Ազգային ժողովի նախկին պատգամավոր, «Ժողովրդավարություն և անվտանգություն» ՀԿ ղեկավար Նաիրա Զոհրաբյանը դեկտեմբերի 2-ին ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել էր, որ «սփյուռքին քցելու հերթական շոուն» է տեղի ունեցել Գյումրիում։
Ըստ նրա՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամը, սփյուռքից արված հանգանակությամբ, «Մեր Գյումրին» ծրագրով կառուցել է 6 հարկանի երկու շենք՝ 36 բնակարանով, և ապա նոյեմբերի 25-ի հերթական տելեթոնի շրջանակում ցուցադրել տեսանյութ, թե ինչպես են գյումրեցիներին հանձնում իրենց տների բանալիները։
«Ինձ դիմել են հոկտեմբերի 31-ի «բնակարանամուտ» շոուին մասնակցած մի քանի ընտանիք, ովքեր խնդրեցին էս պահին իրենց անունները չհրապարակել, հույս ունենալով, որ մի ինչ-որ պահի իրենց երևի տուն կտան և պատմեցին, որ տեսանյութը նկարելուց հետո իրենց ձեռքից վերցրել են բանալիները, ասել են, թե դրանք սիմվոլիկ բանալիներ են ու մարդկանց ուղարկել են իրենց դոմիկներով, խոստանալով հետո զանգել»,- գրել է Զոհրաբյանը։
Զոհրաբյանի գրառումը տարածել էին mamul.am-ը, asekose.am-ը, auroranews.am-ը, hayacq.com-ը, yerevan24.am-ը և մի շարք այլ կայքեր` «Սփյուռքին քցելու հերթական շոուն», «Տեսանյութը նկարելուց հետո գյումրեցիների ձեռքից վերցրել են բանալիները» վերնագրերով:
Զոհրաբյանն այս պատմությունը ներկայացրել է նաև դեկտեմբերի 7-ին 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում։
Ըստ նրա՝ նախապես հոկտեմբերի 31-ին մարդկանց տվել են նորակառույց բնակարանների բանալիները, նկարել ռեպորտաժ, դա տարածել, բայց հետո մարդկանց ձեռքից բանալիները վերցրել են. արդյունքում՝ կառուցված նորակառույցներում որևէ մեկը չի ապրում։
«Թե ինչո՞ւ է այդպես՝ ընտանիքներից շատերն ինձ ասում էին, որ միգուցե ուզում են նոր վերաբաշխում անեն, ինչ-որ մարդկանց ասել են՝ գիտե՞ք, գուցե ձեզ չտանք այս անգամ, չնայած արդեն բանալիները տվել և հետ էին վերցրել, տանք 44-օրյա պատերազմի․․․ ինչևէ, խնդիրն այն է, որ դա եղել է սուտ, դա եղել է ապատեղեկատվություն։ Հարգելի սփյուռք, այդ երկու վեցհարկանի շենքերում առ այս պահը որևէ մեկը չի բնակվում»,- եթերում նշում է Զոհրաբյանը։
Նաիրա Զոհրաբյանը նաև նշել է, որ իր կողմից աղմուկ բարձրացնելուց հետո զանգել են բնակիչներին և ասել, որ մինչև դեկտեմբերի 25-ը կգաք, ձեր բնակարանները կստանաք։
Լրագրողի դիտարկմանը, թե արդյո՞ք Համահայկական հիմնադրամն արձագանքել է Զոհրաբյանի գրառմանը, վերջինս պատասխանել է․ «Բացարձակապես ոչ, չի արձագանքել, արձագանքել են այնքանով, որ զանգել են շահառուներին և ասել, որ տեխնիկական խնդիրներ է եղել, դուք այս բնակարանները մինչև դեկտեմբերի 20-ը, 25-ը կստանաք»։
Համահայկական հիմնադրամի պարզաբանումը
Չնայած Նաիրա Զոհրաբյանի դեկտեմբերի 7-ի պնդմանը, թե իր գրառմանը Հայաստանի համահայկական հիմնադրամից չեն արձագանքել, Համահայկական հիմնադրամը դրանից դեռևս երկու օր առաջ՝ դեկտեմբերի 5-ին պարզաբանում էր տարածել, որը հրապարակել էր ինչպես Հանրային հեռուստաընկերության լրատվականը, այնպես էլ այլ կայքեր։
