Ազգային ժողովի նախկին փոխխոսնակ, Հանրապետական կուսակցության Գերագույն մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովը մայիսի 19-ին «5-րդ ալիք» հեռուստաընկերության եթերում հանդես է եկել Արցախյան հակամարտության կարգավորման ընթացիկ զարգացումների վերաբերյալ մի շարք մանիպուլյատիվ և իրականությանը չհամապատասխանող հայտարարություններով։
Արցախի վերադարձը բանակցություններ
Քննադատելով Հայաստանի գործող իշխանությունների և առանձնապես՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականությունը, Էդուարդ Շարմազանովը նշել է, թե Նիկոլ Փաշինյանը դադարել է խոսել Արցախը բանակցությունների սեղան վերադարձնելու մասին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ 2019 թվականի մարտի 9-ին արված հայտարարությունից հետո։
«Համանախագահները շատ կոպիտ կերպով արձագանքեցին Փաշինյանի հայտարարությանը, թե ԼՂ-ն պետք է բանակցությունների կողմ լինի, ինչից հետո Փաշինյանն էլ բան չասաց»,- մասնավորապես, նշել է Էդուարդ Շարմազանովը։
ՀՀԿ-ական նախկին պատգամավորը, ըստ ամենայնի, նկատի ունի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հենց վերոնշյալ հայտարարությունը, որն արվել էր 2019 թվականի մարտի 9-ին՝ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների սպասվող հանդիպմանն ընդառաջ։
Այդ հայտարարությունում համանախագահները «շատ կոպիտ ձևով արձանագրել էին», որ հորդորում են կողմերին «զերծ մնալ հայտարարություններից ու գործողություններից, որոնք ենթադրում են տեղում իրադրության փոփոխություն, նախապես որոշում են ապագա բանակցությունների արդյունքը կամ ստեղծում են նախապայմաններ, առանց մյուս կողմի համաձայնեցման պահանջում են ձևաչափի միակողմանի փոփոխություն կամ ցույց են տալիս պատրաստակամություն վերսկսելու ռազմական գործողությունները»։
Ինչի՞ մասին է խոսքը
2018 թ. հեղափոխությունից անմիջապես հետո՝ 2018 թվականի մայիսի 9-ին, Նիկոլ Փաշինյանը վարչապետի պաշտոնում Արցախ կատարած առաջին այցի ժամանակ հայտարարել էր, որ լիարժեք չի համարում Արցախյան հակամարտության գործող բանակցային ֆորմատը (Հայաստան-Ադրբեջան՝ ԵԱՀԿ ՄԽ միջնորդությամբ), քանի դեռ դրան չի մասնակցում «հակամարտության լիարժեք կողմերից մեկը՝ Արցախի ղեկավարությունը»։
ԵԱՀԿ ՄԽ հիշյալ հայտարարությունն այն ժամանակ մեկնաբանվել էր որպես հստակ ուղերձ Հայաստանի իշխանություններին, որ միջնորդները նպատակահարմար չեն գտնում բանակցային ձևաչափի փոփոխությունը։
Այդ հայտարարությունից հետո, սակայն, Նիկոլ Փաշինյանը, ի հեճուկս Էդուարդ Շարմազանովի պնդումների, առիթ ունեցել է կրկին խոսելու բանակցային գործընթաց Արցախի վերադարձի մասին, ընդ որում՝ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հայտարարությունից անմիջապես հետո՝ 2019 թվականի մարտի 12-ին։ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի և Արցախի Անվտանգության խորհուրդների առաջին համատեղ նիստում, մասնավորապես, հայտարարել էր հետևյալը․ «Ուզում եմ ընդգծել, որ խորհրդարանական ընտրությունների արդյունքում «Իմ քայլը» դաշինքը Հայաստանի ժողովրդից ուժեղ մանդատ է ստացել Արցախի Հանրապետության սուբյեկտության մակարդակը բարձրացնելու և Արցախյան հիմնահարցի կարգավորման բանակցային գործընթացում Արցախի՝ որպես հակամարտության հիմնական կողմի ներգրավվածությանն ուղղված քայլեր անելու համար»։
