Նախորդ շաբաթվա ընթացքում լրատվամիջոցներում և համացանցում քիչ չէին սխալ, մանիպուլյատիվ և մոլորեցնող հայտարարություններն ու պնդումները։
«Փաստերի ստուգման հարթակը» շաբաթական ամփոփման շրջանակում ներկայացնում է վերջին յոթ օրվա ընթացքում Հայաստանում և տարածաշրջանում տարածված՝ իրականությանը չհամապատասխանող այն հայտարարությունները, որոնք չեն հայտնվել մեր առանձին հոդվածներում:
Հայաստանը ներքաշեց ՀԱՊԿ-ին. Դավիթ Շահնազարյան
Ազգային անվտանգության ծառայության նախկին ղեկավար Դավիթ Շահնազարյանը հուլիսի 20-ին «Արմնյուզ» հեռուստաընկերության եթերում հեռարձակվող «Հայելու առաջ» հաղորդմանը, անդրադառնալով հուլիսի 12-ից հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված լարված իրավիճակին, պնդել էր, որ Հայաստանի կողմից Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը դիմելը ոչ միայն հանցագործություն էր, այլև սխալ․ «Մեր անկախության պատմության ողջ ընթացքում միշտ էլ միջադեպեր եղել են, բայց Հայաստանը երբեք ՀԱՊԿ-ին չի դիմել…»։
Իրականում, սահմանային բախումների ժամանակ Հայաստանի արտգործնախարարությունը որևէ արտառոց գործընթաց չէր սկսել, այլ պաշտոնական տեղեկություններ էր փոխանցել ՀԱՊԿ ղեկավարին: Ավելին՝ նմանատիպ հեռախոսազրույց ԱԳ նախարարն ունեցել էր նաև այլ կազմակերպությունների ղեկավարների հետ:
Ըստ Հայաստանի ԱԳՆ տարածած հաղորդագրության՝ հուլիսի 13-ին Զոհրաբ Մնացականյանը ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասին մանրամասն տեղեկատվություն էր տրամադրել հուլիսի 12-ից Ադրբեջանի զինված ուժերի կողմից Տավուշի մարզի ուղղությամբ հրետանու կիրառմամբ իրականացված հրադադարի խախտումների և իրադրության հետագա սրման հետևանքների մասին:
ՀԱՊԿ-ին իրավիճակի մեջ ներքաշելու կամ օգնություն խնդրելու մասին խոսք չէր եղել: Դա հաստատել էր նաև արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը: Լրագրողների հետ զրույցում նա հայտարարել էր. «ՀԱՊԿ օրենսդրությամբ կա համապատասխան հոդված, որ, եթե լինում է հարձակում, դու դիմում ես օգնության համար: Մենք չենք դիմել: Մեր նպատակը լրիվ այլ էր՝ տեղեկացնել մեր գործընկերներին, թե ինչ իրավիճակ է»:
Դիմակները վնասակար են. «Հայելու առաջ»
Հուլիսի 23-ին «Հայելու առաջ» հաղորդման հյուրերն էին հոգեբան Միհրդատ Մադաթյանը, իրավապաշտպան Սոնա Աղեկյանը և բժշկուհի Նունե Ներսիսյանը: 40 րոպե տևած զրույցում բանախոսները, տարբեր պատճառաբանություններ բերելով, հայտարարում էին, որ դիմակը կրելը վնաս է։
Հարցազրուցավար Անժելա Թովմասյանը նշել էր, որ թեև Առողջապահության նախարարությունից հայտարարում են, որ ամբողջ աշխարհում են դիմակ կրում, դա այդպես չէ․ «Եվրոպայում չկա բացարձակ նման պարտադրանք, թեև, կարծես թե, միայն Ֆրանսիայում են դա փորձում մտցնել»։
Նշենք, որ մինչև այժմ էլ բազմաթիվ երկրներում դիմակ կրելը պարտադիր է: Իտալիայում և Իսպանիայում փակ տարածքներում պարտադիր է, իսկ բաց տարածքներում՝ միայն այն դեպքում, երբ հնարավոր չէ պահպանել 1.5մ հեռավորություն: Մեծ Բրիտանիայում դիմակները պարտադիր են կայարաններում, խանութներում, հանրային տրանսպորտում: Բելգիայում դիմակները պարտադիր են մարդաշատ հանրային վայրերում: Հատկանշական է նաև, որ դիմակների պարտադիր կրման վերաբերյալ որոշումները երկրներում փոխվում են ժամանակ առ ժամանակ՝ կախված համաճարակի տարածման միտումներից:
Ինչ վերաբերում է դիմակի վնասակարությանը, ապա մինչ օրս չկա ապացույց, որ դիմակները լուրջ առողջական խնդիրներ կարող են առաջացնել: Բժշկական դիմակների կրումը չի առաջացնում թթվածնային քաղց կամ ածխաթթու գազով թունավորում առողջ մարդկանց մոտ: Սակայն դա կարող է տեղի ունենալ ծանր ֆիզիկական աշխատանք կատարելիս կամ եթե մարդն ունի քրոնիկ հիվանդութուններ: Հատկանշական է նաև, որ անհրաժեշտ է ճիշտ կրել դիմակները՝ հնարավոր բացասական հետևանքներից խուսափելու համար։ Դիմակների՝ առողջության վրա ազդեցության մասին Fip.am-ի անդրադարձին կարող եք ծանոթանալ այստեղ։
Իսկ Հայաստանում, պարետի վերջին որոշումներից մեկով, շնչառական խնդիրներ կամ այլ քրոնիկ հիվանդություններ ունեցող քաղաքացիները կարող են դիմակ չկրել՝ ներկայացնելով համապատասխան փաստաթղթերը:
Պարետը որոշումներ ընդունելու իրավունք չունի. Արթուր Ղազինյան
Հուլիսի 24-ին 168.am-ի «Ռեվյու» հաղորդման եթերում հերթական անգամ շահարկվեց արտակարգ դրության պարետ, փոխվարչապետ Տիգրան Ավինյանի ընդունած որոշումների և նորմատիվ իրավական ակտերի օրինականությունը:
Մասնավորապես, «Մեկ Հայաստան» կուսակցության ղեկավար Արթուր Ղազինյանը հայտարարել էր, որ կորոնավիրուսի համաճարակի պայմաններում պարետի ընդունած որոշումներն անօրինական են․ «Պարետը նման որոշում կայացնելու սահմանադրական լիազորություն չունի: Հետևաբար, այս բոլոր ակտերը, տուգանքները, որոնք գրված են, ժամանակի ընթացքում դառնալու են անվավեր»:
Իրականում, այս պնդումը չի համապատասխանում իրականությանը, քանի որ ըստ «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքի, պարետը, որի պաշտոնը ներկայումս փաստացի զբաղեցնում է փոխվարչապետը, կարող է ընդունել ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտեր:
«Փաստերի ստուգման հարթակը» նախորդ հրապարակումներից մեկում ավելի մանրամասն անդրադարձել էր այս հարցին:
Լուսինե Ոսկանյան