Այս տարվա հուլիսի կեսերին Եվրոպական միությունը հայտարարեց Հայաստանին շուրջ 2.6 մլրդ եվրոյի աջակցություն տրամադրելու մասին՝ առաջիկա հինգ տարիներին հինգ խոշոր ծրագրերի իրականացման համար։
Չնայած նրան, որ Արևելյան գործընկերության կազմում Հայաստանը ԵՄ-ից դրամաշնորհներ և արտոնյալ վարկեր ստանում է ամեն տարի, 2021-ի հայտարարված գումարն աննախադեպ էր Հայաստանի համար իր չափերով։ Սա համացանցում և մամուլում ակտիվ քննարկումների պատճառ դարձավ։
«Փաստերի ստուգման հարթակը» որոշել է ուսումնասիրել վերջին տարիներին ԵՄ-ի կողմից Հայաստանին և Արևելյան գործընկերության անդամ մյուս երկրներին տրամադրված աջակցության չափերը և նպատակը։
ԵՄ աջակցություն ԱլԳ երկրներին
ԵՄ-ն Հայաստանին աջակցություն տրամադրում է Արևելյան գործընկերության երկրների՝ Ադրբեջանի և Վրաստանի, Ուկրաինայի, Մոլդովայի և Բելառուսի հետ ԵՄ հարևանության ծրագրի շրջանակում։ Տրամադրվող գումարները նախատեսվում են տվյալ ժամանակահատվածում ԵՄ համար տվյալ տարածաշրջանում կարևոր համարվող ծրագրերի իրականացման համար։
Եվրոպական միության՝ 2014-2020 թվականներին Հայաստանի համար հաստատված բյուջեով նախատեսված էր շուրջ 308 մլն եվրո։ Այն ներառում էր շուրջ 170 մլն եվրո 2014-2017 թվականների համար և գրեթե նույնքան՝ 2017-2020 թվականների համար։ Այս միջոցները հատկացվել են հինգ ծրագրերի իրականացման համար։
Այս տարիներին ԵՄ-ն Արևելյան գործընկերության երկրներին տրամադրել է շուրջ 15.4 մլրդ եվրո, որը ԵՄ ամենամեծ աջակցության ծրագրերից է՝ կազմելով ԵՄ արտաքին կապերի ծրագրի շուրջ 24 տոկոսը։
Այս ժամանակահատվածում (2014-2020) ԵՄ-ն Բելառուսին հատկացրել է մոտ 160 միլիոն եվրո։ Մոլդովային՝ մոտ 740 միլիոն եվրո։ Միայն 2017-2020 թվականների համար նախատեսվել էր Մոլդովային տրամադրել շուրջ 350 միլիոն եվրո գումար։ Նշված ժամանակահատվածի համար Ադրբեջանի համար հատկացվել էր մոտ 160 մլն եվրո գումար։ Հարևան Վրաստանի համար Եվրոպական միությունը նախատեսել էր շուրջ 723 մլն եվրո աջակցություն։ Պաշտոնական կայքում առկա է Ուկրաինային միայն 2018-2020 թվականների համար հատկացված գումարների մասին տեղեկությունը, որը կազմել է մոտ կես միլիարդ եվրո։
Հարկ է նշել, սակայն, որ այս թվերը ամբողջական չեն, քանի որ դրանք կարող են փոխվել հընթացս։ Այսպես, օրինակ, ԵՄ-ն աջակցության առանձին փաթեթ էր կազմել կորոնավիրուսային հիվանդության դեմ պայքարին աջակցելու համար։
Սպասվող աջակցության չափերը
2021 թվականի նախագծով ԱլԳ անդամ երկրներին տրամադրվելու է ընդհանուր առմամբ 2.3 մլրդ եվրո՝ որպես դրամաշնորհ, իսկ աջակցության ծրագրի բյուջեն կարող է աճել՝ դառնալով մինչև 17 մլրդ եվրո, ինչը շուրջ 2 միլիարդով ավելի է նախորդ հնգամյակի փաթեթից։ Այս հավելյալ միջոցները ներառում են նաև վարկեր տարբեր ծրագրերի իրականացման, ինչպես, օրինակ, բիզնեսի աջակցության համար։
2021 թ. հուլիսին ԵՄ-ն հայտարարեց Հայաստանին շուրջ 1.6 մլրդ եվրո կամ շուրջ 1.9 մլրդ դոլար աջակցություն տրամադրելու մասին։ Հետագայում Եվրոպական խորհրդարանի ղեկավար Շառլ Միշելը հայտարարեց, որ աջակցության չափը կարող է հասնել 2.6 մլրդ եվրոյի՝ մոտ 3 մլրդ դոլար։ Այս գումարները ներառում են ինչպես դրամաշնորհային ծրագրեր, այնպես էլ վարկային և ներդրումային միջոցներ՝ յոթ (նախապես հայտարարված հինգի փոխարեն) ծրագրերի իրականացման համար։
ԵՄ-ն, մեծացնելով դրամական աջակցության չափերը, ավելացրեց նաև նախատեսված ծրագրերը՝ որոշելով ֆինանսավորել նաև Հայաստանի հարավային շրջանների հզորացումն և Հյուսիս-հարավ ավտոճանապարհի կառուցումը։
Եվրոպական միությունն Ուկրաինայի համար նախատեսում է շուրջ 2.3 մլրդ դոլար, Մոլդովայի համար՝ մոտ 1.9 մլրդ դոլար։ Ադրբեջանը ստանալու է միայն 166 մլն դոլար, իսկ Վրաստանը կստանա մոտ 1.4 մլրդ դոլար։
Առայժմ պարզ չէ, թե նշված միջոցներից որքանը կներգրավվեն որպես վարկային միջոցներ, սակայն Արևելյան գործընկերության հինգ (Բելառուսը որոշել է լքել գործընկերության շարքերը) նախատեսված է 2.3 մլրդ եվրո։
«Փաստերի ստուգման հարթակն» արդեն գրել է, որ Հայաստանին տրամադրվող միջոցների մեծ մասը լինելու են վարկեր։
Անի Ավետիսյան