Ազգային ժողովը հունիսի 16-ին քննարկում էր «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու հարցը։
Նշենք, որ Ազգային անվտանգության ծառայությունը մի շարք բացահայտումներ էր արել՝ կապված Գագիկ Ծառուկյանին պատկանող ընկերություններում չարաշահումների և ընտրակեղծիքների հետ։
Մասնավորապես, խուզարկությունների ընթացքում բացահայտվել էին նաև 2017 թվականի ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրություններում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության կողմից կաշառք բաժանելու վերաբերյալ փաստաթղթեր։
Անդրադառնալով հարցին՝ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին հիշեցրել էր 2017-ի մայիսին Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ հայտնաբերված՝ ընտրակաշառք բաժանելու դեպքերը։
«Հիշեցրեք ինձ, թե ո՞վ էր դատախազը, երբ ես լայվով արձանագրում էի ընտրակաշառք բաժանելու դեպք առերևույթ Հանրապետական կուսակցության շտաբից, և այդտեղ մասնակցում էր այսօրվա վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Եվ ես լայվով, երեք նյութ կարող եք գտնել իմ պատին, արձանագրում ենք ցուցակներ, ընտրակաշառքի բաժանման դեպքեր, ո՞ւր էր այդ ժամանակ դատախազը, ո՞վ էր, ինձ հիշեցրեք․․․»,- հարց էր ուղղել Թանդիլյանը։
Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը, ի պատասխան, նշել էր, որ 2017-ին ինքն էր գլխավոր դատախազը և այդ ժամանակ «աննախադեպ ծավալի քրեական գործեր են քննվել»։ «Ես կոնկրետ ձեր վկայակոչած դեպքը, բնականաբար, չեմ կարող հիշել, բայց վստահորեն կարող եմ ասել, որ բացառված է, որ վարույթ իրականացված չլինի»,- հայտարարել էր Դավթյանը։
«Փաստերի ստուգման հարթակն» ուսումնասիրել է Թանդիլյանի նշած դեպքերի վերաբերյալ տեղեկությունները և դրանց հաջորդած գործընթացները։
«Զիբիլիքսի» գործը
2017-ի մայիսին 12-ին՝ Երևանի ավագանու ընտրություններից երկու օր առաջ, «Ելք» դաշինքը հրապարակել էր նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախընտրական շտաբի մոտ տեղադրված աղբամաններից հայտնաբերված թղթեր, որոնցում առկա էին ընտրակաշառք բաժանելու վերաբերյալ տեղեկություններ։ Ցուցակներում երևում էին անձանց անուններ, որոնք պարտավորվել էին որոշակի գումարի դիմաց հավաքել որոշակի քանակի ձայներ, ընտրողների ցուցակներ և գումարը փոխանցելու եղանակներ։
Ըստ «Ելք» դաշինքի՝ մոտ 30 էջանոց այդ նյութերն իրենց մոտ հայտնվել էին, երբ Երևանի այն ժամանակ գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանի՝ Կոմիտաս 56 հասցեում գտնվող ընտրական շտաբի աշխատակիցը դրանք աղբաման էր նետել: «Ելքը» հաղորդում էր ներկայացրել ընտրություններին ՀՀԿ գրանցումն անվավեր ճանաչելու պահանջով։
