Այս տարի ապրիլի 24-ին լրացավ Օսմանյան Թուրքիայում 1915 թվականին իրականացված հայերի ցեղասպանության 105-րդ տարելիցը։ Եվ ինչպես ամեն տարի, այս տարի ևս համացանցի հայկական տիրույթում կրկին շրջանառվում են Ցեղասպանության հետ իբր կապ ունեցող լուսանկարներ և տեսանյութեր, որոնք, սակայն, իրականում որևէ առնչություն չունեն թեմայի հետ։
Ասվածի վառ ապացույցը Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի՝ դաշնամուր նվագելու տեսանյութն է, որը ֆեյսբուքի հայկական տիրույթում այս օրերին բավականին ակտիվ տարածվում է, քանի որ Պուտինը, իբր, նվագում է «Ադանայի ողբը»։
Միայն վերջին օրվա ընթացքում ֆեյսբուքյան տարբեր էջերում տեղադրված այս տեսանյութով կիսվել են տասնյակ հազար օգտատերեր։
Իրականում, սակայն, այս տեսանյութը մոնտաժված է և խեղաթյուրում է իրականությունը, քանի որ բնօրինակում Պուտինն այլ ստեղծագործություն է նվագում։
Այսպես, բնօրինակ տեսանյութը նկարահանվել է 2017 թ․ մայիսի 14-ին, երբ «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» միջազգային ֆորումի շրջանակում աշխատանքային այցով Վլադիմիր Պուտինը մեկնել էր Չինաստան և սպասում էր նախագահ Սի Ցզինպինի հետ հանդիպմանը։
Այդ հանդիպմանը Վլադիմիր Պուտինը ներկայացել էր մի փոքր ավելի վաղ և որոշել սպասումը «լրացնել» դաշնամուր նվագելով։
Մինչ Չինաստանի նախագահի ժամանումը, ՌԴ նախագահը հասցրել էր նվագել «Մոսկովյան պատուհաններ» (Московские окна) և «Քաղաքը ազատ Նևայի վրա» (Город над вольной Невой) ստեղծագործությունները։ Պուտինի՝ դաշնամուր նվագելու տեսանյութը բավականին մեծ տարածում էր ստացել ռուսական և միջազգային մամուլում։
Այսպիսով, փաստենք, որ ֆեյսբուքում լայն տարածում գտած հոլովակը, որում Վլադիմիր Պուտինը, իբր, նվագում է «Ադանայի ողբը», մոնտաժի արդյունք է։
Սա, սակայն, միակ անգամը չէ, երբ սոցիալական ցանցերի հայկական սեգմենտում նման ֆեյք լուրեր են հայտնվում և լայն տարածում գտնում։ Ֆեյք տեղեկությունների նման «բռնկումներ» տեղի էին ունեցել, օրինակ, Սիրիայում Թուրքիայի ռազմական գործողությունների օրերին, Ավստրալիայի հրդեհների ժամանակ կամ բոլորովին վերջերս՝ կարանտինի արդյունքում, իբր, Վենետիկի ջրանցքներում հայտնված կոկորդիլոսի մասին։
Բայց եթե օգտատերերի մեդիագրագիտության ցածր մակարդակի պատճառով տարածվող «վենետիկյան կոկորդիլոսները» կամ Ավստրալիայի հրդեհների կեղծ նկարները չեն կարող մեծ վնաս հասցնել, ապա այս դեպքում գործ ունենք բոլորովին այլ մասշտաբի երևույթի հետ։ Փաստացի, մեդիագրագիտության պակասն այս դեպքում հանգեցրել է նրան, որ այնպիսի զգայուն թեմայով, ինչպիսին է Ցեղասպանությունը, հայկական միջավայրում կարող են տարածվել ակնհայտ կեղծ և անհեթեթ նյութեր։
Սևադա Ղազարյան