Արցախա-ադրբեջանական սահմանագծի ողջ երկայնքով սեպտեմբերի 27-ից մեկնարկած ռազմական գործողություններին զուգահեռ նկատվում է թուրքական օդուժի ակտիվացում ՀՀ սահմանին։
«Փաստերի ստուգման հարթակն» արդեն անդրադարձել էր Թուրքիայից և Իսրայելից դեպի Ադրբեջան ռազմական օդուժի ակտիվ տեղաշարժերին ու Ադրբեջանի կողմից ռազմական գործողությունների ակտիվ նախապատրաստությանը։
ՀՀ և ԱՀ պաշտպանական գերատեսչություններն արդեն հայտնել են թուրքական ուղղաթիռների և անօդաչու թռչող սարքերի՝ Արցախի և Հայաստանի երկնքում հայտնվելու մասին։ Բաց աղբյուրներում առկա տեղեկությունները ևս ապացուցում են այս պնդումները։
Թուրքական օդուժը հայկական սահմանին էր նախքան մարտերի մեկնարկը
Մարտերից դեռ մեկ շաբաթ առաջ՝ սեպտեմբերի 20-ին, թուրքական հետախուզական անօդաչու թռչող սարքերը պտտվում էին հայ-թուրքական սահմանի մոտակայքում՝ Արարատ լեռան շրջակայքում և Արաքսի հովտի մոտ։ Ըստ Flightradar24.com կայքի՝ սեպտեմբերի 24-ին նույն տարածքում պտտվող անօդաչուն հատել է Հայաստանի սահմանը և հասել մինչև Վեդի քաղաք։
Կապույտ գիծը անօդաչուի թռիչքի հետագիծն է
Մարտերի մեկնարկի օրը՝ սեպտեմբերի 27-ին, գրեթե ողջ օրվա ընթացքում թուրքական հետախուզական CENAH01 անօդաչու թռչող սարքը Հայաստանի տարածքում էր՝ հասնելով մինչև Սևանա լճի ափ։ ԱԹՍ-ն երկար ժամանակ հայկական երկնքում էր՝ ենթադրաբար հավաքելով հետախուզական տեղեկություններ։
Նույն օրը սահմանի մոտակայքում էր նաև թուրքական Baykatar TB2 անօդաչու թռչող սարքը։
Սեպտեմբերի 28-ին տարբեր ժամերի ևս ՀՀ սահմանի մոտակայքում նկատվում էին թուրքական հետախուզական Baykatar TB2 տեսակի անօդաչուները։
Դիտարկվում է Շիրակի մարզին սահմանակից հատվածը
Մինչև սեպտեմբերի 29-ը թուրքական օդուժի՝ մեր դիտարկած անօդաչու թռչող սարքերն ու ինքնաթիռները հիմնականում Արարատի ու Գեղարքունիքի մարզերի շրջակայքում էին։ Սեպտեմբերի 29-ին արդեն Bayraktar TB2 հետախուզական ԱԹՍ-ն Շիրակի մարզի սահմանին էր՝ Գյումրու ուղղությամբ։ ԱԹՍ-ն երկինք էր բարձրացել Անկարայի մոտակայքից։ Երկարատև թռիչքներ իրականացնելու հնարավորությունը թուրքական Bayraktar-ներին բնորոշ հատկանիշներից է։ Նույն օրը մեկ այլ ԱԹՍ պտտվում էր Արարատ լեռան մատույցներում։
Հետևելով անօդաչուների մեծ մասի թռիչքի հետագծին՝ նկատում ենք, որ դրանք թռչում են Բեշթաշի մոտակայքում գտնվող Beştaş Hudut Karakolu ռազմաբազայի շրջակայքում։
Առանձին դեպքերում ԱԹՍ-ներն օդ էին բարձրանում Թուրքիայի խորքից՝ անցնելով երկար ճանապարհ ու հասնելով ՀՀ սահմանին։ Այսպես, ԱԹՍ-ներից մեկը թռիչքը սկսել էր Թեքրիդաղի մոտակայքից և Հայաստանի սահմանի ուղղությամբ եկել Հալեպի վրայով։
Խնդիրներ թռիչքները դիտարկող հարթակի հետ
Շվեդական Flightradar24.com կայքը միակն է, որը թույլ է տալիս հնարավորինս ամբողջական տեղեկատվություն ստանալ թռիչքների, դրանց ուղղությունների և թռիչքն իրականացնող ինքնաթիռների մասին։ Ստեղծված լինելով քաղաքացիական թռիչքների ուսումնասիրության համար՝ որոշ դեպքերում այն չի ճանաչում ռազմական նշանակության ինքնաթիռների և ԱԹՍ-ների տվյալները։ Թուրքական օդուժի (TUAF) ռազմական օդանավերը և որոշ անօդաչու սարքեր ճանաչելի են ռադարի կողմից, սակայն եթե ինքնաթիռն ունի հատուկ պաշտպանություն կամ թռչում է ռադարի դիտարկման տարածքից դուրս, հարթակը չի գրանցում թռիչքի հետագիծը։ Թուրքական ինքնաթիռների դեպքում ևս նկատվում են նման դեպքեր։
Բացի այս, սեպտեմբերի 27-ից սկսած, երբ լրատվականները և սոցցանցերի օգտատերերը սկսեցին ակտիվորեն լուսաբանել թուրքական օդուժի ակտիվությունը սահմանին, կայքի աշխատանքների խափանումները դարձան հաճախակի։ Սեպտեմբերի 29-ին հարթակի թվիթերյան էջում հրապարակում տարածվեց այն մասին, որ կայքը մի քանի օր շարունակ ենթարկվում է հաքերային հարձակումների։ Սոցցանցերում քննարկվում էր կայքի՝ թուրքական կողմից հարձակման ենթարկված լինելու վարկածը։
Այսպիսով, բաց աղբյուրներում առկա փաստերը ապացուցում են, որ սեպտեմբերի 27-ից մեկնարկած պատերազմում Թուրքիան միայն «բարոյական» աջակցի դերում չէ, ինչպես նշում է Ադրբեջանի նախագահը, այլ իրապես ներգրավված է որպես մասնակի պատերազմող կողմ։
Անի Ավետիսյան