Համացանցում և լրատվամիջոցներում նոյեմբերի 13-ին լուր է տարածվել, թե իբր բացահայտվել է «փաշինյանական ֆեյքերի ֆաբրիկա»։
Մասնավորապես, տարածվում էր ուղիղ եթերի տեսանյութ, որում մի խումբ անձինք մուտք են գործում գրասենյակ և այնտեղ աշխատողներին մեղադրում են ֆեյքերի ֆաբրիկա աշխատացնելու մեջ։
Չնայած հենց տեսանյութում «Ինգո Արմենիա» ապահովագրական ընկերության փոխտնօրեն Արշակ Ղազարյանը նշում է, որ այդ տարածքը պատկանում է ընկերությանը և այնտեղ ընկերության աշխատողներն են, լրատվականներում՝ auroranews.am, analitik.am, tert.am, 24news.am և այլն, գրել են, թե բացահայտվածն իսկապես ֆեյքերի ֆաբրիկա է։
Армянская вендетта անունով Տելեգրամի էջն էլ գրել էր, թե հայտնաբերվել է ֆեյքերի ֆաբրիկա, որի աշխատակիցներն առավոտից երեկո «ցեխ են շպրտում» և վիրավորում Արցախի տարածքների հանձնման դեմ բողոքող քաղաքացիներին և Արցախի բնակիչներին
«Ինգո Արմենիա» ապահովագրական ընկերությունը, սակայն, ևս հայտարարություն է տարածել՝ նշելով, որ ժամը 17։30֊ի սահմաններում անհայտ անձինք ապօրինի մուտք են գործել ընկերության Երևանի Դեմիրճյան փողոցի 38 հասցեում գտնվող գրասենյակ, շուրջ 10 րոպե դիտավորությամբ կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը և խաթարելով գրասենյակի բնականոն աշխատանքը հայհոյանքներ ու սպառնալիքներ են հնչեցրել աշխատակիցների հասցեին՝ նրանց անհիմն մեղադրելով որպես համացանցում զինվորների հասցեին հայհոյանքներ և կեղծ լուրեր տարածողների։
Ընկերության հայտարարության մեջ նաև ասվում է, որ իրենք զբաղվում են միայն ապահովագրական գործունեությամբ և անհեթեթ է անգամ արդարանալ, թե այդ աշխատակիցները զինվորների կամ որևէ մեկի հասցեին հայհոյանքներ տարածելով են զբաղված։ Ընկերությունը նաև հաղորդում է ներկայացրել ոստիկանություն՝ անհայտ անձանց հայտնաբերելու և նրանց գործողություններին քրեաիրավական գնահատական տալու համար։
Հովհաննես Նազարեթյան