր՝ երկրում նվազեցնել պլաստիկի օգտագործումը։ Դրա կիրառման մեկնարկից անցել է մոտ մեկ տարի:
«Փաստերի ստուգման հարթակը», ֆեյսբուքյան օգտատեր Արտակ Հարությունյանի հուշմամբ, որոշեց պարզել, թե արդյո՞ք օրենքի կիրառումը նպաստել է պլաստիկի օգտագործման ծավալների նվազմանը։
Նախ՝ օրենքի ուժի մեջ մտնելուց հետո խանութներում պոլիէթիլենային տոպրակների գինը կտրուկ աճեց․ մինչ այդ անվճար կամ 10 դրամանոց տոպրակները սկսեցին վաճառվել 30-50 դրամով։ Պատճառաբանվում էր, որ դրա շնորհիվ մեկանգամյա բարակ տոպրակների փոխարեն հաստ տոպրակները բազմակի կօգտագործվեն։
Միաժամանակ սկսվեցին ստուգայցեր՝ հայտնաբերելու մինչև 50 միկրոն հաստություն ունեցող պոլիէթիլենային տոպրակների կիրառության դեպքերը։ Երևանի քաղաքապետարանից տեղեկացրեցին, որ տարեսկզբից մինչ օրս տարբեր առևտրային ցանցերում, մանրածախ և մեծածախ առևտրի կետերում իրականացվել են 112 ստուգայցեր, որոնց արդյունքում հայտնաբերվել է իրավախախտման 52 դեպք։
Այժմ հասկանանք, թե որքանո՞վ է նվազել պլաստիկ տոպրակների արտադրությունը։
Վիճակագրական կոմիտեն ամեն ամիս հրապարակում է պոլիէթիլենի արտադրության ծավալները։ Այստեղ ներառված չեն մինչև 24 մլն դրամ շրջանառություն ունեցող տնտեսվարողների արտադրած պոլիէթիլենային տոպրակների վերաբերյալ տվյալները։ Սակայն հաշվի առնելով փաստը, որ համեմատությունը կատարում ենք նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի հետ, որը ևս չի ընդգրկում այդ տնտեսվարողների արտադրական ծավալները, համեմատությունը ճշգրիտ է։
Ըստ այդմ, այս տարվա հունվար-հոկտեմբեր ամիսներին Հայաստանում արտադրվել է, ընդհանուր առմամբ, 8332․6 տոննա պոլիէթիլենային տոպրակ։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում արտադրվել էր 5190 տոննա։ Իսկ ամբողջ 2021-ին՝ 6461․2 տոննա։
Այսինքն, միայն այս տարվա առաջին 10 ամիսներին արտադրված պոլիէթիլենային տոպրակների ծավալը մոտ 30 տոկոսով ավելի է, քան նախորդ ամբողջ տարում արտադրվածը, իսկ անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ այս տարի արտադրվել է 60 տոկոս ավելի:
Պատկերը գրեթե նույնն է ներմուծման և արտահանման դեպքում։ Նախորդ տարվա ընթացքում Հայաստանից արտահանվել է մոտ 1700 տոննա պոլիէթիլենային տոպրակ, ներմուծվել՝ 8230 տոննա։ Տարբերությունը՝ 6530 տոննա։ Այսինքն՝ Հայաստանում 2021-ին սպառվել է մոտ 13,000 տոննա պլաստիկ տոպրակ (արտադրություն+ներմուծում-արտահանում)։
Այս տարվա առաջին տասն ամիսներին Հայաստան է ներմուծվել 11,660 տոննա պոլիէթիլենային տոպրակ, արտահանվել՝ 1240-ը։ Տարբերությունը՝ 10,420 տոննա։ Այսինքն՝ միայն այս տարվա հունվար-հոկտեմբերին Հայաստանում սպառվել է ավելի քան 18,750 տոննա պոլիէթիլենային տոպրակ։
Այսպիսով, չնայած պոլիէթիլենային տոպրակների կիրառությունը նվազեցնելուն միտված պետության քաղաքականությանը՝ ընդունած օրենսդրությանն ու վարչարարությանը, ՀՀ-ում պոլիէթիլենային տոպրակների արտադրությունն ու սպառումը ոչ միայն չի նվազել, այլ էականորեն ավելացել է. 2022-ի միայն առաջին 10 ամիսներին 44%-ով ավելի շատ պոլիէթիլենային տոպրակ է սպառվել, քան նախորդ ամբողջ 2021 թվականին։
Սևադա Ղազարյան