Արցախի ընտրություններում դիտորդություն իրականացրած «Իրավական կրթություն և վերահսկողություն» հասարակական կազմակերպության ղեկավար, Ազգային ժողովի նախկին փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանն ապրիլի 15-ին «Երկիր մեդիայի» եթերում հայտարարել էր, որ մտահոգիչ է համարում Վրաստանի, Մոլդովայի և Ուկրաինայի հայտարարություններն Արցախում կայացած ընտրությունների վերաբերյալ:
Հանրապետական կուսակցության նախկին անդամը, մասնավորապես, նշել էր. «Այս հայտարարությունների մեջ առհասարակ Մինսկի խմբի հիշատակում չկա, այս մասին պետությունը պետք է մտածի՝ հաշվի առնելով այս պետությունների ղեկավարների հետ ջերմ հարաբերությունների հիշատակման ամենամյա, ամենօրյա, ամենժամյա պրակտիկան»։
Մեկ այլ նախկին հանրապետական պատգամավոր Կարեն Բեքարյանն էլ «Արմնյուզի» եթերում պնդել էր, թե Հայաստանի իշխանությունները կանխարգելիչ գործողություններ չեն ձեռնարկել՝ խուսափելու միջազգային ոչ հայանպաստ արձագանքից։
Հիշեցնենք, որ մարտի 31-ին և ապրիլի 14-ին (երկրորդ փուլ) Արցախում տեղի ունեցան նախագահական և խորհրդարանական ընտրություններ:
Միջազգային արձագանքն Արցախի 2020 թ. համապետական ընտրություններին
Ապրիլի 1-ին ընտրությունների վերաբերյալ համատեղ հայտարարությամբ հանդես եկան ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները՝ նշելով, որ չեն ճանաչում ընտրությունները. «Համանախագահները նշում են, որ Լեռնային Ղարաբաղը եռանախագահող երկրների կամ որևէ այլ պետության կողմից չի ճանաչվում որպես անկախ և ինքնիշխան պետություն: Համապատասխանաբար, համանախագահները չեն ընդունում, որ այս «ընտրությունների» արդյունքները կազդեն Լեռնային Ղարաբաղի իրավական կարգավիճակի վրա, և շեշտում են, որ արդյունքները ոչ մի կերպ չեն կանխորոշում Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակը կամ ԼՂ հակամարտության տևական և խաղաղ կարգավորմանն ուղղված ընթացիկ բանակցությունների ելքը»:
Մինսկի խմբի հայտարարությունը հաստատող և աջակցող հայտարարությամբ է հանդես եկել նաև ԵՄ-ն:
Վրաստանը և Ուկրաինան նույնպես հայտարարեցին, որ չեն ճանաչում Արցախում կայացած ընտրությունները:
Վրաստանի ԱԳՆ-ն, մասնավորապես, հայտարարություն տարածեց՝ կրկնելով նախորդ տարիներին ունեցած դիրքորոշումը։ «Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը վերահաստատում է իր աջակցությունն Ադրբեջանի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը և չի ճանաչում, այսպես կոչված, խորհրդարանական և նախագահական ընտրությունները, որ Լեռնային Ղարաբաղում անցկացվեցին մարտի 31-ին»,- նշված է Վրաստանի ԱԳՆ-ի հայտարարությունում:
Ուկրաինայի ԱԳՆ-ի հայտարարությունը նույնպես անակնկալ չէր պարունակում.