Այս հայտարարությունից մի քանի օր անց տեղի ունեցած ասուլիսի ժամանակ էլ Նիկոլ Փաշինյանը, պատասխանելով լրագրողների՝ բանակցային գործընթաց Արցախի վերադառնալու մասին հարցին, հստակեցրել էր, որ «դա բանակցային ֆորմատի փոփոխության առաջարկ չէ, դա բանակցային ֆորմատի վերականգնման առաջարկ է»՝ նկատի ունենալով, որ Արցախը հակամարտության հենց ամենասկզբից ներգրավված է եղել բանակցային գործընթացին։
Ի դեպ, Փաշինյանը Արցախի՝ բանակցությունների սեղան վերադառնալու մասին հայտարարել է նաև Շարմազանովի հայտարարությունների առիթ հանդիսացած՝ մայիսի 16-ի առցանց ասուլիսի ժամանակ։ «Ես էլի ասում եմ, որ Արցախը պետք ա վերադառնա բանակցային սեղանի շուրջ, առանց Արցախի ժողովրդի և իշխանության հնարավոր չէ, բացառված է Արցախի հարցի որևէ լուծում, այսինքն դա օբյեկտիվ իրականություն ա»,- մասնավորապես, ասել է Փաշինյանը։
Այսինքն՝ Շարմազանովի հայտարարությունը, թե ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունից հետո «Փաշինյանը էլ բան չասաց», չի համապատասխանում իրականությանը։
Նորից Վիեննայի, Սանկտ Պետերբուրգի և Ժնևի մասին
Էդուարդ Շարմազանովը «5-րդ ալիքի» եթերում հայտարարել է նաև, թե Նիկոլ Փաշինյանը պատմության գիրկն է ուղարկել նախորդ իշխանությունների լավագույն «ժառանգություններից մեկը»։
«2018 թվականի սեպտեմբերին նա բարեհաջող պատմության գիրկն ուղարկեց նախորդ իշխանությունների լավագույն ժառանգություններից մեկը՝ Սանկտ Պետերբուրգի, Վիեննայի, Ժնևայի պայմանավորվածությունները, որոնք ակնհայտորեն ձեռնտու էին հայկական կողմերին և ձեռնտու չէին Ադրբեջանին: Դրա փոխարեն գաղտնի պայմանավորվեց Դուշանբեում Ալիևի հետ, որի արդյունքում մենք Նախիջևանի հատվածում տարածքներ կորցրինք»,- մասնավորապես, հայտարարել էր ՀՀԿ ԳՄ անդամը։
Ուշագրավ է, սակայն, որ Շարմազանովն առաջին անգամը չէ, որ անում է նման հայտարարություն։ Դեռ 2019 թվականի դեկտեմբերին «Փաստերի ստուգման հարթակը» անդրադարձ էր կատարել Շարմազանովի ֆեյսբուքյան գրառմանը, որում նա նշել էր, թե «Հայաստանը հրաժարվել է Սանկտ Պետերբուրգի և Վիեննայի օրակարգերից»։
Ինչի՞ մասին է խոսքը
2016 թվականի ապրիլյան պատերազմից հետո ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ մայիսի 16-ին Վիեննայում կայացել էր Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը, որի ընթացքում կողմերի միջև ձեռք էր բերվել 1994 և 1995 թվականների զինադադարի պայմանագրերի անշեղորեն կիրառումը մշտադիտարկելու, միջադեպերի հետաքննության մեխանիզմ ներդնելու և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի թիմի կարողություններն ավելացնելու պայմանավորվածություն։ Դրանից հետո՝ արդեն հունիսի 20-ին, Սանկտ Պետերբուրգում ՌԴ նախագահի նախաձեռնությամբ տեղի ունեցած եռակողմ՝ ՀՀ, Ռուսաստան և Ադրբեջան հանդիպման արդյունքում ընդունվել էր հայտարարություն, որում, թեև վերահաստատվում էին Վիեննայում ձեռք բերված պայմանավորվածությունները, այնուամենայնիվ, խոսք էր գնում միայն հակամարտության գոտում միջազգային դիտորդների թվաքանակն ավելացնելու մասին։
Իսկ ահա ՀՀ և Ադրբեջանի նախագահների հաջորդ՝ 2017 թվականի հոկտեմբերի 16-ին Ժնևում տեղի ունեցած հանդիպման վերաբերյալ պաշտոնական հաղորդագրություններում ընդհանրապես չէին եղել հիշատակումներ Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի հայտարարությունների մասին։
