Հայաստանի նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը փետրվարի 21-ին 168.am-ի «Պրեսինգ» հաղորդման ընթացքում, անդրադառնալով 1990 թվականին Հայաստանի և Վրաստանի տնտեսական ցուցանիշներին, ներկայացրել է մանիպուլյատիվ և ոչ ճշգրիտ տվյալներ։
Բագրատյանը, մասնավորապես, նշել էր, որ 1990 թվականին Հայաստանում մեկ շնչին ընկնող ազգային եկամուտը 15 տոկոսով գերազանցում էր Վրաստանի ցուցանիշը:
Հայաստանի և Վրաստանի տնտեսությունները 90-ականներին
Ուշագրավ է, որ նախկին վարչապետն այս թեմայի մասին խոսելիս երկու տարբեր ցուցանիշների է անդրադառնում:
Հաղորդման ընդհանուր տրամաբանության համատեքստում խոսելով Հայաստանի տնտեսության վիճակի մասին՝ Բագրատյանը հիշատակում է համախառն ներքին արդյունքի ցուցանիշները, մինչդեռ անդրադառնալով 1990 թվականին Հայաստանի և Վրաստանի տնտեսական ցուցանիշներին՝ նախկին վարչապետը հիշատակում է այլ՝ ազգային եկամուտի ցուցանիշները:
1990 թվականին Հայաստանում և Վրաստանում համախառն ազգային եկամուտի մասին տեղեկություններ առկա են Համաշխարհային բանկի՝ 1993 թվականին հրապարակած զեկույցում։ Ըստ այս աղբյուրի՝ համախառն ազգային եկամուտը (ՀԱԵ) 1990-ին Հայաստանում կազմում էր 1952 ռուբլի, Վրաստանում՝ 2004 ռուբլի: Սակայն արդեն 1991 թվականին, ըստ նույն զեկույցի, Հայաստանի ՀԱԵ-ն մոտ 16 տոկոսով գերազանցում էր Վրաստանի ցուցանիշը․ Հայաստանում ՀԱԵ-ն 3156 ռուբլի էր, Վրաստանում՝ 2720 ռուբլի։
Այսինքն, ըստ ամենայնի, Հայաստանի և Վրաստանի համախառն ազգային եկամուտների վերաբերյալ Հրանտ Բագրատյանի հայտարարությունը վերաբերում էր ոչ թե 1990, այլ 1991 թվականին։
Սակայն համախառն ներքին արդյունքը (ՀՆԱ) և համախառն ազգային եկամուտը տարբեր հասկացություններ են։ ՀՆԱ-ն տարվա ընթացքում սպառման, ներդրումների, պետական ծախսերի և զուտ արտահանման գումարն է։ Հենց այս ցուցանիշն է համարվում տնտեսության հիմնական բնութագրիչը։
Իսկ ինչ վերաբերում է երկու երկրների ՀՆԱ ցուցանիշների վերաբերյալ Հրանտ Բագրատյանի պնդումներին, ապա նշենք, որ դրանք հակասում են տարբեր աղբյուրներում առկա տվյալներին։ Այսպես, Միավորված ազգերի կազմակերպության բազայում առկա տվյալները վկայում են, որ 1990-ին Հայաստանի ՀՆԱ-ն չի գերազանցել Վրաստանի ցուցանիշը: 1990 թվականին Հայաստանում մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն 651 ԱՄՆ դոլար էր, Վրաստանում՝ 1614 դոլար: Երկու երկրների համախառն ներքին արդյունքի ցուցանիշները շատ չեն փոխվել նաև 1991-ին:
Աննշան տարբերություններով, սակայն, նույնն են փաստում նաև Համաշխարհային բանկի բազայի տվյալները։ Ըստ դրանց՝ 1990 թվականին Հայաստանում մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն 638 ԱՄՆ դոլար էր, 1991-ին՝ 590 դոլար։ Այս և հաջորդ մի քանի տարիներին Հայաստանում արձանագրված ՀՆԱ ցուցանիշները, ըստ ՀԲ-ի, չեն գերազանցում Վրաստանի ցուցանիշները: 1990 թվականին, օրինակ, Վրաստանում մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ն կազմել է 1614 դոլար:
Ամփոփելով՝ կարող ենք արձանագրել, որ Հրանտ Բագրատյանի կողմից Հայաստանի և Վրաստանի տնտեսությունների վերաբերյալ տվյալները զերծ չեն անճշտություններից ու մանիպուլյացիաներից։
Անի Ավետիսյան