Սեպտեմբերի 14-ին ԱԺ-ում կառավարության անդամների հետ հարցուպատասխանի ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ «ուզում է ստորագրի մի թուղթ, որի արդյունքում Հայաստանը 29,800 քմ/կմ տարածքով ստանա տևական խաղաղություն և անվտանգություն»։
«Մենք ուզում ենք, որ ստորագրենք մի թուղթ, որի արդյունքում մեզ լիքը մարդ կքննադատի, կհայհոյի, դավաճան կասի, նույնիսկ, կարող է՝ ժողովուրդը որոշի մեզ իշխանությունից հեռացնել։ Էլի գոհ ու շնորհակալ կլինենք, եթե դրա արդյունքում Հայաստանի Հանրապետությունը 29,800 քմ/կմ տարածքով ստանա տևական խաղաղություն և անվտանգություն։ Ես շատ հստակ ասում եմ՝ այն որոշումը, որը սա ապահովելու է, ես այդ որոշումը ստորագրելու եմ։ Ու ինձ չի հետաքրքրում՝ ինչ կլինի հետո ինձ հետ, ինձ հետաքրքրում է՝ ինչ կլինի հետո Հայաստանի Հանրապետության հետ»,- ասել է նա։
Փաշինյանի այս խոսքերից քիչ անց Բաղրամյան պողոտայում և Հանրապետության հրապարակում ինքնաբուխ հավաքներ տեղի ունեցան, որի մասնակիցները պահանջում էին վարչապետի հրաժարականը, ինչպես նաև չստորագրել որևէ փաստաթուղթ ՀՀ-ի անունից։
Հավաքների մեկնարկից որոշ ժամանակ անց Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում նախ գրառում հրապարակեց, ապա ուղիղ հեռարձակում սկսեց՝ կոչ անելով քաղաքացիներին «մանիպուլյացիաների չտրվել» և պնդելով, որ «որևէ փաստաթուղթ չի ստորագրվել և չի պատրաստվում ստորագրման»։
Փաշինյանը պարզաբանել, բայց չի հրաժարվել իր հայտարարությունից
Սեպտեմբերի 14-ին ընդդիմության ներկայացուցիչներից Ավետիք Չալաբյանը, Ֆեյսբուքի իր էջում թվարկելով, ըստ իրեն, ինքնաբուխ հավաքի արդյունքում ընդդիմության գրանցած հաջողությունները, պնդեց, թե Փաշինյանը հրաժարվել է փաստաթուղթ ստորագրելու մասին իր հայտարարությունից։
«Մեր միահամուռ պայքարը սակայն սկսեց իր արդյունքները տալ՝․․․ Փաշինյանը հրապարակավ հրաժարվեց իր հայտարարությունից»,- գրեց նա։
Այնինչ Փաշինյանը չի հրաժարվել խորհրդարանում արած իր հայտարարությունից, այլ պարզաբանել է այն՝ ընդամենը հերքելով ստորագրման ենթակա որևէ փաստաթղթի կամ փաստաթղթի նախագծի՝ այդ պահին գոյություն ունենալու մասին տարածվող լուրերը։
«Իսկ էսօրվա իմ ասածը ՀՀ տարածքի հետ կապված, իմաստն էն ա եղել, որ միջանցքով կլինի, այլ բանով կլինի, չենք պատրաստվում մեր ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը սակարկման առարկա դարձնել։ Բայց մյուս կողմից էլ, հա՜, կարևորը․․․ ես հայտարարել եմ, որ մյուս կողմից էլ մենք չենք խուսափի պատասխանատվությունից, եթե տեսնենք, որ թեկուզ ոչ երազանքային, բայց այնուամենայնիվ կա մի լուծում, որը չի հատում ՀՀ-ի շահերի կարմիր գծերը, մենք նաև դրա պատասխանատվությունն ենք պատրաստ ստանձնել ու գնալ էդ լուծումներին։ Էսօրվա ելույթում ես ասել եմ, որ եթե լինի էնպիսի տարբերակ, բանակցությունների արդյունքում հնարավոր լինի գալ մի թղթի, որը մեր երազանքների թուղթը չի, բայց այնուամենայնիվ ՀՀ շահերին օգուտ ա, մենք պատրաստ ենք էդ պատասխանատվությունը ստանձնել»,- ասել է Փաշինյանը։
Փաստացի, Փաշինյանը միայն հերքում է ստորագրման ենթակա փաստաթղթի գոյության մասին լուրերը, սակայն վերահաստատում է ԱԺ-ում հնչեցրած իր խոսքերը, որ եթե լինի ՀՀ-ի համար տևական խաղաղություն և անվտանգություն ապահովող փաստաթղթի որևէ տարբերակ, ապա նա պատրաստ է այն ստորագրել։
Սամարղանդ այցը ինքնաբուխ հավաքի շնորհիվ չէ, որ չեղարկվել է
Սահմանադրական դատարանի աշխատակազմի նախկին ղեկավար, Լեհաստանում ՀՀ նախկին դեսպան Էդգար Ղազարյանն իր հերթին է ֆեյսբուքյան իր էջում թվել ինքնաբուխ հավաքի, իր ձևակերպմամբ, ձեռքբերումները։ Ի թիվս այլոց, Ղազարյանը շեշտել է, որ հավաքի շնորհիվ «չեղարկվել է Նիկոլ Փաշինյանի այցը Սամարղանդ, որտեղ Ադրբեջանի նախագահի հետ կարող էին ձեռք բերվել նոր ստորացուցիչ պարտավորություններ»։
Խոսքը Ուզբեկստանի Սամարղանդ քաղաքում սեպտեմբերի 15-16-ն անցկացվող Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) նիստի մասին է։
Ղազարյանի այս պնդումը, սակայն, չի համապատասխանում իրականությանը։ ՇՀԿ նիստին Փաշինյանի մասնակցության չեղարկման մասին լուրը «Արմենպրես» պետական լրատվական գործակալության կայքում հայտնվել է սեպտեմբերի 14-ին ժամը 19։09-ին։ Մինչդեռ ինքնաբուխ հավաքի առաջին կոչերը սոցիալական ցանցերում հայտնվել են շատ ավելի ուշ։ Օրինակ, հավաքի կազմակերպիչներից Կարին Տոնոյանը Բաղրամյան պողոտայում մարդկանց հավաքվելու կոչ անող գրառում արել է միայն ժամը 19։25-ին։
Այսպիսով, Սամարղանդ վարչապետի այցը չեղարկվել է ինքնաբուխ հավաքի մեկնարկից առնվազն մեկ ժամ շուտ։
Նանե Մանասյան