«Ուկրաինայի ԱԳՆ-ն դատապարտում է, այսպես կոչված, նախագահական և խորհրդարանական ընտրությունները, որոնք իրականացվել են մարտի 31-ին Լեռնային Ղարաբաղում՝ Ադրբեջանի տարածքում: Այս կեղծ ընտրությունների արդյունքները չունեն օրինական հետևանքներ և հակասում են միջազգային իրավունքի նորմերին և սկզբունքներին: Ուկրաինան ևս մեկ անգամ արտահայտում է իր աջակցությունն Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը՝ միջազգայնորեն ճանաչված սահմաններում, և կողմ է ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանը»,- ասված է մարտի 31-ին տարածված հայտարարությունում:
Մոլդովան Արցախում կայացած ընտրություններն անօրինական համարեց: Այդ երկրի ԱԳՆ տարածած հայտարարության մեջ ասվում է, որ նախագահական և խորհրդարանական ընտրությունները հակասում են Հելսինկիի եզրափակիչ ակտում ամրագրված միջազգային իրավունքին ու նորմերին և ՄԱԿ-ի կանոնադրությանը:
Թուրքիայում Կանադայի դեսպանությունը նույնպես հանդես եկավ դատապարտող հայտարարությամբ. «Կանադան աջակցում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը և չի ճանաչում, այսպես կոչված, ընտրությունները, որոնք տեղի են ունեցել Լեռնային Ղարաբաղում մարտի 31-ին։ Այդպիսի «ընտրությունները» վտանգում են, այդ թվում, ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերը` հասնելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման»,- ասված է գրառման մեջ։
«Փաստերի ստուգման հարթակը» որոշեց ուսումնասիրել Արցախում նախկինում կայացած ընտրությունների վերաբերյալ միջազգային հանրության արձագանքը՝ պարզելու, թե արդյո՞ք այդ կառույցների կամ երկրների հռետորաբանությունը փոխվել է: Հաշվի առնելով այն փաստը, որ Ադրբեջանի և Թուրքիայի դիրքորոշումը հակամարտության հանդեպ ակներև է, այդ երկրների հայտարարությունները չենք ներառել մեր ուսումնասիրությունում։
2012 թվականի նախագահական ընտրություններ
2012 թվականի հուլիսի 19-ին Արցախի Հանրապետությունում տեղի ունեցան նախագահական ընտրություններ: Ընտրություններին տեղում հետևել էին միջազգային դիտորդներ տարբեր երկրներից, այդ թվում՝ Կանադայից, Ուրուգվայից, Ռուսաստանից և այլն:
Այնուամենայնիվ, բազմաթիվ երկրներ դատապարտել էին այս ընտրությունները, այդ թվում՝ Ռուսաստանը, Կանադան, Վրաստանը և այլն:
Եվրամիության արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Քեթրին Էշթոնը ԼՂՀ նախագահական ընտրությունների նախօրեին հայտարարություն էր տարածել: Նա, մասնավորապես, նշել էր, որ չի ճանաչում սահմանադրական և իրավական շրջանակները, որոնց ներքո տեղի են ունենալու ընտրությունները. «Ես վերահաստատում եմ Եվրոպական միության աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի և նրա համանախագահների ձեռնարկած ջանքերին` ուղղված Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ լուծմանը: Կողմերին կոչ եմ անում առավել մեծ ջանքեր գործադրել հակամարտության խաղաղ բանակցային կարգավորման ուղղությամբ` հիմնվելով Մադրիդյան սկզբունքների վրա, որոնք թույլ կտան հաղթահարել ստատուս քվոն: Ես վերահաստատում եմ այս ուղղությամբ աջակցություն ցուցաբերելու ԵՄ-ի պատրաստակամությունը»:
ԵԱՀԿ Մինսկի խումբը նույնպես հայտարարել էր, որ չի ճանաչում ԼՂՀ ընտրությունները. «Սակայն ԵԱՀԿ ՄԽ երեք համանախագահ երկրները, ինչպես և մյուս երկրները, չեն ճանաչում Ղարաբաղը՝ որպես անկախ և ինքնիշխան պետություն: Հուլիսի 19-ի ընթացակարգը ոչ մի կերպ չի կանխորոշում Լեռնային Ղարաբաղի իրավական կարգավիճակը կամ ընթացող բանակցությունների արդյունքները»:
Վրաստանը չէր ճանաչել ընտրությունները: Այդ երկրի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն էր տարածել, որում ասվում էր. «Վրաստանի ԱԳՆ-ն հաստատում է միանշանակ աջակցությունն Ադրբեջանի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը և չի ճանաչում, այսպես կոչված, նախագահական ընտրությունները, որոնք տեղի են ունեցել Լեռնային Ղարաբաղում հուլիսի 19-ին:
Կանադան, Նոր Զելանդիան և Ավստրալիան հայտարարել էին, որ ընտրությունները չեն նպաստում հակամարտության խաղաղ կարգավորմանը, ինչպես նաև իրենց աջակցությունն էին հայտնել ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում բանակցությունների անցկացմանը՝ հանուն խաղաղ կարգավորման:
2015 թվականի խորհրդարանական ընտրությունները
