Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 24-ին իր ֆեյսբուքյան էջում տեղադրել էր պաշտպանիչ բժշկական դիմակի լուսանկար` Made in Armenia (արտադրված է Հայաստանում) ուղեկցող գրառմամբ:
Ֆեյսբուքի որոշ օգտատերեր, սակայն, կասկածի տակ էին դրել դիմակի՝ Հայաստանում արտադրված լինելը՝ նշելով, որ այդ անունով (Salus) դիմակ արտադրող ընկերություն գործում է Հնդկաստանում։
«Փաստերի ստուգման հարթակը» որոշեց պարզել՝ վարչապետի կողմից ներկայացված բժշկական դիմակն իսկապե՞ս արտադրվում է Հայաստանում, թե՞ ոչ։
Այսպես, դիմակի վրա մակնշված SALUS անվան հետքերով գտանք «ՍԱԼՅՈՒՍ» ՍՊԸ-ն, որի բաժնեմասերի 100 տոկոս սեփականատեր և տնօրեն Ժիրայր Մանդալյանի հետ էլ զրուցեցինք դիմակների արտադրության և այլնի շուրջ։
Պարզվեց, որ իսկապես՝ ընկերությունը Հայաստանում զբաղվում է բժշկական դիմակների և բախիլների արտադրությամբ և գործում է ավելի քան 5 տարի։ Ընկերության տնօրենի խոսքով՝ տարօրինակ է, որ Հայաստանում 5 տարի գործունեություն ծավալող ընկերության մասին նոր են տեղեկանում և դրանից «այսպիսի աղմուկ է բարձրացել»։
Մանդալյանը հերքեց նաև այն տեղեկությունը, թե ընկերությունը հումքը ձեռք է բերում Հնդկաստանից։ «Սկզբնական շրջանում հումքը բերվում էր Չինաստանից, այժմ օգտագործում ենք ռուսական հումքը և մոտ ապագայում այնտեղից հնարավոր չի լինի ներմուծել, և ստիպված կլինենք նոր հումքի աղբյուր գտնել, որը, հավանաբար, կլինի Իրանը»,- հայտնեց Մանդալյանը։
Գործարարը նաև տեղեկացրեց, որ շուկայում իրենց արտադրանքի ինքնարժեքի բարձր լինելու հետևանքով մինչև վերջերս ընկերությունը լուրջ ֆինանսական կորուստներ էր կրում և շուկայում «պարտվում» Չինաստանից ու Թուրքիայից ներմուծված դիմակներին։ «Արդեն մտածում էինք ընկերությունը փակելու և հաստոցը վաճառելու մասին», — ասաց Մանդալյանը։
Եվ չնայած դժվարություններին՝ «Սալյուս» ընկերությունը մատակարարման պայմանագրեր է կնքել մի քանի հայտնի դեղատնային ցանցերի և բժշկական ծառայություններ մատուցող ընկերությունների հետ, ինչպիսիք են «Ալֆա ֆարմը», «Ախուրյանի ծննդատունը» և այլն։
Fip.am-ի հետ զրույցում Մանդալյանը նաև հայտնեց, որ Առողջապահության նախարարության հետ քննարկումների արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել ամբողջ արտադրանքը տրամադրել նախարարությանը։
Արտադրամասն ամբողջ թափով գործում է
«Փաստերի ստուգման հարթակը» նաև այցելեց Զեյթուն վարչական շրջանում գտնվող SALUS դիմակների արտադրամաս և նկարահանումներ իրականացրեց։ Ինքներս ականատես եղանք, թե ինչպես է արտադրական պրոցեսն ընթանում։
Ինչո՞ւ SALUS
Ինչ վերաբերում է SALUS անվանմանը, որը օբյեկտիվորեն կապվում էր հնդկական համանուն ապրանքանիշի հետ, ապա անվանումների համընկնումը բացատրեց Ժիրայր Մանդալյանի կինը։
«Սալուսը առողջության, գեղեցկության և բարեկեցության հին հռոմեական աստվածուհին է, և հինգ տարի առաջ հենց նրա անունն էլ ընտրեցինք որպես ֆիրմայի անվանում։ Բարձրացած աղմուկից հետո հասկացանք, որ այս անվանումն աշխարհում բավական տարածված է»,- ասաց Մանդալյանի կինը՝ հավելելով, որ իրենց համար ևս անակնկալ էր, որ հնդկական համանուն ընկերությունը ևս դիմակներ է արտադրում։
Վերջինս ևս մեկ անգամ հաստատեց, որ իրենց ընկերությունը հնդկական ընկերության հետ որևէ կապ չունի։
Այսպիսով, փաստենք, որ Նիկոլ Փաշինյանի կողմից գովազդված բժշկական դիմակներն ավելի քան 5 տարի է արտադրվում են Հայաստանում, դիմակների արտադրության համար օգտագործվող հումքը բերվել է Չինաստանից և Ռուսաստանից, իսկ ընկերությունը որևէ կապ չունի Հնդկաստանի հետ։
Սևադա Ղազարյան