Կուսակցության գրանցումն անվավեր չէր չճանաչվել, սակայն ընտրակաշառքի գործով հարուցվել էր քրեական գործ, որով ներգրավվել էին 11 մեղադրյալ։ 2017 թ. հուլիսին, սակայն, Հատուկ քննչական ծառայությունը քրեական գործը կարճել էր՝ հանցակազմի բացակայության պատճառով: «Ելք» դաշինքը բողոքարկել էր գործը կարճելու որոշումը, սակայն միայն 2018 թ. թավշյա հեղափոխությունից հետո՝ հունիսին, գործը վերաբացվեց։
Ըստ դատական գործի՝ Արաբկիր շրջանում ՀՀԿ թեկնածուի օգտին քվեներ հավաքելու համար շտաբի պետ Հրայր Անտոնյանը և «ՍԱՍ» սուպերմարկետների ցանցի տնօրեն Ստեփան Սահակյանը տրամադրել էին շուրջ 63 միլիոն դրամ։
2019-ի փետրվարին դատարանը որոշում էր կայացրել Հանրապետական կուսակցության անդամ, նախընտրական շտաբի պետ Հրայր Անտոնյանին և Ստեփան Սահակյանին 2 միլիոն 500 հազարական դրամի չափով տուգանելու մասին։ Մեղադրողը, սակայն, միջնորդել էր յուրաքանչյուրին 3 տարի ազատազրկման դատապարտելու համար։ Գործով մյուս 9-ը մեղադրյալների նկատմամբ ևս նշանակվել էր տուգանք՝ 2․3-ից 2․5 միլիոն դրամի չափով։
Փաստացի՝ եթե չլիներ հեղափոխությունը և երկրում չփոխվեր իշխանությունը, «Զիբիլիքսի» գործը դժվար թե վերաբացվեր, քանի որ նախահեղափոխական իրավապահ մարմինները կարճել էին այն «հանցակազմի բացակայության պատճառով»։
ՀՀԿ շտաբից Թանդիլյանի ուղիղ հեռարձակումների մասին
Իսկ ինչ վերաբերում է Թանդիլյանի ֆեյսբուքյան էջի՝ Արարատյան թաղամասում գտնվող ՀՀԿ շտաբում «առերևույթ» ընտրակաշառք բաժանելու վերաբերյալ ուղիղ հեռարձակմանը, ապա նկարահանումն իրականացվել էր 2017 թվականի մայիսի 12-ին՝ Երևանի ավագանու ընտրությունների նախօրեին, դրսից, մինչդեռ ներկայիս վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներսում էր։ Շուրջ 20 րոպե տևողությամբ տեսանյութում Թանդիլյանը փորձում է կադրեր ստանալ ներսում կատարվող քննարկումից, սակայն առանց արդյունքի։ Միայն մեկ անգամ Նիկոլ Փաշինյանը դուրս է գալիս և հայտարարում, որ ըստ տեղեկությունների՝ ոստիկանները շտաբից գողացել են ընտրական ցուցակներ։ Միջադեպի և Փաշինյանի հայտարարության վերաբերյալ այլ տեղեկություններ չկան։
Միաժամանակ նշենք, որ նույն օրը «Ելքը» հայտնել էր ընտրակաշառքների բաժանման վերաբերյալ մի շարք այլ մանրամասներ ևս։ Դրանցից մեկն էլ այն մասին էր, որ քվեներ ապահովելու և ընտրակաշառք բաժանելու վերաբերյալ փաստաթուղթ էր դուրս բերվել ոստիկանության Արաբկիրի բաժնից, իսկ փաստաթղթում երևում էին Ոստիկանության աշխատակիցների՝ նաև բարձրաստիճան, անունները։ Հիշեցնենք նաև, որ ՀՀԿ շտաբը պաշտոնական հայտարարությամբ հերքել էր «ԵԼՔ» դաշինքի կողմից ներկայացված փաստերը՝ դրանք որակելով որպես «քարոզչական ապատեղեկատվություն»։
Այսպիսով, կարող ենք արձանագրել, որ Մանե Թանդիլյանի պնդումները, որ նախկինում իրենց կողմից արձանագրված ընտրակաշառքի դեպքերը իրավական հետևանքներ չէին ունենում, մեծամասամբ համապատասխանում են իրականությանը։ Ինչպես նշեցինք, այսպես կոչված, «Զիբիլիքսի» գործը վերաբացվել է միայն հեղափոխությունից հետո, ինչի արդյունքում էլ մի շարք հանրապետականներ մեղավոր են ճանաչվել։
Անի Ավետիսյան