Ազգային ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանն այս տարվա հունիսի 17-ին, խոսելով Ազգային անվտանգության ծառայության շենքի մոտ ոստիկանության գործողությունների մասին, որոնց հետևանքով տուժել էին լրագրողներ, նշել էր, որ ոստիկանական զորքերը ունեն 20 հազարից ավելի ծառայող։
Infocom.am-ը ոստիկանությունից փորձել էր պարզել ոստիկանական զորքերի թվաքանակը, ինչին ի պատասխան հայտնել էին, որ ոստիկանության զորքերի թվաքանակը գաղտնի է և ենթակա չէ տրամադրման։
Որպես իրավական հիմք՝ բերվել էր ոստիկանության պետի 2016 թ. փետրվարի 29-ի՝ «Կառավարությանն առընթեր ոստիկանությունում գաղտնագրման ենթակա տեղեկությունների ընդլայնված գերատեսչական ցանկերը հաստատելու մասին» թիվ 1-Ն հրամանի 4-րդ հավելվածի 4-րդ կետը և կառավարության 2009 թ․ մայիսի 14-ի «ՀՀ ոստիկանության զորքերի թվաքանակը սահմանելու մասին» թիվ 539-ՆԳ որոշումը։
Infocom.am կայքը, իր հերթին, Ալեն Սիմոնյանին մեղադրել էր պետական կամ ծառայողական գաղտնիք հրապարակելու մեջ:
Ըստ ոստիկանապետի 2016 թվականի՝ վերը նշված հրամանի՝ ոստիկանության զորքերի թվաքանակի մասին տեղեկությունները դասվում են հույժ գաղտնի տեղեկությունների շարքին։ Իսկ ըստ «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» օրենքի 4-րդ հոդվածի՝ «հույժ գաղտնի» աստիճանի գաղտնիության դասվում են միայն պետական գաղտնիքները (որոնք հրապարակելը, իմիջիայլոց, պատժվում է Քրեական օրենսգրքի 306-րդ հոդվածով)։ Այսինքն, ծառայողական գաղտնիքի մասին խոսք չկա, ոստիկանության զորքերի թվաքանակը դասված է պետական գաղտնիքի ցանկին:
Սակայն հատկանշական է, որ Հայաստանի Հանրապետությունը վավերացրել է Եվրոպայում սովորական զինված ուժերի վերաբերյալ համաձայնագիրը (ԵՍԶՈՒ), ըստ որի՝ Հայաստանն ամեն տարի ԵՍԶՈւ-ին տրամադրում է զինված ուժերի ծառայողների ընդհանուր թվաքանակը (ի թիվս մի շարք այլ տվյալների)։ Սրա մեջ մտնում են նաև ռազմականացված ուժերի (paramilitary)՝ ոստիկանության զորքերի և սահմանապահ զորքերի թվաքանակները։
Ավելին, այդ թվերն ամեն տարի հրապարակվում են Ռազմավարական ուսումնասիրությունների միջազգային ինստիտուտի (International Institute for Strategic Studies) կողմից լույս տեսնող «Ռազմական բալանս» (The Military Balance) հանդեսում։ Եվ 2019 թվականի տվյալներով՝ Հայաստանի զինված ուժերի ծառայողների թիվը 44,800 է, իսկ ռազմականացված ուժերի ծառայողների թիվը՝ 4300։ Այսինքն՝ ոստիկանության զորքերի թիվը մոտ հինգ անգամ ավելի քիչ է, քան Ալեն Սիմոնյանի նշած 20 հազարը։
Այլ կերպ ասած՝ Ալեն Սիմոնյանը չի հրապարակել պետական գաղտնիք, քանի որ իր հրապարակած թիվը որևէ աղերս չունի իրականության հետ: Իսկ ոստիկանության զորքերի թվաքանակի գաղտնագրման իրավաչափությունը, ինքնին, վիճահարույց է, քանի որ այդ թվաքանակի հայտարարագրումը վավերացված միջազգային պայմանագրով Հայաստանի Հանրապետության պարտավորությունն է: Նշենք, որ Զինված ուժերի ծառայողների թվաքանակը գաղտնի չէ (որքան էլ որ դա տարօրինակ չթվա)։
Հովհաննես Նազարեթյան