Փորձենք պարզել, թե ինչպե՞ս է ստացվում, որ նույն կաթնաշոռերը տարբեր լրատվականների կողմից փորձաքննության հանձնվելուց հետո պարզվում է, որ մի դեպքում դրանք շատ օգտակար են, մյուս դեպքում չափազանց վտանգավոր առողջության համար։
Այսպիսով, Հանրային հեռուստաընկերության «Համի որակ» հաղորդաշարը իր եթերներից մեկում, (որն յութուբյան ալիքում տեղադրվել է 2016թ., մարտի 5-ին), հասարակությանն է ներկայացրել կաթնաշոռի մասին մի հաղորդում, որի ընթացքում ոչ միայն պատմում է կաթնաշոռի օգտակարության մասին, այլև ներկայացնում է վերջինիս բուժիչ հատկությունները զանազան հիվանդությունների դեմ:
Հասարակութայնը ներկայացվել է 6 տեսակի տեղական արտադրության կաթնաշոռ, որոնք ուղարկվել են լաբորատոր ստուգումների պարզելու դրանց բաղադրությունը:
Հաղորդմանն աջակից Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության ենթակայության տակ գտնվող «Հանրապետականան անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» (ՀԱԲԼԾԿ) ՊՈԱԿ-ի կողմից կատարված փորձաքննության ժամանակ «Համի որակը» պարզել էր, որ բոլոր 6 նմուշներում շեղում չկա. դրանք «համապատասխանում են անվտանգության պահանջներին և համարվում են մարդու առողջության համար անվտանգ»։
Նույն կաթնաշոռերի փորձաքննություն է իրականացրել նաև «Հետք»-ը և պարզել, որ դրանցից և ոչ մեկը չի համապատասխանում սահմանված նորմերին. դրանց մեջ հայտնաբերվել է աղիքային ցուպիկ, խմորասնկերի, բորբոսասնկերի և կաթնաթթվային մանրէների անթույլատրելի քանակ: Դրանցից շատերի մեջ այդ ցուցանիշները գերազանցում է 5-12 անգամ:
Ինչպես նշում է լրատվականը, «կաթնաշոռի նմուշները փորձաքննության է տարվել 2016թ. սեպտեմբերի 7-ին, բնականաբար, լաբորատորիա են տարվել տարբեր խմբաքանակի կաթնաշոռեր: Սակայն մեր փորձաքննության ժամանակ ոչ միայն շեղումներ են հայտնաբերվել (կաթնաթթվային մանրէների, խմորասնկերի և բորբոսասնկերի անթույլատրելի քանակ), այլև նմուշներից մեկում («Թամարա և Անի») եղել է աղիքային ցուպիկ»:
Պարզվում է, որ բացի սննդում ոչ պիտանի լինելուց, դրանք նաև ըստ «Սննդամթերքի անվտանգության մասին» օրենքի, համարվում են կեղծված. բաղադրությունը փոփոխվել է առանց մակնշման համապատասխան փոփոխության:
Այս երկու փորձաքննությունների ծայրահեղ տարբեր լինելու գաղտնիքը պարզ է դառնում «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի հարցմանը ի պատասխան Հանրային հեռուստաընկերությունը ներկայացրած փորձաքննության արդյունքներից: Դրանցից պարզ է դառնում, որ ի տարբերություն Հետքի, որը կաթնաշոռերը հանձնել էր փորձաքննության կաթնաթթվային մանրէների, խմորասնկերի, կամ աղիքային ցուպիկների առկայությունը ստուգելու նպատակով Հարայինի փորձաքննությունը իրականացվել է կապարի, սնդիկի, արսենի, կամ կադիումի առկայությունը ստուգելու նպատակով:
Արդյունքում, այս քիմիական տարրերի բացակայության, կամ ցածր քանակությամբ առկայության հիման վրա եզրակացություն է ներկայացվել, որ կաթնաշոռերը պիտանի են օգտագործման համար: Թեպետ սնդիկի, կամ կապարի բացակայությունը դեռ բավարար չէ սնունդը անվտանգ համարելու համար:
Նշենք, որ «Համի որակ» հաղորդման նպատակն է, «պարզել, բացահայտել մեզ հայտնի սննդամթերքի իրական բաղադրությունը, օգտակարությունը» : Այն «առաջնորդվում է բացառապես հանրային շահով և գովազդի նպատակ չի հետապնդում»։