Կառավարությունը հունիսի 25-ի նիստում չզեկուցվող հարցերի փաթեթով ընդունեց «Սոլար ֆարմ» ՍՊԸ-ին մաքսատուրքից ազատվելու արտոնություն տալու որոշում։ Ընկերության կողմից ներմուծվելու են ապրանքներ, որոնք օգտագործվելու են էլեկտրաէներգիայի արտադրության համար (արևային կայանի կառուցում)։
Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 51.3 մլն դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը կազմում է 4.2 մլն դրամ:
«Սոլար ֆարմ» ընկերությունը հիմնադրվել է 2019 թ. մարտին։ Ներկայում այն ունի երկու բաժնետեր: Բաժնետերերից մեկը Էկոնոմիկայի նախարարության նախկին գլխավոր քարտուղար Արմեն Կարապետյանն է, մյուսը՝ Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախկին փոխնախարար և Արմավիրի նախկին մարզպետ Աշոտ Ղահրամանյանի որդի Կարեն Ղահրամանյանի կինը՝ Էդիտա Էդուարդի Շեկոյանը։
Արմեն Կարապետյանը 2017-2018 թթ․ զբաղեցրել էր Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության աշխատակազմի ղեկավարի պաշտոնը։ Այնուհետև, նախարարությունների օպտիմալացման արդյունքում, դարձել էր Էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար։ Կարապետյանը ազատվել է պաշտոնից 2019-ի հոկտեմբերին, ինչպես ինքն է պարզաբանել՝ առողջական դրդապատճառներով։ Շուրջ մեկ ամիս անց նա դարձել է «Սոլար ֆարմ» ընկերության 50 տոկոս բաժնետեր։ Պաշտոնը դադարեցնելու հայտարարագրում Արմեն Կարապետյանը հայտարարագրել էր ավելի քան 110 միլիոն դրամ եկամուտ, որից 95․9 միլիոնը՝ որպես նվիրատվություն՝ բնամթերքի տեսքով։ Շուրջ 10 միլիոն դրամ Կարապետյանը ստացել է որպես աշխատանքի վարձատրություն, և ևս 4 միլիոն դրամ գոյացել է փոխառություններից ստացված տոկոսից։
Իսկ Կարեն Ղահրամանյանը Հանրապետական կուսակցության խորհրդի անդամ է։ 2018 թ. փետրվարին նշանակվել էր Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների փոխնախարար, սակայն 2018 թ. հեղափոխությունից հետո ազատվել էր պաշտոնից։ Մինչ այդ՝ 14 տարի Ղահրամանյանը եղել էր Էներգետիկ ենթակառուցվածքների նախարարության աշխատակազմի ղեկավար։
«Սոլար ֆարմ» ՍՊԸ-ն ծրագրի շրջանակում նախատեսում է իրականացնել ընդհանուր շուրջ 1 մլրդ 873 մլն դրամի ներդրում՝ ապրանքների ձեռքբերման, իսկ մնացած մասը արևային կայանի կառուցմանն ուղղված շինարարական աշխատանքների իրականացման համար: Ներկայում առկա է 1 աշխատատեղ: Նախատեսվում է ներդրումային ծրագրի շրջանակում ստեղծել 5 հիմնական և 50 ժամանակավոր նոր աշխատատեղ` 100,000 դրամ միջին աշխատավարձով։
Անի Ավետիսյան