Հիմնադրամից հաստատում են, որ «Հեռուստամարաթոն-2022»-ի նկարահանումների շրջանակում «Մուշ-2» թաղամասի շահառուներին բնակարանների բանալիները իսկապես սիմվոլիկ են հանձնվել նրանց՝ շահառու լինելու մասին տեղեկացնելու առիթով: Միաժամանակ պարզաբանել են, որ շահառուները հնարավորություն կունենան մուտք գործել և լիարժեք շահագործել իրենց բնակարանները բազմաբնակարան երկու շենքերի սեփականության իրավունքի գրանցումից հետո։
«Բնակարանների նկատմամբ սեփականության իրավունքը գրանցելուց հետո միայն, շահառուները հնարավորություն կստանան դիմել և բաժանորդագրվել ջրի, հոսանքի և գազի անհատական հաշվիչները ստանալու և տեղադրելու համար։ Ընտրված շահառուների ցանկում որևէ փոփոխություն չի եղել և չի լինելու»,- նշում է Հիմնադրամը։
Հիմնադրամի գործադիր տնօրենը Զոհրաբյանի պնդումը քաղաքական շահարկում է համարում
Համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանը FIP.am-ի հետ զրույցում նշեց, որ Նաիրա Զոհրաբյանի պնդումները «սովորական քաղաքական շահարկում են», քանի որ 36 ընտանիքներն այս ամբողջ գործընթացից շատ լավ տեղյակ են եղել և զգուշացվել են, որ գործընթացներ կան, որոնք փաստաթղթային մաս ունեն, և դրանց ավարտից հետո բնակարանատերերը արդեն կարող են տեղափոխվել։
Արշամյանի խոսքով՝ 36 շահառուներն ընտրվել են հստակ մշակված չափորոշիչների հիման վրա, Գյումրիի քաղաքապետարանի հետ խորհրդակցությունների արդյունքում, այն է՝ ընտանիքները պետք է երկրաշարժից տուժած լինեն և երբևէ բնակարանի գնման վկայագիր կամ տուն ստացած չլինեն, հաշվի է առնվել նաև անչափահաս երեխաների առկայությունը, բազմազավակ ընտանիք լինելը: Առաջնահերթ դիտարկել են նաև զոհվածների ընտանիքները, այդ թվում՝ 5 ընտանիք, որոնցից 3-ը ցանկացել են բնակարան, 2-ը հրաժարվել՝ նշելով, որ ներկա բնակման վայրում հուշեր ունեն, չեն ուզում տնակը լքել։
«Ովքեր տեղեկացվել են, որ ստանալու են, բոլորն անխտիր գիտեն, ասել ենք՝ համարենք ստացել եք։ Ուղղակի ցավալի է, որ Հիմնադրամի հսկայական հումանիստական այս աշխատանքը քաղաքական շահարկումների առարկա է դառնում։ Միանշանակ սա սովորական քաղաքական շահարկում է, կեղծ ինֆորմացիա։ Նաիրա Զոհրաբյանը եթե ասելիք ունի, կարող է զանգել, ասելիքները ճշտել»,- ասաց Արշամյանը։
Ի դեպ, ըստ նրա, Հիմնադրամից հատ-հատ զանգել են շահառուներին, նորից բացատրել գործընթացը, թեև իրենք դա արդեն գիտեին։
Այսպիսով, կարող ենք եզրակացնել, որ Նաիրա Զոհրաբյանի հրապարակած տեղեկությունը, թե բնակիչներին բանալիները սիմվոլիկ են հանձնվել և շենքերը բնակեցված չեն, ճիշտ է, թեև՝ մոլորեցնող, քանի որ Համահայկական հիմնադրամի պնդմամբ՝ շահառուների ցանկում փոփոխություն չի եղել, բնակիչները տեղեկացվել են, որ որոշ փաստաթղթային գործընթացներից հետո միայն կկարողանան վերջնականապես տեղափոխվել նոր բնակարաններ։
Նելլի Լազարյան