2015 թվականի մայիսի 3-ին Արցախում անցկացվել էին 6-րդ գումարման Ազգային ժողովի ընտրություններ: Դրանց հետևելու էին եկել միջազգային դիտորդներ ԱՄՆ-ից, ԵՄ-ից և այլ երկրներից:
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հանդես էին եկել համատեղ հայտարարությամբ. «Հակամարտության համապարփակ կարգավորման գործում մենք ճանաչում ենք Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դերն իր ապագան որոշելու հարցում: Այդուհանդերձ, մեր երեք երկրներից ոչ մեկը, ինչպես նաև որևէ այլ երկիր Լեռնային Ղարաբաղը չի ճանաչում որպես անկախ և ինքնիշխան պետություն: Համապատասխանաբար, մենք չեն ընդունում այս ընտրությունների արդյունքների ազդեցությունը Լեռնային Ղարաբաղի իրավական կարգավիճակի վրա և շեշտում ենք, որ դրանք որևէ կերպ չեն կանխորոշում Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակը կամ ընթացիկ բանակցությունների արդյունքները, որոնք նպատակ ունեն հասնելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության տևական և խաղաղ կարգավորմանը»:
Ուկրաինան, որի տարածքում Դոնբասի հակամարտությունը համեմատաբար նոր էր սկսվել, չէր ճանաչել ընտրությունները: «Ուկրաինան չի ճանաչում, այսպես կոչված, խորհրդարանական ընտրությունները, որոնք տեղի են ունեցել 2015 թ. մայիսի 3–ին ԼՂ–ում, և դրանք անօրինական է համարում։ Ադրբեջանի օկուպացված տարածքներում անցկացված այդ «ընտրությունների» արդյունքները չեն կարող իրավական հետևանքներ ունենալ»,- նշվում էր Ուկրաինայի ԱԳՆ հաղորդագրության մեջ:
Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը հերթական անգամ հաստատել էր իր աջակցությունն Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը և հայտարարել, որ չի ճանաչում ԼՂՀ-ում իրականացված խորհրդարանական ընտրությունները: Միաժամանակ, նախարարությունը հույս էր հայտնել, որ բոլոր ձևաչափերը կօգտագործվեն հակամարտության խաղաղ կարգավորման համար:
2017 թվականի սահմանադրական փոփոխությունների հանրաքվե
2017 թվականին Արցախում տեղի ունեցավ Սահմանադրական փոփոխությունների հանրաքվե: Մասնակցողների 87 տոկոսը կողմ արտահայտվեց նոր սահմանադրությանը: Արդյունքում՝ ԱՀ կառավարման համակարգը կիսանախագահականից նախագահականի անցում կատարեց:
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հայտարարեցին, որ չեն ճանաչում հանրաքվեն: «…Համանախագահները չեն ընդունում փետրվարի 20-ի հանրաքվեի արդյունքները՝ որպես ԼՂ իրավական կարգավիճակի վրա ազդող հանգամանք։ Համանախագահները նաև ընդգծում են, որ հանրաքվեի արդյունքները ոչ մի կերպ չեն կանխորոշում ԼՂ վերջնական կարգավիճակը կամ ԼՂ հակամարտության երկարատև և խաղաղ կարգավորմանն ուղղված շարունակվող բանակցությունների ելքը»,- նշված էր համանախագահների տարածած հայտարարության մեջ:
Ուկրաինայի ԱԳՆ խոսնակ Մարիան Բեցան, անդրադառնալով հանրաքվեին, հայտարարել էր, որ Ուկրաինան շարունակում է աջակցել Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը և չի ճանաչում անցկացված հանրաքվեն:
«Ուկրաինան չի ճանաչում, այսպես կոչված, սահմանադրական հանրաքվեն, որը տեղի է ունեցել 2017 թվականի փետրվարի 20-ին Ադրբեջանի Հանրապետության Լեռնային Ղարաբաղ շրջանում, և համարում է այն անօրինական: Այն խախտում է Ադրբեջանի սահմանադրությունը և միջազգային օրենքները ու չունի իրավական հետևանք. Ուկրաինայի դիրքորոշումը ԼՂ հակամարտությունում մնում է անփոփոխ և անվերապահորեն աջակցում է Ադրբեջանին տարածքային ամբողջականությունը միջազգայնորեն ճանաչված սահմաններում»,- հայտարարել էր Ուկրաինայի ԱԳՆ խոսնակը:
Վրաստանը ևս չէր ճանաչել հանրաքվեն՝ գրեթե կրկնելով նախորդ տարիներին արված հայտարարությունը:
Այսպիսով, ամփոփելով Արցախում վերջին տարիներին կայացած համապետական ընտրությունների վերաբերյալ տարբեր երկրների և կառույցների հայտարարությունները՝ կարող ենք փաստել, որ դիրքորոշումների ու հռետորաբանության փոփոխություններ հիմնականում չեն գրանցվել: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները բոլոր ընտրությունների դեպքում նշել են, որ թեև կարևորում են ժողովրդավարական գործընթացները, սակայն չեն ճանաչում ընտրությունները, քանի որ Արցախի անկախությունը ճանաչված չէ: Վրաստանը և Ուկրաինան անվերապահորեն աջակցել են Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, քանի որ իրենք նույնպես ներքաշված են նմանատիպ հակամարտություններում: Նրանց հայտարարությունները ևս գրեթե չեն ենթարկվել փոփոխությունների:
Լուսինե Ոսկանյան