Թեզը, որ Հայաստանը հրաժարվել է Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածություններից, ըստ էության, սկսել է շրջանառվել այն ժամանակ, երբ 2018 թվականի սեպտեմբերին Դուշանբեում Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի միջև ձեռք էր բերվել «սահմանին լարվածությունն իջեցնելու» և օպերատիվ կապ ունենալու շուրջ պայմանավորվածություն, ինչից հետո շփման գծում լարվածությունը, իրոք, նվազել էր։
Հայաստանի իշխանությունները, սակայն, այնուամենայնիվ չեն հրաժարվել Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի համաձայնություններից, ինչպես դա պնդում է Շարմազանովը։ Մասնավորապես, 2019 թվականի դեկտեմբերի 5-ին Բրատիսլավայում տեղի ունեցած ԵԱՀԿ նախարարական խորհրդաժողովում, արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը հայտարարել էր, որ բանակցային գործընթացի արդյունավետության տեսանկյունից կարևորվում է Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունների կյանքի կոչումը՝ միջադեպերի հետաքննության մեխանիզմների ստեղծումն ու ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի գրասենյակի կարողությունների ընդլայնումը։
Մնացականյանը Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի մասին խոսել է նաև Բրատիսլավայից առաջ՝ 2019-ի հունվարի 28-ին Եռաբլուրում, երբ լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ նշել էր, որ Դուշանբեի պայմանավորվածությունը միացել է Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածություններին, իսկ ապրիլի 2-ին «Ազատության» և «Սիվիլնեթի» հետ զրույցում վերահաստատել էր, որ Հայաստանը չի հրաժարվել այդ պայմանավորվածություններից․ «Վիեննան և Սանկտ Պետերբուրգը իրենց մեջ պարունակում են հստակ գործառույթներ, որոնք վերաբերում են էսկալացիայի ռիսկերի նվազեցմանը: Մենք կարո՞ղ ենք հրաժարվել դրանից, ինչու՞»։
Իսկ թե ի՞նչ տարածքների մասին է խոսում Էդուարդ Շարմազանովը Նախիջևանի հատվածում և ինչ կապ ունի դա Դուշանբեի պայմանավորվածությունների հետ՝ թերևս պետք է գուշակել։ Նշենք միայն, որ Նախիջևանի հատվածում ադրբեջանական առաջխաղացման մասին սկսել էր խոսվել դեռ 2018 թվականի հունիսից, երբ նախ սրվել էր իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանի Նախիջևանի հատվածում, ապա ադրբեջանական կողմը հայտարարել էր, իբր, տարածքային ձեռքբերումների մասին։ Ի պատասխան, հայկական կողմից պնդել էին, որ Ադրբեջանը դիրքային տեղաշարժեր արել է, բայց չեզոք գոտում։ Իրավիճակին հանրությանն ավելի լավ իրազեկելու համար Պաշտպանության նախարարությունը նույնիսկ լրագրողների հատուկ այց էր կազմակերպել դեպի սահմանի այդ հատվածը։
2019 թվականի դեկտեմբերի սկզբին Նախիջևանի ուղղությամբ մայիս-հունիս ամիսներին Ադրբեջանի դիրքային առաջխաղացման մասին պնդել էր նաև ԱԱԾ նախկին ղեկավար Դավիթ Շահնազարյանը, իսկ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերի 19-ին հայտարարել էր, որ հայկական ուժերը շարունակում են վերահսկողություն իրականացնել Նախիջևանի այն հատվածների վրա, որոնց վրա վերահսկողություն ունեին մինչև ադրբեջանական վերադասավորումները։
Վահե Ղուկասյան